Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Յունեսկո Արմենիա» ՀԿ-ի պատվավոր խորհրդի անդամ Հովիկ Ավանեսով
Երեք տարի առաջ՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին, միջազգային արդարադատության բարձրագույն ատյանը՝ Արդարադատության միջազգային դատարանը, կայացրեց Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում (https://www.facebook.com/share/p/1Dz3efwGGa/ ) ։
Որոշումը հրապարակեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։ Դատարանի սահմանած ժամանակավոր միջոցներն ուղղված էին 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելուն։
Սակայն այսօր՝ այդ որոշման ընդունումից երեք տարի անց, ստիպված ենք արձանագրել մի իրողություն, որը ոչ միայն բացահայտում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների փաստացի չկատարումը, այլև ի ցույց է դնում միջազգային իրավական համակարգի նկատմամբ հարգանքի, դրա հեղինակության և գործնական արդյունավետության խոր ճգնաժամը։
Կարդացեք նաև
2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը սովորական դատական ակտ չէր։ Այն միջազգային հանրությանն ուղղված հստակ իրավական պահանջ էր՝ կանխելու արցախահայության նկատմամբ իրականացված բռնի տեղահանման հետևանքների հետագա խորացումը և ապահովելու բռնի տեղահանված բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել 2023 թվականի սեպտեմբերին սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ, անարգել և արագ վերադարձը, երաշխավորել Արցախում մնացած կամ վերադարձած անձանց անվտանգությունը, ինչպես նաև պահպանել նրանց անձնական, գրանցման և սեփականության փաստաթղթերն ու դրանց վերաբերյալ համապատասխան գրառումները։
Սակայն այդ իրավական պարտավորությունների ամրագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չի ապահովել դատարանի որոշման նպատակների իրականացումը, այլև շարունակում է պահպանել այնպիսի իրավիճակ, որը արցախահայության իրավունքների վերականգնման ճանապարհին ստեղծում է խոչընդոտներ։
Հատկանշական է, որ նոյեմբերի 17-ի որոշումն Արդարադատության միջազգային դատարանի միակ որոշումը չէ, որի պահանջները Ադրբեջանը չի կատարում։ Դրանից առաջ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում որոշում էր կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ՝ մերժելով Ադրբեջանի հակընդդեմ հայցը (https://monumentwatch.org/…/on-february-22-2023-within…/ )։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) որոշումները պարտադիր են գործին մասնակից պետությունների համար։ Դրանց չկատարման դեպքում տուժող կողմն իրավունք ունի դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ դատարանի որոշման կատարումն ապահովելու նպատակով։ Այս ընթացակարգը նախատեսված է ՄԱԿ-ի Կանոնադրության 94-րդ հոդվածով, քանի որ դատարանը չունի սեփական հարկադրանքի կամ իրավապահ մեխանիզմներ՝ իր որոշումների կատարումն անմիջականորեն ապահովելու համար։
ՄԱԿ-ի Կանոնադրության 94-րդ հոդված
- Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել Միջազգային դատարանի վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում:
- Եթե գործի մասնակից կողմը թերանում է իրականացնել դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ, որը անհրաժեշտ համարելու դեպքում կարող է հանձնարարականներ տալ կամ որոշել այն միջոցառումները, որոնց հարկավոր է դիմել դատարանի վճիռն ի կատար ածելու համար(https://www.un.org/en/about-us/un-charter/full-text ):
