Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարում է, թե Ուկրաինան պատերազմում է նաեւ հետխորհրդային երկրների անկախության համար, այդ թվում նաեւ՝ Հայաստանի։ Ուկրաինայի նախագահին թերեւս չի մնում այլ բան, քան ծանր վիճակում ներկայանալ «ժողովուրդների ազատարարի» կարգավիճակով կամ կերպարով։ Թե ինչպես կվերաբերվեն դրան ժողովուրդները, թող որոշեն իրենք, բայց հայ ժողովրդի վրա պետք չէ «վաճառել» այդ կերպարը։
Ուկրաինան ներկայումս նույնիսկ իր անկախության համար չէ, որ պատերազմում է, ուր մնաց՝ Հայաստանի անկախության համար։ Ուկրաինան ներկայումս պատերազմում է իր ռազմաքաղաքական եւ տնտեսական հովանավորների աշխարհաքաղաքական ծրագրերի, ռազմաարդյունաբերական եկամուտների, ինչպես նաեւ Վոլոդիմիր Զելենսկու եւ նրա մերձավոր շրջապատի անվտանգության ու ֆինանսական շահույթների համար։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի անկախության հարցն ու դրա լուծումները՝ բացառապես Հայաստանի ձեռքում են, կախված են Հայաստանի վերնախավերի եւ հանրության պատրաստվածության աստիճանից, գիտակցության աստիճանից։ Եվ իհարկե խիստ ցանկալի է, որ այդ աստիճանն ու որակները լինեն այնպիսին, որ Հայաստանն առհասարակ ստիպված չլինի իր անկախությունն ապահովել կամ սպասարկել պատերազմի միջոցով, թեեւ դրա համար իհարկե չափազանց կարեւոր եւ առաջնային պայմաններից մեկը հենց պատերազմին միշտ պատրաստ լինելն է։ Մյուս կարեւորագույն պայմանն ու գրավականը՝ ուժային կենտրոնների պատերազմի կամ դիմակայության գործիք չդառնալն է։
Ու հենց այստեղ է, որ չափազանց կարեւոր են դառնում վերնախավերի, հատկապես կառավարող վերնախավի որակները, մտածողությունը, աշխարհայացքն ու աշխարհընկալումը, եւ միեւնույն ժամանակ հասարակության գիտակցության բարձր մակարդակը։ Իսկ այդ համատեքստում կարեւորագույն հատկանիշ է նաեւ հասարակական հարաբերությունների որակն ու դրանց ճարտարապետության արժեքային կառուցվածքը, բաղադրությունը։ Եթե որեւէ երկրում իշխանության քաղաքական դիրքը պահելու համար խաղադրույք է կատարվում հասարակական բեւեռացվածությունը, հանրային տարբեր շերտերի միջեւ անհանդուրժողությունը՝ այն էլ ծայրահեղ անհանդուրժողությունը խորացնելու վրա, ապա այդ պետությունը չի կարող մտածել իրական անկախության մասին։ Ընդ որում՝ այս դեպքում է նաեւ, որ արտաքին ցանկացած դերակատար կհավակնի Հայաստանի հանրության վրա «ազատարարի կերպար» վաճառելու։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































