Լրահոս
Օրվա լրահոսը

Դա դիվերսանտի վարք չէ, դիվերսանտն ի՞նչ գործ ունի՝ մտնի մեկի տուն, պառկի: Դիվերսանտն ինչ-որ խնդիր է լուծում. սահմանապահ զորքերի նախկին հրամանատար. «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2026 11:37 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հրապարակն» ադրբեջանցու ներթափանցման մասին զրուցել է սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանի հետ:

– Ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափանցման այս դեպքն ինչի՞ մասին է վկայում:

– Առաջինը` ո՞նց է Հայաստանի տարածք մտել, դա պրոբլեմ է: Չէ՞ որ սահմանը փակ պիտի լինի, ինչո՞ւ չեն նկատել իրեն, պիտի հայտնաբերված լիներ: Հատկապես այս վիճակում, երբ որ մենք վերահսկում ենք ամբողջ սահմանը, ե՛ւ բանակը, ե՛ւ սահմանապահները կան: Նա պիտի հայտնաբերվեր, ինչո՞ւ չի հայտնաբերվել: Եթե մեզ տեղյակ են պահել, որ նա արդեն մեր տարածքում է, ինչո՞ւ մերոնք հետախուզում չեն հայտարարել, ժողովրդին չեն զգուշացրել, եւ հասել է այն աստիճանին, որ մարդը մտել է 15-20 կմ խորությամբ` հասարակ բնակչի տուն անօրինական ձեւով, օգտվել է նրա ունեցվածքից, կրակել, վիրավորել է այդ կնոջը:

– Ո՞ր պատկան մարմիններն են առաջին հերթին պատասխանատու այս միջադեպի համար:

– Սահմանը հսկողները, ես չգիտեմ՝ սահմանապահնե՞րն են կանգնած սահմանի այդ հատվածում, թե՞ բանակի զորամասերն են․ ամբողջությամբ չեն սահմանապահները հսկում սահմանը, եթե սահմանապահների վերահսկողության հատվածում է դա եղել, ապա սահմանապահներն են մեղավոր, եթե բանակի վերահսկման գոտում է եղել, ուրեմն բանակն է մեղավոր: Հայաստանի տարածքում ուժային կառույցները պիտի համագործակցեին իրար հետ․ ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը, ոստիկանությունն ԱԱԾ-ին տեղյակ պահեր, առաջինը տեղեկացված մարմինը պիտի տարածեր ինֆորմացիան մյուս ուժային կառույցներին, եւ ինչ-որ ձեւով ժողովրդին զգուշացնեին, որ զինված մարդ կա, վտանգավոր է, զգույշ եղեք, հայտնաբերելու դեպքում տեղյակ պահեք համապատասխան կառույցներին, բայց դա չի արվել:

– Նախկինում, մինչեւ 2020 թվականը այդպիսի միջադեպ հիշո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինվորականն այդ խորությամբ ՀՀ տարածք ներթափանցեր:

– Մինչեւ 2018 թիվը նման դեպք չեմ հիշում, ինչ-որ բաներ եղել են, որ մերոնք էլ են իրենց տարածքում հայտնվել, իրենք էլ՝ մերոնց, բայց դա այլ ձեւի է եղել, այսպես չի եղել: Բայց այս ձեւի, որ մտնի, կրակի-մրակի, չի եղել: 2-3 տարի առաջ էլ էր դեպք եղել, երբ երկու ադրբեջանցի զինվորական մտել էին, մարդ էին սպանել, բայց ուղղակիորեն ասել, որ նա դիվերսանտ է՝ ես մի քիչ կասկածում եմ, որովհետեւ դիվերսանտն այսպես չի վարվում, դա դիվերսանտի վարք չէ, դիվերսանտն ի՞նչ գործ ունի՝ մտնի մեկի տուն, պառկի: Դիվերսանտն ինչ-որ խնդիր է լուծում:

– Այս միջադեպին քաղաքական պատասխանատվություն պե՞տք է հաջորդի, թե՞ ոչ, պատկան մարմինների ղեկավարները պատասխանատվություն պե՞տք է կրեն, թե՞ ոչ:

– Պետք է կոնկրետ որոշում կայացնեն ու մեղավորին պատժեն` դա պարտադիր է: Խորհրդային Միության ժամանակ, երբ մարդն անցնում էր սահմանը, սահմանապահ ջոկատի հրամանատարին էին պաշտոնից հեռացնում:

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031