Վճիռը չկատարելու դեպքում տուժող կողմը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Անվտանգության խորհուրդը կարող է առաջարկել համապատասխան գործողություններ, ինչպես նաև կիրառել մի շարք պատժամիջոցներ՝ ԱՄԴ վճռի կատարումն ապահովելու նպատակով, իսկ Գլխավոր ասամբլեան, իր իրավասությունների շրջանակում, կարող է ընդունել համապատասխան հանձնարարականներ՝ նպաստելու ԱՄԴ վճռի կատարմանը։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ևս կարող է իր լիազորությունների և միջազգային պարտավորությունների շրջանակում նպաստել ԱՄԴ վճռի կատարման ապահովմանը՝ հիմք ընդունելով միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված իր «բարի ծառայությունների» գործառույթը։ Այն կարող է իրականացվել ինչպես ՄԱԿ-ի համապատասխան մարմնի թույլտվությամբ, այնպես էլ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ։ Այս համատեքստում Գլխավոր քարտուղարը կարող է հանդես գալ որպես միջազգային պարտավորությունների կատարմանն աջակցող և դրանց նկատմամբ քաղաքական ու դիվանագիտական ներգործության հնարավորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ։
Սակայն միջազգային իրավական մեխանիզմների և համապատասխան մարմինների կողմից ձեռնարկվող քայլերի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն ընդունված որոշումներով ու հայտարարություններով, այլև դրանց իրական հետևանքներով։ Մինչդեռ, երեք տարի անց իրավիճակը շարունակում է մնալ չլուծված, իսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պաշտպանվող իրավունքները՝ փաստացի չվերականգնված։
Երեք տարի անց շուրջ 150 հազար արցախահայեր շարունակում են մնալ բռնի տեղահանված՝ զրկված իրենց պատմական հայրենիքում ապրելու, սեփական տներ վերադառնալու, իրենց ունեցվածքը տնօրինելու և ազգային, մշակութային ու հոգևոր բնականոն կյանքը շարունակելու հնարավորությունից։
Նրանց բնակավայրերը, տները, հողերը, սեփականությունը, եկեղեցիները, վանքերը, պատմական հուշարձաններն ու նախնիների շիրիմները մնացել են իրենցից հեռու՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում։ Տարածքում, որտեղ արցախահայությունը զրկված է սեփական իրավունքներն ազատ և արդյունավետ իրացնելու հնարավորությունից, ինչպես նաև անվտանգության և իրավական պաշտպանության իրական ու գործուն երաշխիքներից։
Սա պարզապես բռնի տեղահանված բնակչության սոցիալական խնդիր չէ։ Սա մի ամբողջ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքից բռնի զրկման, ազգային ինքնության, պատմական հիշողության, մշակութային շարունակականության և հավաքական իրավունքների դեմ ուղղված համակարգային ոտնձգության հետևանք է։
Արցախահայության բռնի տեղահանումը չի կարելի ներկայացնել որպես բնակչության աշխարհագրական տեղաշարժ ։ Դրա հետևանքով խզվել են մի ամբողջ ժողովրդի և նրա պատմական հայրենիքի, պատմական միջավայրի, համայնքային կյանքի, հոգևոր կենտրոնների ու նախնիների ժառանգության միջև գոյություն ունեցող կենսական կապերը։
Մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց բնակարաններից ու ունեցվածքից, այլև իրենց նախնիների ստեղծած մշակութային միջավայրում ապրելու, սերունդների միջև պատմական կապը պահպանելու, սեփական համայնքներում կրթական, հոգևոր և հասարակական կյանքը շարունակելու հնարավորությունից։
Ավելին՝ բռնի տեղահանման հետևանքները շարունակվում են նաև այսօր։ Արցախի հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, յուրացման, ինքնության խեղաթյուրման ու պատմական հետքի վերացման վտանգները խորացնում են արցախահայության իրավունքների խախտման հետևանքները՝ դրանք վերածելով շարունակական և բազմաշերտ ոտնձգության։
Հետևաբար, խոսքը ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած բռնի տեղահանման, այլև դրա հետևանքների շարունակական խորացման, պատմական հայրենիքի հետ ժողովրդի կապի խզման և նրա հավաքական ինքնության պահպանման հնարավորությունների հետևողական սահմանափակման մասին է։
Միջազգային իրավունքը չի կարող գործել ընտրողաբար․ անգործությունը նույնպես պատասխանատվության խնդիր է
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը բացահայտել է ոչ միայն Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարման փաստը, այլև միջազգային համակարգի՝ սեփական հռչակած սկզբունքները գործնականում պաշտպանելու անկարողությունը կամ, առավել մտահոգիչ է, անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայությունը։
Տարիներ շարունակ միջազգային կառույցներն ու առանձին պետություններ հանդես են եկել խաղաղության, մարդու իրավունքների, ժողովուրդների անվտանգության, ուժի չկիրառման, միջազգային մարդասիրական իրավունքի և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների պաշտպանության վերաբերյալ հայտարարություններով։
Սակայն երբ այդ սկզբունքները պետք է կիրառվեին իրական իրավիճակում, երբ անհրաժեշտ էր կանխել ռազմական ուժի կիրառման հետևանքով մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանումը և ապահովել նրա իրավունքների վերականգնումը, միջազգային արձագանքը ոչ միայն չհամապատասխանեց առաջացած մարտահրավերի ծանրությանը, այլև չվերածվեց իրավական և քաղաքական գործուն քայլերի։
Երբ ռազմական ուժի կիրառման հետևանքով շուրջ 150 հազար մարդ զրկվում է իր պատմական հայրենիքում ապրելու հնարավորությունից, երբ միջազգային դատարանի պարտադիր որոշումները չեն հանգեցնում դրանց արդյունավետ կատարմանը, իսկ միջազգային դերակատարների արձագանքը հիմնականում սահմանափակվում է մտահոգությունների արտահայտմամբ, առաջանում են հիմնարար հարցեր։
Ի՞նչ գործնական արժեք ունեն միջազգային իրավունքն ու միջազգային երաշխիքները, եթե դրանք չեն ապահովում խախտված իրավունքների վերականգնումը։
Ի՞նչ արժեք ունի միջազգային դատարանի որոշումը, եթե դրա կատարման ապահովման համար չեն գործադրվում անհրաժեշտ վերահսկողական, քաղաքական և իրավական մեխանիզմները։
Ի՞նչ նշանակություն ունեն ՄԱԿ-ի հայտարարություններն ու միջազգային բանաձևերը, եթե դրանցով ամրագրված սկզբունքները չեն վերածվում իրավախախտումների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման իրական միջոցների։
Եվ վերջապես՝ ի՞նչ վստահություն կարող է ունենալ որևէ ժողովուրդ միջազգային անվտանգության համակարգի նկատմամբ, եթե իր հիմնարար իրավունքների կոպիտ խախտման պարագայում աշխարհաքաղաքական շահերը գերակայում են իրավական սկզբունքների հետևողական պաշտպանությանը։
Միջազգային կառույցների լռությունը չեզոքություն չէ։ Քաղաքական անգործությունը չի կարող ներկայացվել որպես հավասարակշռված դիրքորոշում, իսկ միջազգային պարտավորությունների չկատարման նկատմամբ հանդուրժողականությունը չի կարող որևէ պարագայում համարվել միջազգային իրավունքի պաշտպանություն։
Երբ միջազգային իրավախախտումներին չեն հաջորդում համարժեք իրավական և քաղաքական հետևանքներ, ձևավորվում է անպատժելիության վտանգավոր միջավայր։ Այն ոչ միայն խորացնում է արդեն իսկ տեղի ունեցած զանգվածային իրավախախտումների հետևանքները, այլև խրախուսում է միջազգային պարտավորությունների անտեսումը՝ ստեղծելով նոր հակամարտությունների, ուժի կիրառման և բռնի տեղահանումների կրկնության վտանգավոր նախադեպ։
Միջազգային հանրությունը պարտավոր է գիտակցել, որ նման գործելակերպը վտանգում է ոչ միայն արցախահայության իրավունքները, այլև միջազգային իրավակարգի հեղինակությունը, ամբողջականությունն ու հիմնարար սկզբունքների նկատմամբ վստահությունը։
Արցախի հայաթափումը չի կարող դառնալ միջազգային հանրության կողմից ընդունված նոր քաղաքական իրողություն
Առավել վտանգավոր է այն քաղաքական միտումը, երբ Արցախի հիմնախնդիրը փորձ է արվում սահմանափակել բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակով՝ միաժամանակ շրջանցելով արցախահայության հիմնարար իրավունքները, նրանց անվտանգության, սեփականության, մշակութային ժառանգության պաշտպանության, պատմական հայրենիք վերադարձի, պետականության և տարածքային ամբողջականության վերականգնման հիմնարար հարցերը։
Արցախահայության իրավունքները չեն կարող տարալուծվել միջպետական հարաբերությունների օրակարգում։ Դրանք չեն կարող անտեսվել խաղաղության պայմանագրերի, տարածաշրջանային հաղորդակցությունների, տնտեսական համագործակցության կամ աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների համատեքստում։
Որևէ միջպետական համաձայնություն չի կարող իրավական ուժով վերացնել բռնի տեղահանված ժողովրդի հիմնարար իրավունքները կամ այդ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորությունները։
Արցախահայության ճակատագիրը չի կարող դառնալ քաղաքական բանակցությունների փակ դռների հետևում քննարկվող, փոխզիջումների ենթակա կամ աշխարհաքաղաքական շահերին ստորադասվող հարց։
Նրանց իրավունքները չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակության, սոցիալական աջակցության, զբաղվածության կամ ինտեգրման ծրագրերով։ Այդ միջոցները կարող են և պետք է ծառայեն բռնի տեղահանված մարդկանց ներկա սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծմանը, սակայն որևէ պարագայում չեն կարող փոխարինել պատմական հայրենիք վերադառնալու իրավունքին, հայկական պետականության վերականգնման և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հիմնարար նպատակներին։
Հայաստանի Հանրապետությունում արցախահայության սոցիալական ինտեգրումը և նրանց հայրենիք վերադարձի իրավունքի միջազգային պաշտպանությունը միմյանց հակադրելու որևէ հիմք չկա։ Դրանք տարբեր, սակայն փոխլրացնող ուղղություններ են, որոնցից մեկը չի կարող չեզոքացնել կամ փոխարինել մյուսին։
Վերադարձի իրավունքը պետք է երաշխավորի ոչ թե ձևական ներկայություն, այլ լիարժեք և արժանապատիվ կյանք՝ բացառապես հայկական իրավազորության ներքո
Անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես ընդամենը աշխարհագրական տարածք ֆիզիկապես վերադառնալու հնարավորություն։
Արցախահայության վերադարձը պետք է դիտարկվի հայկական պետականության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, ինչպես նաև բացառապես հայկական իրավազորության ներքո ազատ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովման համատեքստում։
Այն չի կարող ենթադրել ադրբեջանական իշխանությունների կողմից որևէ տեսակի վերահսկողության, կառավարման, իրավազորության կամ ներկայության պահպանում։ Վերադարձի իրավունքի լիարժեք իրացումը պետք է բացառի ադրբեջանական ցանկացած տեսակի պետական, ռազմական, վարչական, ոստիկանական, ուժային կամ այլ ներկայություն Արցախի տարածքում։
Արցախահայության վերադարձը պետք է երաշխավորի ոչ թե ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո բնակության վերականգնում, այլ սեփական պատմական հայրենիքում՝ բացառապես հայկական իրավազորության ներքո ապրելու և հայկական պետականությունը վերականգնելու իրական հնարավորություն։
Իրական վերադարձը ենթադրում է այնպիսի իրավական, քաղաքական և անվտանգային պայմանների ստեղծում, որոնք կերաշխավորեն մարդկանց ազատ, անվտանգ, արժանապատիվ և մշտական բնակությունը սեփական հայրենիքում՝ հայկական պետականության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման պայմաններում։
Այն պետք է ներառի՝
սեփականության և ժառանգական իրավունքների լիարժեք ճանաչում, պաշտպանություն և վերականգնում,
նախկին բնակավայրեր վերադառնալու և այնտեղ մշտական բնակություն հաստատելու իրական հնարավորություն,
ազատ տեղաշարժի, անձնական անվտանգության և ֆիզիկական անձեռնմխելիության երաշխիքներ,
կրթության, առողջապահության, աշխատանքի և հասարակական կյանքի լիարժեք հասանելիություն,
հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության ու վերականգնման իրավունք,
ազգային, կրոնական, լեզվական և մշակութային ինքնության անարգել պահպանում և դրսևորում,
ընտանիքների վերամիավորման, համայնքային կյանքի վերականգնման և պատմական միջավայրի շարունակականության ապահովում,
Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և պետական կառավարման համակարգի վերականգնման հնարավորություն,
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում և ամբողջ տարածքի նկատմամբ հայկական իրավազորության հաստատում։
Վերադարձը չի կարող իրականացվել այնպիսի պայմաններում, երբ վերադարձող բնակչությունը ենթարկվելու է սպառնալիքների, հետապնդումների, խտրականության, ահաբեկման, հարկադրանքի կամ սեփական ազգային ինքնության ժխտման։
Արցախահայության վերադարձի հիմնարար նախապայման պետք է լինի ադրբեջանական ցանկացած տեսակի պետական, ռազմական, վարչական, ուժային կամ այլ ներկայության բացառումը և բացառապես հայկական իրավազորության հաստատումը։
Հակառակ պարագայում վերադարձի մասին խոսակցությունները կարող են վերածվել ընդամենը ձևական քաղաքական հայտարարությունների, որոնք ոչ միայն չեն վերականգնի մարդկանց խախտված իրավունքները, այլև չեն ապահովի նրանց անվտանգությունը, արժանապատվությունն ու հիմնարար ազատությունները։
Անվտանգ վերադարձը չի կարող կախված լինել Ադրբեջանի իշխանությունների բարի կամքից կամ նրանց միակողմանի խոստումներից։ Այն պետք է հիմնված լինի միջազգային իրավական պարտավորությունների, անկախ վերահսկողության, գործուն երաշխիքների և այդ երաշխիքների խախտման դեպքում պատասխանատվության հստակ ու արդյունավետ մեխանիզմների վրա։
Անհրաժեշտ է անցում կատարել հայտարարություններից դեպի իրավական, քաղաքական և գործնական պատասխանատվություն
Միջազգային հանրությունը պարտավոր է վերանայել իր մոտեցումը և Արցախի հայաթափման հետևանքների վերացումը դիտարկել ոչ թե որպես անցյալում տեղի ունեցած իրադարձության հետևանքների կառավարման հարց, այլ որպես շարունակվող իրավական, քաղաքական և մարդասիրական պարտավորություն։
Այս ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ անհետաձգելի քայլերը.
- Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարման վերահսկողություն։
Ապահովել 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման կատարման նկատմամբ հետևողական միջազգային վերահսկողություն, պահանջել Ադրբեջանից հստակ հաշվետվողականություն և միջազգային համապատասխան հարթակներում բարձրաձայնել որոշման չկատարման իրավական հետևանքները։
- Անվտանգ վերադարձի միջազգային երաշխիքներ։
Մշակել և գործարկել արցախահայության անվտանգ, արժանապատիվ, անարգել և կայուն վերադարձի միջազգային մեխանիզմներ՝ բացառելով ադրբեջանական ցանկացած տեսակի պետական, ռազմական, վարչական, ուժային կամ այլ ներկայություն և ապահովելով վերադարձի իրականացումը բացառապես հայկական իրավազորության ներքո։
Այդ մեխանիզմները պետք է ուղղված լինեն նաև հայկական պետականության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը։
- Սեփականության իրավունքների պաշտպանություն։
Միջազգային մակարդակում փաստագրել բռնի տեղահանված արցախահայերի բնակարանային, հողային, տնտեսական և այլ սեփականության իրավունքների խախտումները, ապահովել այդ իրավունքների ճանաչման, պաշտպանության և վերականգնման իրավական հնարավորությունները։
- Մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանություն։
Ապահովել Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում հայկական պատմամշակութային, կրոնական և հոգևոր ժառանգության անկախ մշտադիտարկում, արբանյակային վերահսկողություն և միջազգային փաստագրում։
Պահանջել համապատասխան միջազգային կառույցներից պատշաճ արձագանքել հուշարձանների ոչնչացման, յուրացման, ինքնության խեղաթյուրման և պատմական հետքի վերացման յուրաքանչյուր արձանագրված դեպքի։
- Միջազգային իրավական պատասխանատվություն։
Հետևողականորեն զարգացնել բռնի տեղահանման, սեփականության իրավունքներից զրկման, մշակութային ժառանգության ոչնչացման և այլ ենթադրյալ միջազգային իրավախախտումների առնչությամբ իրավական գործընթացները՝ ապահովելով փաստերի անկախ քննություն և պատասխանատվության հարցի պատշաճ ու համակողմանի քննարկում։
- Արցախի հիմնախնդրի ներառում միջազգային օրակարգերում։
Արցախահայության իրավունքները դարձնել միջազգային բանակցությունների, տարածաշրջանային անվտանգության քննարկումների և միջազգային կազմակերպությունների գործունեության անբաժանելի բաղադրիչ։
Ոչ մի բանակցային գործընթաց չպետք է շրջանցի բռնի տեղահանված ժողովրդի իրավունքներն ու օրինական պահանջները, այդ թվում՝ պատմական հայրենիք վերադարձի, հայկական պետականության վերականգնման և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հիմնարար հարցերը։
- Միջազգային քաղաքական ճնշման և հաշվետվողականության ապահովում։
Միջազգային կառույցներն ու պետությունները պետք է դադարեցնեն միայն ընդհանուր հայտարարություններով սահմանափակվելը և կիրառեն իրենց իրավասություններին ու միջազգային պարտավորություններին համապատասխան գործուն քաղաքական և իրավական միջոցներ՝ ուղղված Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը։
Այս պահանջները որևէ քաղաքական հավակնություն չեն և չեն կարող մեկնաբանվել որպես այլ պետության ներքին գործերին միջամտելու փորձ։ Դրանք բխում են մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային արդարադատության հիմնարար սկզբունքներից ու միջազգային հանրության ստանձնած պարտավորություններից։
Երեք տարին բավական էր՝ գիտակցելու համար, որ անգործությունը չի կարող արդարացվել
Երեք տարին բավարար ժամանակ էր՝ հասկանալու համար, որ միջազգային դատարանի որոշման գոյությունն ինքնին դեռևս արդարություն չի ապահովում։ Իրավունքը կենսունակ է այնքանով, որքանով առկա են այն պաշտպանելու քաղաքական կամք, իրավական հետևողականություն և պատասխանատվության իրական ու գործուն մեխանիզմներ։
Հակառակ պարագայում միջազգային իրավական համակարգը վերածվում է մի կառույցի, որի հեղինակությունը պահպանվում է միայն փաստաթղթերում, մինչդեռ դրա պաշտպանության կոչված հիմնարար արժեքներն ու սկզբունքները շարունակաբար ոտնահարվում են իրական կյանքում։
Միջազգային հանրությունը չի կարող անտեսել, որ յուրաքանչյուր չկատարված պարտավորություն, յուրաքանչյուր անպատասխան մնացած իրավախախտում և յուրաքանչյուր չկանխված ոտնձգություն ավելի են խորացնում անարդարությունը և ամրապնդում անպատժելիության մթնոլորտը։
Արցախահայության իրավունքների պաշտպանությունը չպետք է կախված լինի միջազգային քաղաքական օրակարգերի փոփոխությունից։ Այն չի կարող երկրորդական դառնալ միայն այն պատճառով, որ տարածաշրջանում ձևավորվել են նոր աշխարհաքաղաքական առաջնահերթություններ։
Արցախահայության վերադարձը որևէ պետության բարեհաճության, քաղաքական զիջման կամ միակողմանի թույլտվության հարց չէ։ Այն հիմնարար իրավունք է, որի պաշտպանությունը միջազգային հանրության իրավական և բարոյական պարտավորությունն է։
Այդ իրավունքը չի կարող կախված լինել Ադրբեջանի իշխանությունների կամայական որոշումներից, տարածաշրջանային շահերի փոփոխությունից կամ միջազգային դերակատարների քաղաքական առաջնահերթություններից։
Արցախահայության վերադարձը պետք է ենթադրի սեփական հայրենիքում ապրելու իրավունքի ամբողջական վերականգնում՝ բացառապես հայկական իրավազորության ներքո, ադրբեջանական ցանկացած տեսակի ներկայության բացակայությամբ, հայկական պետականության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմամբ։
Ժամանակի գործոնը ևս չպետք է անտեսվի։ Երբ բռնի տեղահանված ժողովուրդը տարիներ շարունակ զրկված է հայրենիք վերադառնալու հնարավորությունից, երբ նրա տներն ու սեփականությունը մնում են անհասանելի, իսկ պատմական և մշակութային ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման, յուրացման և ինքնության խեղաթյուրման վտանգի, յուրաքանչյուր անցնող օր ավելի է խորացնում անարդարությունը և բարդացնում խախտված իրավունքների վերականգնումը։
Ժամանակը չի կարող օգտագործվել որպես իրավունքի կորստի մեխանիզմ։ Բռնի տեղահանման հետևանքների երկարատև գոյությունը չի կարող դրանք դարձնել իրավաչափ կամ ընդունելի։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ ժամանակի ընթացքում բռնի տեղահանման հետևանքները վերածվեն իբր անշրջելի քաղաքական իրողության, իսկ պատմական հայրենիքից ժողովրդի զրկումը՝ միջազգային հարաբերություններում լռելյայն ընդունված փաստի։
Միջազգային հանրությունը պետք է պատասխանի սկզբունքային հարցին
Այսօր հարցը միայն այն չէ, թե ինչ տեղի ունեցավ Արցախում։ Հարցն այն է, թե ինչպիսի միջազգային կարգ է ձևավորվում, երբ ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր է փոխել մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, բռնի կերպով զրկել նրան պատմական հայրենիքից, իսկ դրանից հետո միջազգային իրավական պարտավորությունները թողնել առանց գործնական կատարման։
Եթե միջազգային դատարանի որոշումները չեն ապահովվում իրական վերահսկողությամբ, եթե բռնի տեղահանված ժողովրդի իրավունքները դուրս են մղվում քաղաքական բանակցությունների օրակարգից, եթե մշակութային ժառանգության ոչնչացման և պատմական հիշողության վերացման վտանգները չեն առաջացնում համարժեք միջազգային արձագանք, ապա վտանգված է ոչ միայն արցախահայության ապագան, այլև միջազգային իրավունքի՝ որպես համընդհանուր պաշտպանության համակարգի վստահելիությունը։
Եթե միջազգային իրավունքը չի կարող պաշտպանել բռնի տեղահանված ժողովրդին, ապա վաղը ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ նույն ճակատագրից։
Արցախահայության վերադարձի իրավունքը պետք է դառնա միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից մեկը։ Արդարությունը չի կարող հետաձգվել այնքան ժամանակ, մինչև այն կորցնի իր գործնական նշանակությունը։ Խաղաղությունը չի կարող կառուցվել բռնի տեղահանման հետևանքների լռելյայն ընդունման, պատմական հայրենիքի կորստի, մշակութային ինքնության ոչնչացման և անպատժելիության վրա։
Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես տարածաշրջանային կայունության հաստատում, չի կարող իրական խաղաղություն համարվել, քանի դեռ շուրջ 150 հազար մարդ զրկված է սեփական պատմական հայրենիքում ապրելու հնարավորությունից, իսկ նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար չեն ստեղծվել միջազգային իրավական և անվտանգային իրական երաշխիքներ՝ բացառապես հայկական իրավազորության, պետականության վերականգնման և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հիմքով։
Առանց Արցախի հայաթափման հետևանքների վերացման, արցախահայության իրավունքների լիարժեք վերականգնման, հայկական պետականության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, ինչպես նաև ադրբեջանական ցանկացած տեսակի ներկայության բացառման՝ բացառապես հայկական իրավազորության ներքո անվտանգ վերադարձի ապահովման, տարածաշրջանում հաստատված ցանկացած անդորր չի կարող համարվել կայուն և արդար խաղաղություն։
Այն ընդամենը ժամանակավոր դադար է՝ չլուծված հիմնախնդիրների, չվերականգնված արդարության, շարունակվող իրավունքների խախտումների և ապագա նոր ողբերգությունների վտանգի պայմաններում։
Արդարությունը պահանջում է ոչ թե հերթական հայտարարություն, այլ գործողություն։ Միջազգային իրավունքը պահանջում է ոչ թե ընտրովի արձագանք, այլ հետևողականություն։ Իսկ արցախահայությունը պահանջում է ոչ թե կարեկցանք, այլ իր իրավունքների ճանաչում, պաշտպանություն և ամբողջական վերականգնում։



















































