Հոկտեմբերի 16-ին նշվում է համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը, ինչի առիթով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա գալա-համերգ: Համերգի հատուկ հյուրն է աշխարհի առաջատար օպերային աստղ Պլասիդո Դոմինգոն: Գալա-համերգը կմիավորի ինչպես Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, այնպես էլ գործընկերներին, սաներին և միջազգային օպերային բեմի նշանավոր արտիստներին՝ ներկայացնելով նրա ստեղծագործական ժառանգությունն ու հիշատակը։

A press conference was held ahead of a gala concert at the Armenian National Academic Theatre of Opera and Ballet, marking the 75th anniversary of Gegham Grigoryan, the legendary tenor of the international opera scene. Yerevan, Armenia
«Կարևոր եմ համարում նման հոբելյանների ըստ արժանվույն նշելը, որոնք նշանավորում են մեր անվանի արվեստագետների ավանդը»,- համերգի առիթով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ հաճելի է, որ Գեղամ Գրիգորյանի հոբելյանը նշվում է նման միջոցառմամբ, երբ Երևանը դառնում է համաշխարհային մայրաքաղաք՝ COP 17-ի շրջանակում հյուրընկալելով բազմաթիվ հյուրերի տարբեր երկրներից: «Յուրաքանչյուր բեմի համար պատիվ է նման արտիստներ հյուրընկալելը, և մեր օպերային թատրոնն այդ բեմերից մեկն է։ Շատ կարևոր է նաև, որ որակյալ երաժշտություն վայելելու հնարավորություն ընձեռենք մեր հանրությանը: Ես վստահ եմ, որ հենց նման բարձրարվեստ համերգի ենք ականատես լինելու՝ համեմված ջերմությամբ, հիշողություններով։ Նման իրադարձությունները Հայաստանը դարձնում են գրավիչ զբոսաշրջության համար»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

A press conference was held ahead of a gala concert at the Armenian National Academic Theatre of Opera and Ballet, marking the 75th anniversary of Gegham Grigoryan, the legendary tenor of the international opera scene. Yerevan, Armenia
«Շատ ուրախ եմ տեսնել, թե որքան կարևոր դեր ունի երաժշտությունը մեր մշակույթում։ Այս համերգը կազմակերպվել է մեր ընտանիքի կողմից: Միայն համերգը չէ, մենք նաև պատմություններ ենք ներկայացնում հայրիկիս մասին, ինչը այս երեկոն իսկապես շատ կարևոր ու հուզիչ է դարձնում։ Ես շատ ուրախ եմ այս ամենին մաս կազմելու համար։ Շատ շնորհակալ եմ այն աջակցության համար, որ ստացել ենք այս համերգը կազմակերպելիս»,- նշեց Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ ճանաչված օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը՝ անվանական նշելով բոլոր աջակիցներին։ Հասմիկ Գրիգորյանը հավելեց նաև, որ մեծ պատիվ է նույն բեմը կիսել Պլասիդո Դոմինգոյի հետ։
Կարդացեք նաև
«Ուրախ եմ երկրորդ անգամ լինել Երևանում: Ընդամենը 4 ժամ առաջ եմ ժամանել, բայց խոստանում եմ համերգի ժամանակ լիովին պատրաստ լինել: Հիշում եմ, թե անցյալ այցելության ժամանակ ինչ հրաշալի ժամանակ եմ անցկացրել այստեղ: Ես լավ հիշողություններ ունեմ՝ կապված Գեղամ Գրիգորյանի հետ»,- ասաց աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Նա հիշեց Գեղամ Գրիգորյանի ելույթներն աշխարհի լավագույն բեմերում։
Հասմիկ Գրիգորյանն էլ հավելեց, որ շատ երիտասարդ օպերային արտիստներ կուզենային ունենալ այն վոկալ տվյալները, որոնք այս տարիքում ունի Պլասիդո Դոմինգոն։ Հասմիկ Գրիգորյանը հիշեց, թե ինչպես էր հայրը ոգևորում իրեն՝ ասելով, որ կարևոր է երգելը, բայց նաև շեշտում էր, թե ամենակարևորը լավ մարդ լինելն է:
Գեղամ Գրիգորյանի ավագ որդին՝ համերգի երաժշտական ղեկավար, դիրիժոր Վարդան Գրիգորյանը, ևս շնորհակալություն հայտնեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին, ԿԳՄՍ նախարարությանը և Պլասիդո Դոմինգոյին՝ համերգի կայացմանը մեծապես նպաստելու համար։

A press conference was held ahead of a gala concert at the Armenian National Academic Theatre of Opera and Ballet, marking the 75th anniversary of Gegham Grigoryan, the legendary tenor of the international opera scene. Yerevan, Armenia
Կարեն Դուրգարյանը հավելեց, թե ակնկալում է, որ այս համերգից հետո բոլորը կմտածեն Գեղամ Գրիգորյանի անվան միջազգային մրցույթ կամ օպերային փառատոն ստեղծելու մասին, որովհետև, նրա ձևակերպմամբ, Գեղամ Գրիգորյանն այն մեծությունն է, որի թողած ավանդը պետք է պահպանել հաջորդ սերունդների համար: Նա նշեց նաև, որ Գեղամ Գրիգորյանը դրել էր երաժշտական ակադեմիայի ստեղծման հիմքերը, որը ընտանիքի թույլտվությամբ կկրի նրա անունը։
Հասմիկ Գրիգորյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ Հայաստանը մեծ տեղ է զբաղեցնում իր սրտում։ Թեև Հայաստանում չի մեծացել և ապրել, բայց միշտ իրեն հայ է համարել, որովհետև դա էր հայրը սերմանել։ Նա նաև նշեց, որ աշխարհի որ անկյունում էլ լինի, «Անուշ» է երգում, և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից Անուշի արիան ընդգրկված է իր երգացանկում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































