Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք կողմ, մեկ ճանապարհ, տարբեր նպատակներ

Սեպտեմբեր 17,2026 12:00 Share

Ի՞նչ է թաքնված TRIPP-ի շուրջ

Սկիզբը՝ այստեղ։

Երեւանի հնարավորություններն ու գլխավոր սպառնալիքները

TRIPP-ն աստիճանաբար դուրս է գալիս տնտեսական եւ ենթակառուցվածքային օրակարգի սահմաններից եւ վերածվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների առանցքային քաղաքական հանգույցի։ Եթե նախորդ փուլերում հիմնական հարցն այն էր, թե արդյոք «Թրամփի ուղին» գաղափարից գործնական իրականացման փուլի կհասնի, ապա այժմ օրակարգում արդեն մեկ այլ՝ ավելի բարդ հարց է՝ ի՞նչ պայմաններով է այն իրականացվելու, եւ Հայաստանն ինչ քաղաքական գին կարող է վճարել։

Երեւանի պաշտոնական դիրքորոշումից պարզ է, որ իշխանությունը TRIPP-ը դիտարկում է նախեւառաջ որպես Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային կապերի ընդլայնման հնարավորություն։

Սեպտեմբերի սկզբին Բիշքեկում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հենց նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման եւ զարգացման գործում, քննարկվել են դրա իրականացման ընթացքն ու առաջիկա ծրագրերը։ Միաժամանակ կարեւորվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը։

Այս մոտեցումը լրացվում է մեկ այլ կարեւոր սկզբունքով. TRIPP-ի շրջանակում երրորդ երկրների մասնակցությունը պետք է որոշվի Հայաստանի եւ ԱՄՆ-ի համաձայնությամբ։ Փաշինյանը հայտնել է, թե տարբեր երկրներ հետաքրքրված են նախագծով, սակայն Երեւանը ցանկանում է տեսնել կոնկրետ ներդրումային առաջարկներ եւ ընտրել լավագույնը, քանի որ ներդրումային ծավալը մեծ է, բայց անսահմանափակ չէ։

Այսինքն, պաշտոնական Երեւանը փորձում է TRIPP-ը ներկայացնել ոչ թե որպես Հայաստանի տարածքով Ադրբեջանի համար առանձնացված ճանապարհ, այլ որպես միջազգային ներդրումային եւ հաղորդակցական նախագիծ, որի տնտեսական շահառուն պետք է լինի նաեւ Հայաստանը։ Դրանով է պայմանավորված նաեւ այն, որ քննարկվել է Ղազախստանի եւ այլ երկրների հնարավոր մասնակցությունը։

Օգոստոսի վերջին Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցից մի քանի օր անց Փաշինյանը հաստատել էր՝ Աստանայի հետ քննարկում է եղել TRIPP նախագծին Ղազախստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Առանց փակագծերը բացելու Փաշինյանը հիշեցրել էր, որ երրորդ երկրների մասնակցության համար Երեւանից բացի, անհրաժեշտ է նաեւ Վաշինգտոնի համաձայնությունը:

TRIPP-ի հայկական կողմի համար կարեւորագույն առավելություններից մեկը կարող էր դառնալ Հայաստանի՝ տարածաշրջանային արեւելք-արեւմուտք հաղորդակցության համակարգում իր դիրքի վերականգնումը։ Իշխանությունը պնդում է, որ գործող ռուսական կոնցեսիոն պայմանագիրը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ արեւմտյան երկրները չեն ցանկանում Ռուսաստանի հետ առնչվող ենթակառուցվածքից օգտվել։ Երեւանը փորձում է լուծել հայկական երկաթուղիների կառավարման հարցը՝ այն փոխանցելով Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ կողմի։ Սակայն Մոսկվան դեմ է այդ մոտեցմանը եւ պնդում է իր ներդրումների փոխհատուցման հարցը։

Այս հանգամանքը TRIPP-ին հաղորդակցային նախագծից վերածում է նաեւ աշխարհաքաղաքական վերադասավորման գործոնի։ Հայաստանի իշխանության տրամաբանությամբ՝ եթե երկիրը ցանկանում է դառնալ տարածաշրջանային տարանցիկ հանգույց, ապա դրա ենթակառուցվածքները պետք է հասանելի լինեն նաեւ արեւմտյան գործընկերներին։

