Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» 3-րդ միջազգային գիտաժողովը։ Այն այս տարի նվիրված է Ոսկան Երևանցու տպագրած առաջին հայերեն Աստվածաշնչի 360-ամյակին։
Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ, ԱՊՀ և այլ երկրների ազգային գրադարանների տնօրեններ, ոլորտային հետազոտողներ ու կիբեռանվտանգության փորձագետներ աշխարհի 23 երկրից։
Կարդացեք նաև
«Խիզախ նոր աշխարհ» լիագումար նիստի պատվավոր հյուր և գլխավոր բանախոս, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Արքեպիսկոպոս Լևոն Զեքեյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ հայերեն Աստվածաշնչի եզակիությանն ու համաշխարհային քրիստոնեական ժառանգության մեջ դրա ունեցած տեղին։
«Նախ և առաջ՝ հայերեն թարգմանությունը կոչված է «Թագուհի թարգմանությանց»։ Եվ ասիկա կոչողը հայ չէ․ ֆրանսիացի Մաթյուրեն Լակրոզն է։ Նա հիացած է եղել հայերեն թարգմանությամբ, որովհետև Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն ունի թե՛ բնագրային մեծ հավատարմություն, և թե՛ լեզվի մեծ վայելչություն։ Շատ դժվար է լեզվի վայելչությունն ու թարգմանական հավատարմությունը հաշտեցնել։ Հայաստանյայց եկեղեցին միակն է, որ իր թարգմանիչներին սրբացրել է»,- նշեց Գերապայծառ Սրբազանը։
Խոսելով 5-րդ դարի Թարգմանչաց շարժման հանճարեղության մասին՝ Հայր Լևոն Զեքեյանն ընդգծեց, որ առանց տեխնիկական հարմարությունների ու թղթի բացակայության պայմաններում 4015-4050 թվականների միջակայքում կատարվել է ծովածավալ գործ․ «Այստեղ կա մեծ հանճարի փայլում, մեծ կարգապահություն և կազմակերպվածություն, որը, առանց սին հավակնության, հավասար է կամ գերազանցում է լավագույն գերմանական կազմակերպվածությանը։ Մեր արժեքների ուղիղ իմացումն ու մարդկության նկատմամբ դրանց նշանակությունը գնահատելը չափազանց կարևոր է»։
Նա նաև անդրադարձավ Ոսկան Երևանցու կատարած բանասիրական հսկայական աշխատանքին՝ նշելով, որ նա Աստվածաշունչը լատիներեն Վուլգաթային համապատասխանեցնելիս գործել է ոչ թե կուրորեն, այլ ամեն ինչ պատճառաբանել ու համեմատել է։
Հատկանշական է, որ ի նշան երախտագիտության՝ գիտաժողովի բացմանը Սրբազանին, ինչպես նաև միջազգային գլխավոր բանախոսներին հանձնվեցին Ազգային գրադարանի հատուկ հուշանշանները, որոնք պատրաստված են ընդամենը 105 հատ՝ Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական նախշերի հիման վրա։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր հերթին ընդգծեց, որ 2022 թվականից մեկնարկած այս գիտաժողովների շարքը հայկական ժառանգության պահպանման հարթակից վերաճել է միջազգային մասնագիտական երկխոսության լայն տարածքի․ «360 տարի առաջ հայերեն Աստվածաշունչը սկսեց իր ճանապարհը Ամստերդամի տպագրատներից։ Այսօր մենք սկսում ենք մեկ այլ ճանապարհ՝ տպագրից դեպի թվային տիեզերք, թվայնացումից դեպի արհեստական բանականություն, հավաքածուներից դեպի փոխկապակցված գիտելիքի համակարգեր։ Սակայն վերջնական նպատակը մնում է նույնը՝ պահպանել մարդու հիշելու, հասկանալու, հարցեր տալու և իմաստ ստեղծելու կարողությունը»։ Նրա փոխանցմամբ՝ այսօր Հայաստանի ավելի քան 1,600,000 մատենագիտական գրառում արդեն հասանելի է աշխարհի տարբեր երկրների հետազոտողների համար, իսկ Ազգային գրադարանն ակտիվորեն համագործակցում է արտասահմանյան կառույցների հետ՝ օգնելով մշակել արտերկրի հավաքածուներում առկա հայալեզու գրականությունը։
