«Մայր Հայաստանն» այսօր ցույց էր կազմակերպել ԲԴԽ-ի առջև՝ պահանջելով, որ կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի վաղը մեկնարկելիք դատավարությունը լինի բաց։
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսից Անդրանիկ Թևանյանը գտնվում է կալանքի մեջ՝ «պետական դավաճանության» կասկածանքով, այնուհետև Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց՝ Անդրանիկ Թևանյանին ԱԺ փակ հանդիպումից իբրև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, և վաղը տեղի է ունենալու առաջին նիստը։
Կարդացեք նաև
«Մայր Հայաստանի» անդամները երեք պահանջ ունեն․
1.Որևիցե պարագայում դատավարությունը չանցկացնել փակ ռեժիմով։ Եթե պետական գաղտնիքի դրվագ կա, այդ հատվածը կարելի է անել փակ, բայց բուն դատավարությունը պետք է լինի բաց, հրապարակային և հանրության համար հասանելի։ Նախաքննության ընթացքում քաղաքական իշխանության կողմից ներկայացված մեղադրանքներն արդեն իսկ փլվել են։
2․Ապահովել դատավարության մասնակիցների իրավունքների և անմեղության կանխավարկածի լիարժեք պահպանումը։
3․Կալանքը չվերածել պատժի միջոցի․ այն պետք է կիրառվի բացառապես օրենքով սահմանված հիմքերի և նպատակների շրջանակում՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
«Շինծու, կեղծ, կարովի քրեական գործի նախաքննության փուլում Անդրանիկ Թևանյանն ու Արեգնազ Մանուկյանը չեն խուսափել, ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել, Անդրանիկ Թևանյանն իր ոտքով է գնացել քննչական»,- ասաց Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով, որ այս գործը քաղաքական է, աշխարհաքաղաքական, ԲՀԿ-ին ձայներից զրկելու նախերգանքը՝ եղել է Թևանյանի ձերբակալությունը, ապա Արեգնազ Մանուկյանից ինչ-որ ցուցմունքներ կորզելը, որոնք կապացուցեին Թևանյանի մեղավոր լինելը, ու չեն ստացել։
«Նախաքննությունն ավարտվել է, գործը գնացել է դատարան, և ոչինչ չի խանգարում, որ գործի քննության ընթացքում Անդրանիկ Թևանյանը և Արեգնազ Մանուկյանը լինեն ազատության մեջ»,- վստահ է Մանուկ Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մայր Հայաստանի» անդամները ԲԴԽ շենքի մոտ են, սպասում են հանդիպման․ այս ընթացքում ԲԴԽ-ից ոչ ոք նրանց չի ընդունել։ Հնչեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներ ԲԴԽ անդամների հասցեին, ովքեր չեն համարձակվում ընդունել և լսել անգամ իրենցից պահանջ ունեցող քաղաքացիներին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

























































