Օրերս Հայաստանի պատմության թանգարանում այցելուներից մեկը նման բացատրագրով նմուշ էր լուսանկարել, որտեղ գրված էր՝ «Գոտի պատկերազարդ Ք. ա. 9–6-րդ դդ., հայտնաբերման վայրը՝ անհայտ, Արևելյան Անատոլիա, Թուրքիա, բրոնզ»։ Նույնը նաև անգլերեն էր նշված։
Կատարվածը հանրային մեծ աղմուկ էր բարձրացրել, որից հետո Հայաստանի պատմության թանգարանը «Արևելյան Անատոլիա» տեղանվան պիտակի հետ կապված պարզաբանում էր ներկայացրել, ապա հեռացրել այն, սակայն «Արևելյան Անատոլիան» չէր փոխարինվել «Արևմտյան Հայաստան» տեղանվամբ, այլ պարզապես նշվել էր՝ «հայտնաբերման վայրն անհայտ է»։
Տարբեր ոլորտներ ներկայացնող գործիչներ տարակուսանք էին հայտնել, թե ինչպես են Հայաստանի պետական հաստատությունները ներկայացնում հայ ժողովրդի պատմական հայրենիքն ու ազգային ինքնությունը, այն դեպքում, երբ Հայաստանի պատմության թանգարանը կոչված է պահպանելու և հանրահռչակելու հայկական պատմությունը, մինչդեռ այդ քայլով նպաստել է պատմական ինքնության աղավաղմանը։
Կարդացեք նաև
«Արևելյան Անատոլիան սխալ եզրույթ է, որովհետև Անատոլիան գտնվում է Եփրատ գետից արևմուտք, իսկ Մեծ Հայքը Անատոլիայի տարածքում չէ, Անատոլիայից արևելք է։ Արևելյան Անատոլիան գիտական եզրույթ չէ, որովհետև նշանակում է Եփրատ գետի արևմտյան ափերը, իսկ այդ գոտին, որտեղ գտնվել է, գիտական տերմինով պատմական Հայաստանն է կամ էլ Հայկական բարձրավանդակը, որն այդ շրջանի աշխարհագրական անվանումն է»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
Նա նաև հավելեց, որ այդ տերմինը ներմուծվել է Թուրքիայի կառավարության կողմից. «Նրանք ցանկանում էին Հայկական բարձրավանդակ անունը վերացնել։ Անատոլիա անվանմամբ, փոխանակ Եփրատից միայն արևմտյան շրջանն անվանեն, տարածել են ամբողջ Թուրքիայի տարածքի վրա, որպեսզի Հայկական բարձրավանդակ անունը ջնջեն»։
Այն, որ Անատոլիան շրջանառության մեջ է մտել համեմատաբար ուշ շրջանում և կապ չունի Հայկական բարձրավանդակի հետ, վկայում են բազմաթիվ ակադեմիական աղբյուրներ։ Հեղինակների թվում են ազգությամբ հայ և ոչ հայ գիտնականներ։ Ռիչարդ Հովհաննիսյանն իր պատմագիտական աշխատություններում (օրինակ՝ The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies, 2007) մանրամասնում է, թե ինչպես է «Հայկական լեռնաշխարհ» տեղանունը համակարգված կերպով դուրս մղվել և փոխարինվել «Արևելյան Անատոլիայով»։
Ռոբերտ Հյուսեն ևս իր Armenia: A Historical Atlas (2001) աշխատության մեջ ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի քարտեզագրական պատմությունը և ցույց է տալիս աշխարհագրական ու քաղաքական սահմանների տեղաշարժը։
Ֆրանսիացի պատմաբան Իվ Տերնոնն իր L’Empire ottoman: Le Déclin, la Chute, l’Effacement (Paris, 2002) և այլ աշխատություններում անդրադառնում է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների պատմական ներկայության ջնջման մեխանիզմներին, այդ թվում՝ աշխարհագրական անվանումների փոփոխմանը։
Աշոտ Մելքոնյանն իր պատմաաշխարհագրական ուսումնասիրություններում անդրադարձել է «Արևելյան Անատոլիա» տերմինի քաղաքական ծագմանը՝ ցույց տալով, որ այն պաշտոնական շրջանառության մեջ է մտել Թուրքիայի Հանրապետության 1941 թ. Առաջին աշխարհագրական կոնգրեսի որոշումներով՝ «Հայկական լեռնաշխարհ» անվանումը դուրս մղելու նպատակով (Մելքոնյան, Ա. (2010). Արևմտյան Հայաստանի բնակավայրերի տեղանվանափոխության պատմությունից. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ)։
Բաբկեն Հարությունյանն իր պատմական աշխարհագրությանը նվիրված աշխատություններում գիտականորեն հիմնավորել է, որ Անատոլիայի արևելյան բնական-աշխարհագրական սահմանը Եփրատ գետն է, իսկ Վանա լճի, Արարատի և Արաքսի ավազանների ներառումը «Անատոլիա» հասկացության մեջ աշխարհագրական և պատմական կեղծիք է (Հարությունյան, Բ. (2005). Հայաստանի պատմության, պատմական աշխարհագրության և քարտեզագրության հիմնահարցեր. ԵՊՀ հրատարակչություն)։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