Լիագումար նիստում ուշագրավ մասնագիտական դիտարկումներով հանդես եկան նաև միջազգային գործընկերները։ Հարավային Եվրոպայի OCLC EMEA-ի ներկայացուցիչ, ավելի քան 35 տարվա փորձառությամբ գրադարանավար Քրիստիան Վերնեշը (Christian Vernhes) ներկայացրեց «WorldCat-ի ուժը. Հայաստանի ազգային գրադարանը՝ համաշխարհային գիտելիքի տարածքում» թեման։
Նա նշեց, որ Հայաստանի ազգային գրադարանի հետ նախագիծը, թերևս, իր մասնագիտական կարիերայի վերջին խոշոր ծրագիրն է, որում ներդրել է իր ողջ էներգիան։ Վերնեշը պատմական հետաքրքիր զուգահեռ անցկացրեց՝ հիշեցնելով, որ 1967 թ. հիմնադրված OCLC-ն սկզբում թղթային քարտարաններ էր տպագրում. «Օհայոյի Դուբլին քաղաքի փոստային բաժանմունքը ստիպված էր OCLC-ի տարածքում առանձին մասնաճյուղ բացել, որպեսզի ամեն օր բեռնատարներով քարտեր տեղափոխեն։ Եվ պատկերացրեք՝ վերջին թղթային քարտարանները տպագրվել են ընդամենը 2015 թվականին»։ Նա ընդգծեց, որ WorldCat.org-ում այսօր առկա է 600 միլիոն մատենագիտական գրառում (շուրջ 3.5 միլիարդ պահպանման միավոր), և եթե գրադարանի ռեսուրսները տեսանելի չեն համաշխարհային ցանցում, դրանք աշխարհի համար պարզապես գոյություն չունեն։
Կիբեռանվտանգության փորձագետ, Cyber Security for Cultural Heritage-ի հիմնադիր Աննիկա Ֆելտենբաուերը (Annika Feltenbauer), խոսելով «Լուռ թիրախը. ինչո՞ւ են ազգային գրադարանները ենթարկվում կիբեռհարձակումների» թեմայի շուրջ, ներկայացրեց 2023 թվականի հոկտեմբերին Բրիտանական գրադարանի (British Library) վրա տեղի ունեցած ransomware հարձակման աղետալի հետևանքները։ «Չնայած ոչ մի գիրք ֆիզիկապես չէր վնասվել, կատալոգներն ու թվայնացված հավաքածուները ամիսներով անհասանելի դարձան։ Աշխատակիցները չէին տեսնում ֆոնդերը, ընթերցողները չէին կարողանում պատվերներ անել»,- պատմեց փորձագետը՝ հավելելով, որ հանցագործները թիրախավորում են երեք բան՝ տվյալներ, ենթակառուցվածք և հանրային վստահություն։ Ըստ նրա՝ ենթակառուցվածքը կարելի է վերականգնել փողով ու ժամանակով, բայց կորցրած հանրային վստահությունը վերականգնելը ամենադժվար աշխատանքն է։
Օրվա երկրորդ կեսին գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին ըստ ուղղությունների։ Թամանյանական դահլիճում քննարկվեց «Աստվածաշունչը՝ որպես մշակութային ժառանգություն» թեման։ Նախագահական և Փոքր դահլիճներում անդրադարձ կատարվեց Սփյուռքի ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը, ինչպես նաև ազգային տպագիր ժառանգության թվային փոխակերպմանը։ Արվեստի դահլիճում ընթանում էր Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի (IAALA) աշխատանիստը։ Այս տարի գիտաժողովի շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև լեզվի, վիզուալ ժառանգության, ճարտարապետության և որմնանկարների պահպանության, ինչպես նաև փաստագրվող ոչ նյութական ժառանգության հարցերը։
Գիտաժողովի ծրագրի շրջանակում մասնակիցների համար նախատեսված են նաև ճանաչողական այցելություններ թանգարաններ, այդ թվում՝ Մատենադարան, Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան։
Արգինա ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ





























