Հետեւաբար, TRIPP-ը կարող է դիտարկվել որպես Հայաստանի՝ ռուսական տրանսպորտային կախվածությունից աստիճանաբար դուրս գալու ավելի լայն գործընթացի բաղադրիչ։

Սակայն այստեղ էլ առաջանում են հնարավոր ռիսկերը։

Առաջինը հաղորդակցության իրավական եւ գործնական ռեժիմն է։ Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս արագ ապահովել իր կապը Նախիջեւանի հետ, մինչդեռ Հայաստանի համար կարեւոր է, որ այդ կապը չվերածվի Հայաստանի տարածքում արտատարածքային կամ Հայաստանի իրավազորությունից դուրս գործող միջանցքի։ TRIPP-ի շուրջ ՀՀ իշխանությունների հրապարակային դիրքորոշումները շեշտադրում են Հայաստանի ինքնիշխանությունը, սակայն հետագա գործնական պայմանները կարող են ավելի կարեւոր լինել, քան քաղաքական ձեւակերպումները։

Երկրորդ խնդիրը փոխադարձությունն է։ Վաղուց է քննարկվում հարցը, որ եթե Ադրբեջանը Հայաստանի տարածքով ստանում է անխոչընդոտ կապ Նախիջեւանի հետ, արդյոք նույն տրամաբանությամբ կբացվի՞ Ադրբեջանի տարածքը հայկական բեռների եւ քաղաքացիների համար։ Բիշքեկում Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումից հետո հաղորդվեց TRIPP-ի իրականացման հետագա գործնական քայլերի քննարկման մասին, սակայն կոնկրետ մեխանիզմների վերաբերյալ մանրամասներ չհրապարակվեցին։

Երրորդ ռիսկը այն է, որ ճանապարհի տնտեսական տրամաբանությունը կարող է առաջ անցնել քաղաքական կարգավորումից։ TRIPP-ի իրականացումը կարող է շահավետ լինել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, բայց դա ինքնին չի լուծում երկու երկրների միջեւ մնացած քաղաքական խնդիրները։ Ընդհակառակը՝ եթե հաղորդակցությունների հարցը առաջ է շարժվում, իսկ սահմանազատման, խաղաղության պայմանագրի եւ այլ հարցերում պահպանվում են տարաձայնությունները, ապա նախագիծը կարող է դառնալ ոչ միայն համագործակցության, այլեւ բանակցային նոր ճնշումների գործիք։

 

Բաքվի օրակարգում TRIPP-ը եւ խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են

Ադրբեջանի դիրքորոշումը հատկապես ուշագրավ է նրանով, որ Բաքուն միաժամանակ աջակցում է TRIPP-ի արագ իրականացմանը եւ շարունակում է Հայաստանից պահանջել քաղաքական քայլեր։ Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, որ Բաքուն հետեւում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին եւ իր դիրքորոշումը չի փոխել։ Ադրբեջանի համար Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը շարունակում է մնալ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։

Սա նշանակում է, որ Բաքվի օրակարգում TRIPP-ը եւ խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են։ Հայաստանի համար TRIPP-ը կարող է դառնալ խաղաղության տնտեսական հիմքը, մինչդեռ Ադրբեջանը փորձում է խաղաղության քաղաքական վերջնական պայմանների հարցը կապել Հայաստանի ներքին սահմանադրական գործընթացի հետ։

ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը կներկայացվի առաջիկա ամիսներին, իսկ Փաշինյանը Ազգային ժողովում արդեն նշել է, որ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրությունում չպետք է լինի։ Միաժամանակ Բաքուն հայտարարում է, որ հետեւում է այդ գործընթացին եւ սպասում է դրա արդյունքին։

Այսպիսով, Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր կապը Նախիջեւանի հետ, իսկ դրա դիմաց կամ դրան զուգահեռ շարունակում է առաջ մղել այնպիսի պահանջներ, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին իրավական եւ սահմանադրական համակարգին։ Սա էական տարբերություն է. եթե ճանապարհի տնտեսական օգուտը պետք է լինի փոխադարձ, ապա Սահմանադրության փոփոխության քաղաքական հետեւանքները Հայաստանի ներքին որոշումների տիրույթում են։

