Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն հանգրվաններից է։ Հայաստանի Հանրապետության անկախությունը ոչ միայն պետական կարգավիճակ է, այլև հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու, ազատ և արժանապատիվ ապագա կերտելու անքակտելի իրավունքի արտահայտությունը։
Կարդացեք նաև
Անկախությունը բացարձակ արժեք է և չի կարող լինել սակարկման առարկա՝ անկախ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական զարգացումներից, աշխարհաքաղաքական իրավիճակից կամ ժամանակավոր քաղաքական հանգամանքներից։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունը և պետականության հիմնարար արժեքները պետք է մնան անսակարկելի։
Այս օրը նաև ազգային հիշողության և երախտագիտության օր է։ Բոլորիս պարտքն է խոնարհումով հիշել նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն մեր պետականության ստեղծման, պահպանման և պաշտպանության։ Նրանց անձնազոհությունն ու նվիրումը մեզ պարտավորեցնում են գիտակցել անկախության արժեքը և այն պահպանել պատասխանատվությամբ։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության անկախության և անվտանգության ամբողջական ընկալումն անհնար է առանց Արցախի։ Առանց Արցախի չի կարող լինել լիարժեք անկախություն և անվտանգ միջավայր։ Արցախի ժողովրդի իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը, հայրենիք վերադառնալու իրավունքը, ինչպես նաև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը պետք է մնան մեր ազգային պատասխանատվության կարևորագույն ուղղություններից։
Արցախի հայկական մշակութային ժառանգությունը մեր ժողովրդի պատմական հիշողության և ազգային ինքնության անբաժանելի մասն է։ Եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, հուշարձանները, գերեզմանատները և մշակութային մյուս արժեքները վկայում են հայ ժողովրդի դարավոր ներկայության մասին։ Դրանց պահպանությունն ու պաշտպանությունը մեր պատմական և բարոյական պարտականությունն է։
Այսօր, երբ մեր տարածաշրջանում շարունակում են պահպանվել անվտանգության լուրջ մարտահրավերներ, առավել քան երբևէ անհրաժեշտ է ունենալ ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստան՝ հիմնված ազգային համերաշխության, պետական ինստիտուտների ամրապնդման և ազգային շահերի հետևողական պաշտպանության վրա։
Մեր սերնդի պարտքն է պահպանել ու ամրապնդել այն պետականությունը, որի համար նախորդ սերունդները պայքարել են, և որը պաշտպանելու համար բազմաթիվ հայրենակիցներ զոհաբերել են իրենց կյանքը։ Նրանց հիշատակը պետք է լինի մեր պատասխանատվության և ապագայի նկատմամբ մեր հանձնառության մշտական ուղենիշը։
Թող Հայաստանի Հանրապետության անկախությունը լինի անսասան և անշրջելի։
Թող մեր պետությունը լինի ուժեղ, անվտանգ և ինքնիշխան։
Թող Արցախի ժողովրդի իրավունքների և հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերը մշտապես մնան մեր ազգային օրակարգում։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։
Խոնարհում և երախտագիտություն՝ հանուն հայրենիքի և պետականության իրենց կյանքը զոհաբերած բոլոր նվիրյալներին։
Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն


















































