ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Հայաստանում քաղբանտարկյալների, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնդրին։
«Այսօր կրկին կխոսենք քաղբանտարկյալների եւ այն իրավիճակի մասին, որ ձեւավորվել է առհասարակ Հայաստանում քաղբանտարկյալների հետ կապված։ Եվ բնականաբար, անպայման կխոսենք Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացների մասին։
Առհասարակ, Գագիկ Ծառուկյանի քրեական գործը՝ շինծու, դատարկ, հիմար, ապուշ, անիմաստ, ինչպես ուզում եք որակավորեք, ակնհայտ ցույց է տալիս, որ այս իշխանությունը ոչ միայն քաղբանտարկյալներով է լցնում բանտերը, այլ նաեւ այնպիսի մեղադրանքներ է առաջ քաշում, որ եթե այսքան ահավոր վիճակը չլիներ, կարելի էր սա վերցնել եւ ներառել դատական դասագրքերում որպես դասական օրինակ, թե ինչպես կարելի է անմեղ մարդուն փորձել դատել, դատապարտել։
Գիտենք, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Գագիկ Ծառուկյանը եւ այն իրանցիները, չգիտեմ խարդախներ են, գողեր են, բիզնեսմեններ են, նստած քննարկում են այն գործը, որի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը ձերբակալված է։ Կոչ եմ անում նայել, որովհետեւ այնտեղ ակնհայտորեն, շատ մանրամասն երեւում է, որ տուժողը ոչ թե իրանցիներն են, որոնց ցուցմունքների հիման վրա գործ է կարվել Ծառուկյանի վրա, այլ հենց ինքը՝ Ծառուկյանը։ Տեսանյութում ակնհայտորեն երեւում է, որ այդ իրանցիները փորձում են զբաղվել մեքենայությամբ, միլիոնավոր դոլարների խաբել Գագիկ Ծառուկյանին։ Հիշեցնեմ, որ Իրանում արդեն իսկ կա դատական եւ պատկան մարմինների մի փաստաթուղթ, համաձայն որի, տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, այլ ոչ թե այդ իրանցիները։
Կարդացեք նաև
Մենք ունենք լիակատար մի աննորմալ իրավիճակ, երբ որ տուժողը, այսինքն, Գագիկ Ծառուկյանը, գտնվում է բանտում, իսկ հանցագործները, ըստ էության, մեղադրանք առաջադրող կողմն ազատության մեջ է։ Պարզ ու ակնհայտ է, որ Ծառուկյանի հետ կապված գործը, այնուամենայնիվ, քաղաքական է։ Հիշենք, թե Փաշինյանը թե նախընտրական, թե հետընտրական փուլում ոնց էր իրեն պատեպատ տալիս, թե պետք է նստեցնի ու չգիտեմ ինչ։ Բայց ինչքան էլ իրեն պատեպատ տա, մածունը սպիտակ է, այսինքն, Ծառուկյանն այստեղ անմեղ է։ Եվ պտտացնելու, ֆռռացնելու փորձերը բերում ե հակառակ էֆեկտի։
Ինձ շատ հետաքրքիր է՝ դատավորը, դատարանը, որը քննելու է այս գործը, ինչպես է փորձելու տակից դուրս գալ։ Անկեղծ եմ ասում։ Շատ հետաքրքիր է, որովհետեւ համաձայն արդեն իսկ հանրայնացված տեղեկությանը, Ծառուկյանն արդեն հենց հիմա պետք է լիներ ազատության մեջ։ Ես լիահույս եմ, որ դատարանը, դատավորը ի վերջո կընդունեն որոշում, համաձայն որի արդարությունը գոնե նվազագույն արտահայտությամբ կգերակայի այս գործի ընթացքում։ Եվ դա շատ կարեւոր է ընդգծել»,-ասաց Արման Աբովյանը։
Նա նաեւ վերջում հիշեցրեց, որ հոկտեմբերի 15–ին ժամը 14։00-ին Մասիվի դատարանում լսվելու է Գագիկ Ծառուկյանի գործը, որի ընթացքում քննարկվելու է նաեւ խափանման միջոցի հարցը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































