«Արդեն ունենք գործող եւ 2027-ից իրագործվելիք շուրջ 10 ծրագիր: Մեր նպատակն է միասնականացնել դրանց կառուցվածքը, որպեսզի մեր քաղաքացիների համար ավելի հեշտ լինի օգտվել ծրագրերից»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը:
Նա հավելեց, որ ունեն 3 ծրագիր. դրանցից մեկն Արցախից բռնի տեղահանված անձանց ուսուցմանն ու աշխատանքի տեղավորմանն է ուղղված, մյուսը՝ ռազմական գործողություններին մասնակցած եւ զորացրված անձանց ուսուցմանն ու աշխատանքի տեղավորմանը, իսկ երրորդը՝ անապահովության համակարգում ընդգրկվածներին:
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է ավելի բովանդակային դեր տալ կրթական բաղադրիչին, նաեւ շատ կարեւոր էր ծրագրերին դիմելիության թվայնացումը: Այժմ քաղաքացիները բացառապես e-work.am հարթակով են դիմելու: Դա Հայաստանի զբաղվածության առաջին միասնական պետական հարթակն է, որը ստեղծվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Այն միավորում է պետական եւ մասնավոր աշխատաշուկան՝ կապ հաստատելով աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ: «Այժմ քաղաքացին կարող է իր տանից փաստաթղթերը միանգամից ներբեռնել եւ դառնալ ծրագրի շահառու»,-պարզաբանեց Լիանա Թովմասյանը:
ՀՀ աշխատանքի եւ բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը նշեց, որ ծրագիրն ուղղված է Արցախից տեղահանված չզբաղված անձանց, զորացրված զինծառայողների, գործազուրկ երիտասարդների, ինչպես նաեւ անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատունակ անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացմանը։
«Այն նախատեսում է աջակցության 3 ուղղություն եւ մինչեւ 250 000 դրամ արժողությամբ կրթական էլեկտրոնային վաուչեր, որը հնարավոր կլինի շահառուների կողմից իրացնել 6 ամսվա ընթացքում՝ տրամադրելուց հետո մեկ անգամ: Տվյալ վաուչերը կարող են իրացնել այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր: Կրթական վաուչերի իրացման արդյունքում տվյալ անձը կկարողանա ունենալ ավարտական վկայական: Հետագայում աջակցություն է նախատեսվում այն անձանց համար, որոնք ավարտել են այդ կրթական ծրագրերը, ունեն ավարտական վկայական: Եվ այն գործատուները, որոնք աշխատանքի կվերցնեն տվյալ անձանց, աջակցություն կստանան եկամտահարկի փոխհատուցման միջոցով»։
Ռուզաննա Պեպանյանը հավելեց, որ նախնական կանխատեսմամբ՝ շահառուների թիվը կկազմի 1500, իսկ ծրագրի մեկնարկը կտրվի 2027 թ. հունվարի 1-ից:
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































