Լրահոս
Օրվա լրահոսը

Պնդումները, թե Անդրանիկ Թևանյանն, իբր, ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, և թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը. պաշտպանական թիմ

Օգոստոս 11,2026 14:54 Share

Պաշտպանական թիմի հայտարարությունը

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը։

Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը, իբր, 622.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես, նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները։

Միաժամանակ, նման կերպ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, քանի որ հանրության մոտ ենթադրյալ հանցանքի կատարված լինելու և անձանց մեղավորության վերաբերյալ ձևավորվում է դիրքորոշում, որը չի հիմնավորվում քրեական վարույթի նյութերով։

Ուստի հորդորում ենք քննչական մարմնին հարգել անմեղության կանխավարկածը և հանրությանը չներկայացնել որպես հաստատված փաստ այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքներին և քրեական վարույթի նյութերին, այլև կարող են ձևավորել նրանց մեղավորության վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք։

Պաշտպանության կողմը հետագայում ևս իր դիրքորոշումը կներկայացնի բացառապես օրենքով սահմանված դատավարական ընթացակարգերի շրջանակում` պահպանելով ինչպես իր դատավարական պարտականությունները, այնպես էլ իր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության պարտականությունը։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել