Հոկտեմբերի 16-ին Երեւանում՝ Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված մեծանուն հայ տենոր, համաշխարհային օպերային արվեստի լեգենդ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին։ Բացառիկ համերգին կմասնակցեն համաշխարհային աստղեր Հասմիկ Գրիգորյանը եւ Պլասիդո Դոմինգոն, ինչպես նաեւ օպերային բեմի նշանավոր ներկայացուցիչներ Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Եվգենի Նիկիտինը, Տատյանա Պավլովսկայան, Իրենա Միլկյավիչյուտեն, Գեղամ Գրիգորյանի այլ գործընկերներ, մտերիմներ եւ սաներ։
Գեղամ Գրիգորյանը երգում էր այնպես, որ Միլանի, Լոնդոնի, Նյու Յորքի, Վիեննայի, Բեռլինի ու Փարիզի ամենահեղինակավոր բեմերում նրա ելույթներն ուղեկցվում էին հոտնկայս ծափահարություններով։ Սակայն Գեղամ Գրիգորյանի մեծությունը միայն նրա բացառիկ ձայնի ու տաղանդի մեջ չէր։ Նրան սիրում ու գնահատում էին նաեւ մարդկային ազնվության, ընկերներին նվիրվածության, բարության եւ ուրիշներին ձեռք մեկնելու պատրաստակամության համար։
Հոկտեմբերի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի բեմում կհանդիպեն համաշխարհային օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչներ, Գեղամ Գրիգորյանի երկարամյա գործընկերներն ու բեմական խաղընկերները, նրա սաներն ու ընտանիքի անդամները։ Նրանք Երեւանում կհավաքվեն մեկ բացառիկ երեկոյի ընթացքում՝ երաժշտության միջոցով իրենց սերն ու երախտագիտությունը փոխանցելու մեծանուն արտիստի հիշատակին, որի 75-ամյակը այս տարի կլրանար։
Գեղամ Գրիգորյանի կենսագրությունն արժանի է իր տեղն ունենալու համաշխարհային օպերայի պատմության մեջ։ Երիտասարդ ջութակահարը մի օր սիրահարվեց օպերային արվեստին եւ ընդունվեց Երեւանի պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետ։ Քսան տարեկանում նա առաջին անգամ դուրս եկավ մեծ բեմ, իսկ արդեն մեկ տարի անց ելույթներ ունեցավ Բեռլինում։ Քսանվեց տարեկանում նա հայտնվեց աշխարհի երաժշտական գլխավոր կենտրոններից մեկում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում, որտեղ հրավիրվել էր երիտասարդ արտիստների համար նախատեսված պրակտիկայի ծրագրի շրջանակում։
Կարդացեք նաև
Միլանի «Լա Սկալա» թատրոնը դարձավ Գեղամ Գրիգորյանի միջազգային մեծ կարիերայի կարեւորագույն հանգրվաններից մեկը։ Աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարությամբ բեմադրված ներկայացումներում նրան վստահվեցին նշանակալի դերերգեր։ Սակայն Յուրի Լյուբիմովի «Բորիս Գոդունով» օպերայի բեմադրությանը մասնակցությունը, որտեղ երիտասարդ տենորը մարմնավորեց Կեղծ Դմիտրիի կերպարը, շրջադարձային եղավ նրա ստեղծագործական ճակատագրում․ այդ բեմադրությունից հետո Գեղամ Գրիգորյանին տասը տարի արգելվեց լքել ԽՍՀՄ-ը։
Սակայն նույնիսկ այդ պայմաններում նրա կարիերան շարունակում էր սրընթաց զարգանալ։ Գեղամ Գրիգորյանը դարձավ երկու հեղինակավոր վոկալ մրցույթների դափնեկիր՝ Միխայիլ Գլինկայի անվան համամիութենական մրցույթի եւ Պյոտր Չայկովսկու անվան միջազգային մրցույթի։ Վիլնյուսի օպերայի եւ բալետի թատրոնում աշխատանքի տարիներին նա զգալիորեն ընդլայնեց իր երգացանկը եւ նվաճեց հանդիսատեսի սերը։
Երբ սահմանները կրկին բացվեցին, նրա առջեւ բացվեցին աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների դռները։ Գեղամ Գրիգորյանը հանդես եկավ Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի «Քովենթ Գարդեն» օպերային թատրոնում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Բարսելոնայի «Լիսեո» թատրոնում, Վենետիկի «Լա Ֆենիչե» օպերային թատրոնում, Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում, ինչպես նաեւ Փարիզի, Բեռլինի, Համբուրգի եւ Հռոմի առաջատար բեմերում։
1999 թվականին, գտնվելով միջազգային կարիերայի գագաթնակետին, Գեղամ Գրիգորյանն ընդունեց Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնը ղեկավարելու հրավերը՝ վերադառնալով այն թատրոն, որտեղ ժամանակին սկսվել էր իր ստեղծագործական ճանապարհը։