Բաքվի համար կարեւոր է նաեւ սահմանազատման գործընթացը։ Բայրամովը հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից։ Միաժամանակ նա նշել է, որ կոնկրետ բնակավայրերի եւ այլ վիճահարույց հարցերի վերաբերյալ որոշումները կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի շրջանակում։

Այս գործընթացի կապը TRIPP-ի հետ ուղղակի չէ, բայց քաղաքական առումով այն էական է։ Հայաստանի տարածքով նոր հաղորդակցության ստեղծումը ենթադրում է ոչ միայն ճանապարհ, այլեւ այն տարածքային եւ իրավական միջավայրը, որտեղ այդ ճանապարհը գործելու է։

 

«Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը միմյանց կապելու ամերիկյան նոր ռազմավարությունն ավելի հստակ է դառնում»

 

Այս ամբողջ համատեքստում Միացյալ Նահանգների դերը առանձնահատուկ է։ Վաշինգտոնը TRIPP-ը ներկայացնում է որպես խաղաղության, տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային փոխկապակցվածության գործիք։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը փորձում է պահպանել Երեւանի եւ Բաքվի հետ աշխատելու հնարավորությունը՝ չստանձնելով կողմերից մեկի պահանջների անվերապահ պաշտպանությունը։

Դրա վկայությունն էր ինչպես Սյունիքում ամերիկյան պաշտոնյաների ակտիվությունը, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ վերջին շփումները։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի՝ Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել են խաղաղության գործընթացը եւ TRIPP-ի իրականացումը, այդ թվում՝ նախագծի զարգացման ընկերության ստեղծումը։

Բաքուն, իր հերթին, փորձում է ընդգծել, որ TRIPP-ի իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է։ Բայրամովի ձեւակերպմամբ՝ ամերիկյան գործընկերներն Ադրբեջանին կանոնավոր կերպով տեղեկացնում են նախագծի ընթացքի մասին, իսկ ֆիզիկական աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է 2027 թվական։ Նա միաժամանակ հայտարարել է, որ որքան շուտ նախագիծն իրականացվի, այնքան լավ, եւ այն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Հայաստանին ու տարածաշրջանի մյուս պետություններին։

Բաքուն փաստացի ընդունում է, որ TRIPP-ը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հիմնական բանակցությունների առարկան է, սակայն միաժամանակ պնդում է, որ իր մասնակցությունն անխուսափելի է։ Այսպիսով, Ադրբեջանը փորձում է պահպանել ազդեցության լծակը նախագծի նկատմամբ։

Միաժամանակ ԱՄՆ-ի համար TRIPP-ը կարող է ունենալ ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակություն։ Սենատոր Սթիվ Դեյնզի գնահատմամբ՝ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը միմյանց կապելու ամերիկյան նոր ռազմավարությունը գնալով ավելի հստակ է դառնում, իսկ դրա հիմքում առեւտրի վրա հիմնված գործընկերության խթանումն է։

Սա նշանակում է, որ TRIPP-ը պետք է դիտարկել ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, այլեւ ավելի լայն տարածաշրջանային մրցակցության համատեքստում։ Հայաստանի համար սա հնարավորություն է՝ դառնալ Կենտրոնական Ասիան եւ Եվրոպան կապող նոր հաղորդակցությունների մաս, սակայն նույն պատճառով էլ նախագիծը հայտնվում է տարբեր ուժերի շահերի բախման կիզակետում։

 

TRIPP-ի իրական գինը որոշվելու է ոչ թե ճանապարհի, այլ պայմանների շուրջ

Եթե առաջին փուլում հիմնական հարցն այն էր, թե արդյոք TRIPP-ը կդառնա իրականություն, ապա այսօր ավելի կարեւոր է հասկանալ՝ ինչպիսի TRIPP է ձեւավորվելու։

