Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Չախալյան. «Այս օրերին ես տեսա շատ մարդկային ջերմություն, համերաշխություն և արժանապատվություն»

Սեպտեմբեր 04,2026 23:14 Share

Երեկ կալանքից ազատված «18 արդարների» գործով դատվող, «Միասնական Ջավախք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանի ՖԲ գրառումը

Տասներեք տարի անց ես կրկին զգում եմ ազատության մեջ հայտնվելու բերկրանքը և ինչպես տասներեք տարի առաջ, այսօր էլ ես իմ առաջին խոսքը սկսում եմ նույն բառով՝ շնորհակալություն։

Խոսք երախտիքի

Ազատության մեջ լինելու առաջին զգացումներիցս մեկը երախտագիտությունն է։ Անսահման երախտագիտությունն առ Աստված և բարի մարդկանց։

Տարիներ առաջ էլ, անազատությունից հետո, ազատության մեջ հայտնվելուց իմ առաջին խոսքը եղել է շնորհակալությունը։ Այսօր կրկին ուզում եմ սկսել հենց այդ բառից՝ շնորհակալություն։ Ողղակի պարզ, մարդկային շնորհակալություն։

Այս դժվարին օրերին ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ ամենածանր պահին մարդու համար մեծ ուժ է իմանալը, որ ինքը մենակ չէ։

Իմ ձերբակալությունն ու կալանավորումը ես պայմանավորում եմ նախ և առաջ այս ազգադավ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավի համատեքստում։ Ես հայտնվեցի անազատության մեջ այս հակաեկեղեցական և ապազգային իշխանությունների վախերի և դավերի արդյունքում՝ մտացածին մեղադրանքով, այն ընթացքում, երբ իմ ձայնն էի բարձրացնում և իմ դիրքորոշմամբ պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա շահերը։ Այս մասին դեռ առիթ կունենամ հանգամանորեն խոսելու և ոչ միայն խոսելու։

Այսօր, սակայն, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալության խոսք ասել։

Նախ և առաջ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր այս ընթացքում հետևեցին տեղի ունեցողին, բարձրաձայնեցին, հարցեր տվեցին և իրենց մասնագիտական աշխատանքով թույլ չտվեցին, որ կատարված անարդարությունը և քաղաքական հալածանքների անփառունակ շքերթը մնա լռության մեջ։

Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, ծանոթներին և այն բազմաթիվ մարդկանց, որոնցից շատերին գուցե անձամբ չեմ էլ ճանաչում, բայց ովքեր այս օրերին իրենց խոսքով, զանգով, գրառումով կամ պարզապես ներկայությամբ զորավիգ եղան ինձ և ընտանիքիս, եղան մեր կողքին։

Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում, երբ ես հնարավորություն չունեի ֆիզիկապես լինել ընտանիքիս կողքին, հետաքրքրվել են նրանցով, աջակցել, ուժ տվել և օգնել հաղթահարելու այս ծանր ու դժվար օրերը։ Դա այն վերաբերմունքն է, որը չի մոռացվում և չի մոռացվելու։

Դժվարությունները շատ բան են բացահայտում։ Դրանք ցույց են տալիս ոչ միայն խնդիրների ծանրությունը, այլև մարդկանց իրական վերաբերմունքը։ Այս օրերին ես տեսա շատ մարդկային ջերմություն, համերաշխություն և արժանապատվություն։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև բոլոր այն կալանավորներին, ովքեր այս դժվարին օրերին կանգնեցին իմ կողքին, չթողեցին, որ բանտում՝ ռեժիմի բռնաճնշումների դեմ, ինձ մենակ զգամ։ Վստահեցնում եմ՝ ես էլ ձեզ մենակ չեմ թողնելու։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր Սրբազաններին, ովքեր իրենց ազատությունը զոհաբերելով՝ չընկրկեցին չարի առջև, չդադարեցին պայքարել և իրենց վճռականությամբ և համառությամբ չթողեցին չարը հասնի իր նպատակներին, շնորհակալություն Արշակ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին և մասնավորապես Բագրատ և Միքայել Սրբազաններին, դուք Լույսի աղբյուր եք, առաջնորդող Ճրագ այս խավարի մեջ։

Շնորհակալ եմ փաստաբաններիս՝ Վրեժ Խաչիկյանին, Ալեքսան Թումասյանին, Հովհաննես Համբարձումյանին, Արթուր Առուստամյանին և 18 Արդարներիս պաշտպանող բոլոր փաստաբաններին։

Եվ վերջապես, շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ ծնողներիս, կնոջս և զավակներիս՝ իմ ողջ պայքարի ընթացքում ոչ առաջին անգամ ինձ բաժին հասած դժվարություններն ու հալածանքները կիսելու, դրանք համբերատար և անտրտունջ տանելու համար։

Չեմ ուզում այս պահին երկար խոսել անցածի մասին։ Դրա ժամանակը դեռ կլինի։ Այսօր պարզապես ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ չլռելու, անհանգստանալու, աջակցելու և մեր կողքին լինելու համար։

Ձեր յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր քայլը և յուրաքանչյուր դրսևորած վերաբերմունքը արժեք ունի։
Եվ այդ ամենը ես հիշելու եմ։ ԵՎ այդ ամենը ես չեմ մոռանալու։

Գրկում ու փաթաթվում եմ բոլորիդ։ Իմ պայքարը հենց ձեզ համար է։ Դուք եք ոգևորում և առաջ մղում ինձ՝ դեպի մեծ համազգային վերածնունդ և հաղթանակ։

Կորչե՛ն պսևդոինքնիշխաններն ու պսևդոանկախականները։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Կեցցե՛ այն հաղթանակը, հայի հաղթանակը, որ վաղը գալո՛ւ է։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930