«Ինձ թատրոն հրավիրեցին ամենադժվար ժամանակաշրջանում․ միջոցներ չկային, շենքում ցուրտ էր։ Այդ ժամանակ ես երգում էի «Լա Սկալա» թատրոնում․ ամեն ինչ թողեցի եւ վերադարձա», — հետագայում հիշում էր արտիստը։
Գեղամ Գրիգորյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր մինչեւ 2008 թվականը։ 2015 թվականին նա կրկին վերադարձավ այդ պաշտոնին, սակայն արդեն հաջորդ տարի մեծանուն երգիչը կյանքից հեռացավ։
Բայց մնաց նրա հսկայական ստեղծագործական ու մարդկային ժառանգությունը՝ դերերգեր, որոնք դարձան համաշխարհային օպերայի պատմության մաս, թատրոն, որին նա նվիրեց իր կյանքի ամենակարեւոր տարիները, սաներ, որոնց օգնեց դուրս գալ մեծ բեմ, ընտանիք, որը շարունակեց նրա գործը, եւ ընկերներ, որոնք պահպանեցին նրա հիշատակը։
Նրանցից մեկը Պլասիդո Դոմինգոն էր՝ Գեղամ Գրիգորյանի վաղեմի ընկերը եւ բեմական գործընկերը։ Երկու մեծանուն արտիստներին կապում էին ոչ միայն համատեղ ելույթները, այլեւ խոր փոխադարձ հարգանքը։ Նրանց միավորում էին երաժշտությանը անսահման նվիրվածությունը, տաղանդի մեծությունը, ռեժիսուրայի եւ թատերական կառավարման հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի երգիչներին աջակցելու անկեղծ ցանկությունը։
Պլասիդո Դոմինգոն առանց երկմտելու ընդունեց Երեւան գալու եւ իր ընկերոջ պատվին ելույթ ունենալու հրավերը։ Հոկտեմբերի 16-ին երկու լեգենդների հանդիպումը կշարունակվի երաժշտության մեջ՝ որպես հիշատակի, բարեկամության եւ երախտագիտության խորհրդանիշ։
Պլասիդո Դոմինգոյի հետ բեմ կբարձարանա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը՝ մեր օրերի ամենավառ ու պահանջված օպերային երգչուհիներից մեկը։ Նրա բացառիկ ձայնը, խոր դրամատիկական տաղանդն ու բեմական համարձակությունը նրան ճանաչում եւ բարձր գնահատանք են բերել աշխարհի հեղինակավոր օպերային բեմերում։ Հասմիկ Գրիգորյանը հանդես է գալիս «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում, «Լա Սկալա» թատրոնում, Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի Թագավորական օպերայում, Փարիզի օպերայում եւ Զալցբուրգի փառատոնում։ Նա արժանացել է International Opera Award-ի եւ Opus Klassik հեղինակավոր մրցանակներին, իսկ «Opernwelt» ամսագրի վարկածով երկու անգամ ճանաչվել է տարվա երգչուհի։
Գեղամ Գրիգորյանը հասցրեց ականատես լինել դստեր առաջին մեծ հաղթանակներին։ Հասմիկը խոստովանում է, որ հոր ներկայության զգացումը մինչ օրս չի լքում իրեն․ «Երբ հայրս հեռացավ, իմ ներսում կարծես երկրորդ շարժիչը միացավ։ Ես ինձ զգում էի այնպես, կարծես նա բեմում ինձ հետ միասին երգում էր»։ Հոկտեմբերի 16-ին հոր եւ դստեր այդ անտեսանելի ստեղծագործական միասնությունը նոր ուժով կդրսեւորվի բեմում։
Հասմիկ Գրիգորյանի եւ Պլասիդո Դոմինգոյի հետ գալա-համերգին կմասնակցեն համաշխարհային օպերային բեմի նշանավոր ներկայացուցիչներ՝ Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Եվգենի Նիկիտինը, Տատյանա Պավլովսկայան, Իրենա Միլկյավիչյուտեն, ինչպես նաեւ Գեղամ Գրիգորյանի այլ գործընկերներ, մտերիմներ եւ սաներ։
Նրանցից յուրաքանչյուրի համար այս երեկոն պարզապես համերգ չի լինելու, այլ անձնական նվիրում՝ մեծանուն արտիստին, ուսուցչին եւ ընկերոջը։
Երեկոյի բոլոր մասնակիցներին կմիավորի Գեղամ Գրիգորյանի ավագ որդին՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանը։ Հենց նա կկանգնի դիրիժորական վահանակի առջեւ՝ ղեկավարելու այս համերգը այն թատրոնում, որի հետ անքակտելիորեն կապված են իր հոր կյանքն ու ճակատագիրը։
Այսպես Գրիգորյանների երաժշտական դինաստիան կշարունակի հնչել այն բեմում, որտեղ ժամանակին սկսվել էր մեծանուն հայ տենորի ճանապարհը։
Հոկտեմբերի 16-ի գալա-համերգը կլինի ոչ միայն մեծ երգչին նվիրված երեկո, այլեւ պատմություն նրա հսկայական ժառանգության մասին՝ այն արտիստների, որոնց նա ոգեշնչեց, այն սաների, որոնց օգնեց դուրս գալ բեմ, այն թատրոնի, որին աջակցեց նրա պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկում, եւ այն ընտանիքի մասին, որը շարունակում է նրա գործը։
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն


















