Նախագծի շուրջ ձեւավորվում է միաժամանակ երեք տարբեր շահերի համակարգ։ ԱՄՆ-ը TRIPP-ը դիտարկում է որպես տարածաշրջանային տնտեսական կապերի եւ իր ռազմավարական ներկայության ամրապնդման միջոց, Ադրբեջանը՝ որպես Նախիջեւանի հետ կայուն եւ արդյունավետ կապի լուծում, իսկ Հայաստանը փորձում է այն վերածել սեփական հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տնտեսական զարգացման հնարավորության։

Այս երեք նպատակները կարող են համատեղվել, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանի համար ապահովվեն հստակ իրավական եւ քաղաքական երաշխիքներ։ Հայաստանի գլխավոր շահը պետք է լինի ոչ միայն այն, որ ճանապարհը անցնի իր տարածքով, այլ այն, որ այդ ճանապարհը գործի բացառապես Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության պայմաններում, ապահովի իրական փոխադարձություն եւ Հայաստանին տա տնտեսական այնպիսի առավելություններ, որոնք երկարաժամկետ կտրվածքով կգերազանցեն հնարավոր քաղաքական եւ անվտանգության սպառնալիքները։

Միաժամանակ պետք է հաշվի առնել Բաքվի պահվածքը։ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները վկայում են, որ TRIPP-ի արագ իրականացումը նրա համար առաջնահերթություն է, սակայն խաղաղության պայմանագրի հարցում Բաքուն հետ չի կանգնում Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջից։ Այսինքն, Ադրբեջանը շարունակում է պահպանել իր կոշտ դիրքորոշումը։

Բաքվի հերթական պահանջը Հայասատանի նկատմամբ ազդարարվեց օրերս։ «Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի որպես «Միջին միջանցքի» նոր երթուղի», նշել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում՝ Հայաստանի սահմանի ուղղությամբ, ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75 տոկոսով։ Նրա խոսքով՝ երկու նախագծերի ավարտը նախատեսված է 2027-ին, Նախիջեւանում էլ սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ «Թուրքիա-Նախիջեւան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա Զանգեզուրի միջանցքի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ։ Թեեւ սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքն իրականացվելու է Ադրբեջանից։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2027-ին։ Այս նախագծի ավարտը կարեւոր նշանակություն ունի։ Պայմաններ կստեղծվեն Եվրոպայից Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով հաղորդակցություն ապահովելու համար», ասել է Ջեյհուն Բայրամովը։

Հետեւաբար, Հայաստանի համար TRIPP-ը ինքնաբերաբար չի ենթադրում խաղաղության հաստատում, քանի որ այն կարող է նաեւ վերածվել բանակցային լրացուցիչ ճնշման աղբյուրների, եթե Բաքուն հաղորդակցության գործարկումը կապում է քաղաքական նախապայմանների հետ։

Այսպիսով, Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրը ոչ թե TRIPP-ին պարզապես համաձայնելն է, այլ դրա պայմանների հստակ ձեւավորումը։ Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ամերիկյան շահագրգռվածությունը վերածել սեփական երկարաժամկետ շահերի պաշտպանության գործիքի։

Ի վերջո, TRIPP-ի հաջողությունը որոշվելու է ոչ թե նրանով, թե ով է կառուցում ճանապարհը, այլ նրանով, թե ինչ իրավական ռեժիմով է այն գործելու, ինչ է ստանալու Հայաստանը, ինչ է ստանալու Ադրբեջանը, ինչ երաշխիքներ է տալու ԱՄՆ-ը, եւ արդյոք այդ ամենը կարող է վերածվել կայուն խաղաղության քաղաքական հիմքի։

Այս իմաստով, TRIPP-ը Հայաստանի համար միաժամանակ ե՛ւ հնարավորություն է, ե՛ւ որոշակի սպառնալիք։ Հնարավորություն՝ դուրս գալու տարածաշրջանային մեկուսացումից, ներգրավելու նոր ներդրումներ եւ վերածվելու հաղորդակցության հանգույցի։ Սպառնալիք՝ եթե տնտեսական նախագիծն աստիճանաբար վերածվի քաղաքական զիջումների շղթայի, որի վերջնական գինը Հայաստանի համար նախապես հստակեցված չէ։

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.09.26

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել