Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարացվելուց հետո Վարդան Ղուկասյանը դատախազությունից ներողություն կպահանջի՞ իրեն խուլիգանության մեջ մեղադրելու համար

Հոկտեմբեր 06,2026 21:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ դատարանի հրապարակած արդարացման վերդիկտից հետո նրա պաշտպանը կքննարկի դատախազությունից ներողություն պահանջելու հարցը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Ջիվանյանի նախագահությամբ, հրապարակել է Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով վերդիկտը, համաձայն որի՝ Վարդան Ղուկասյանն արդարացվել է, իսկ Սպարտակ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության մեղադրանքով։ Նրա մեղադրանքը վերաորակավորվել և մեղմացվել է՝ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերից փոխվելով նույն հոդվածի 1-ին մասի։

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը Aravot.am-ին ասաց, որ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող խուլիգանության գործով դեռևս հիմնական դատալսումներ են նախատեսվում, և օրենքով սահմանված կարգով կա ընթացակարգ, թե արդարացվածն ինչ պահանջներ կարող է ներկայացնել, օրինակ՝ ներողություն խնդրելը.

«Այդ հարցը մինչև լրացուցիչ դատալսումները Վարդան Ղուկասյանի հետ կքննարկենք ու մեր դիրքորոշումը լրացուցիչ դատալսումներով կներկայացնենք։ Կա ընթացակարգ, և ամենայն հավանականությամբ՝ գուցե մենք օգտվենք այդ ընթացակարգից։ Ներողություն խնդրելու պարտականությունը օրենքով դատախազության վրա է դրված, եթե արդարացված անձը նման պահանջ կներկայացնի»։

Մեր հարցին, թե արդարացման վերդիկտն ի՞նչ ցույց տվեց՝ արդյոք շինծու գործ էին հարուցել, որը չկարողացան ապացուցել, ի պատասխան փաստաբանն ասաց․
«Սա ցույց տվեց ևս մեկ անգամ, որ ի սկզբանե ասում էինք՝ խնդիրը արարքը չէր, այլ անձն էր։ Այս գործը առհասարակ չպետք է նախաձեռնվեր, նույնիսկ դատարան էլ չպետք է հասներ։ Մեր մտահոգությունը միշտ այն է եղել, որ Վարդան Ղուկասյանի անձը թիրախավորված է»։

Մեր հարցին, թե ինչպես Վարդան Ղուկասյանի նկատմամբ դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ, իսկ որդու նկատմամբ՝ մեղադրական վերդիկտ, ի պատասխան Հայրապետյանն ասաց․
«Որդու մասով իրավական խնդիր կա։ Ապացույցներով լրիվ հիմնավորվում է, որ Վարդան ու Սպարտակ Ղուկասյանները միասին ոչ մի բան ոչ արել են, ոչ ասել են։ Վարդան Ղուկասյանը պատասխանում է լրագրողներին ու հեռանում նիստերի դահլիճից։ Իսկ այստեղ ասում էին, թե Սպարտակ ու Վարդան Ղուկասյանները խմբի կազմում են կատարել գործողություն, նաև այդպես էին մեղադրում։

Եթե Վարդան Ղուկասյանը խուլիգանություն չի արել, Սպարտակ Ղուկասյանը ավտոմատ չէր կարող խմբի կազմում որևէ խուլիգանություն անել։ Սպարտակի գործողությունների հետ կապված ասում էին, որ Վարդան Ղուկասյանն է Սպարտակի գործողություններին աջակցել, բայց ապացուցվեց, որ մեկը մյուսի հետ կապ չունի։ Այլ մանրամասներ չունեմ դատարանի մոտեցման հետ կապված, որովհետև դատական ակտ դեռ չունենք։ Մեր կարծիքն այն էր, որ Սպարտակին էլ պետք է արդարացներ, բայց քանի որ վերդիկտում Սպարտակ Ղուկասյանին չի արդարացրել, այլ արարքը վերաորակել է, այլ արարք է գտել, մենք այդտեղ մտածում ենք, որ Սպարտակի վարքագիծն առանձին է գնահատել։

Բայց մեր կարծիքը մնում է նույնը, թե առանձին, թե միասին, երկու դեպքում էլ որևէ մեկի արարքում հանցակազմ չկար»։

Փաստաբանը նաև հավելեց, որ Վարդան Ղուկասյանի «շինծու գործի» վրա պետությունը հսկայական ռեսուրսներ է ծախսել։

«Որի իրավական ելքը ի սկզբանե պարզ պետք է լիներ։ Զուտ Վարդան Ղուկասյանին նեղություն տալու համար, որդուն կալանավորելու միջոցով նաև նեղություն տալու համար այս գործը նախաձեռնվեց ու ուղարկվեց դատարան»,- ասաց փաստաբանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031