«2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է: Մենք ծրագրով լուծում էինք տարբեր՝ կրթական, սոցիալական, առողջապահական խնդիրներ: Ծրագիրը ներդրվել էր 2012-2013 թվականներին՝ տվյալ խնդիրների լուծման նպատակով: Ուղղակի տարիների ընթացքում ծրագրի առանձին բաղադրիչները համակարգային տարբեր լուծումներ են ստացել: Այդ թվում՝ 2026թ. հունվարի 1-ից ներդրվել է առողջության ապահովագրության համակարգը, ու այստեղ ծրագիրն իր տրամաբանական ավարտին է մոտեցել»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ ծրագիրն ավարտվում է բոլոր խմբերի շահառուների համար:
Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանի խոսքով, 2029 թ., երբ արդեն առողջության ապահովագրությունն ամբողջությամբ որպես ռեֆորմ կկայանա, քաղաքացիներին կառաջարկվի տարվա ընթացքում պարտադիր այցելել նախնական բուժզննման:
Նա նշեց, որ ըստ վիճակագրության՝ ծառայություններից ավելի շատ օգտվում են կանայք. «Կանայք ավելի հետևողական են իրենց առողջության նկատմամբ, իսկ տղամարդիկ, երբ դանակը ոսկորին է հասնում, նոր են դիմում բժշկի: 2029 թվականից, երբ պարտադիր դառնա այս դրույթը, դա մեզ կօգնի բազմաթիվ ծայրահեղ ծախսատար միջամտությունները հետաձգել՝ ավելի կանխարգելիչ բուժզննումների միջոցով… Մենք նախատեսում ենք մինչև 85-90% ծածկույթ ապահովել 2028-ի վերջին, հետևաբար քաղաքացիները տարվա ընթացքում որոշակի օրացույցով պիտի գնան բժշկի, որովհետև այդքան մարդու հունվարի 1-ից ուղարկել հիվանդանոց՝ ուղղակի իրատեսական չէ»,- ասաց Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































