Հուլիս-օգոստոս ամիսներին աշխարհի ուշադրության կենտրոնում են հայտնվում Ավստրիայում ավանդաբար անցկացվող Զալցբուրգի ամառային փառատոնը (մեկնարկել է 1920 թ.) և Բուրգենլանդի «Steinbruch Opern Festival»-ը (1957 թ.-ից)։
Aravot.am-ն, իհարկե, ոչ ավանդաբար, բայց անդրադարձել է այս փառատոներին՝ տարբեր առիթներով, մանավանդ երբ այդ միջոցառումներն ունեցել են հայ մասնակիցներ։ Իսկ այս տարի նրանք երկուսն են՝ օպերային աստղեր, սոպրանո Հասմիկ Գրիգորյանը և բարիտոն Գևորգ Հակոբյանը։
Հիմա ուշադրություն։ Սոպրանո Հասմիկ Գրիգորյանն առաջին անգամ հանդես է եկել Կարմենի դերերգով, որն, ինչպես հայտնի է, գրված է մեցցո-սոպրանոյի համար, իսկ Գևորգ Հակոբյանը՝ իր երգացանկում վաղուց տեղ գտած ու հանդիսատեսի կողմից սպասված ոստիկանապետ Սկարպիայի դերերգով։
Կարդացեք նաև
Մենք կապվեցինք Գևորգ Հակոբյանի հետ՝ նախապես տեղեկացված լինելով, որ նա ներկա է գտնվել Բիզեի «Կարմեն» օպերայի գլխավոր փորձին։ Ծանոթացանք ներկայացումներից հետո հրապարակված գրախոսություններին և այլն։ Հոդվածը պատրաստ էր, երբ օպերային դիվա Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան էջում կարդացինք հետևյալ գրառումը.
«Եթե պատահի, որ մինչև օգոստոսի 22-ը հայտնվեք Ավստրիայում՝ Վիեննայից մոտ 57 կմ հեռավորության վրա, կարող եք այցելել հայտնի «Steinbruch Opern Festival»-ը Բուրգենլանդում, ուր երջանկություն կունենաք ունկնդրելու մեր հայրենակից Գևորգ Հակոբյանին, որը հանդես է գալիս ոստիկանապետ Սկարպիայի դերերգով Պուչչինիի «Տոսկա» օպերայում։ Կտեսնեք, որ 230 տարի առաջ էլ շատ բարքեր նույնն են եղել, ճիշտ ինչպես մեր օրերում… Փայլեց Գևորգը երեկ, լավագույնն էր ողջ կազմում, կարող եմ առանց վարանելու փաստել։ Գնացեք և կհամոզվեք, թե ովքեր են իրական աստղերը, որոնք լույս են սփռում ոչ թե պատահմամբ կամ բախտի բերմամբ, այլ ամբողջովին իրական են և, համեստորեն իրենց գործն անելով, ամենուրեք բարձր են պահում հայի պատիվը։ Կեցցե՛ս, սիրելի Գևորգ, ձայնդ անսպառ։ Թող ի վերուստ տրված տաղանդիդ շնորհիվ շարունակական լինեն հաղթանակներդ»։
Նման խոսքից հետո չենք կարծում, թե անհրաժեշտություն կա մեջբերել արտասահմանցի այլ մասնագետների տպավորություններն ու որակումները։
Բայց վստահ ենք, որ կհետաքրքրի Գևորգ Հակոբյանի հայտնածը Հասմիկ Գրիգորյան-Կարմենի մասին։ Իսկ մինչ այդ փաստենք, որ օրերս Բիզեի «Կարմենի» նոր բեմադրության պրեմիերան Զալցբուրգի փառատոնում դարձել է ամռան ամենաքննարկվող օպերային պրեմիերաներից մեկը։ Գաբրիելա Կարրիզոյի ռեժիսուրայով ներկայացումը, որին մասնակցում էին նրա «Peeping Tom» պարային խումբը, դիրիժոր Թեոդոր Կուրենցիսի «Ուտոպիա» նվագախումբն ու երգչախումբը, ոչ միայն բաժանեց քննադատներին, այլ բացահայտեց օպերային ներկայիս խոսակցության մի քանի հիմնական թեմաներ՝ ինչպես կարդալ «Կարմենն» այսօր՝ կանանց սպանության մասին բանավեճերի ֆոնին, որքան հեռու կարող է գնալ ռեժիսորը տղամարդկանց բռնության ուսումնասիրության մեջ, ինչ է պատահում Բիզեի երաժշտությանը, երբ դրա վաղ շերտերը վերականգնվում են, և ինչպես է երաժշտական նրբությունը համադրվում տեսողական գերծանրաբեռնվածության հետ մեծ փառատոնային բեմում։ Այս մասին, և ոչ միայն, գրված է art-minded.com մասնագիտական կայքում։
F.A.Z.-ը համառոտ գրում է. «Միայն Հասմիկ Գրիգորյանն է այս ներկայացման մեջ հասնում իսկապես անհատական մակարդակի։ Նրա Կարմենը սկզբում կարող է թվալ համարձակ, սադրիչ, գրեթե փողոցային, բայց գործողությունների զարգացմանը զուգահեռ այս արտաքին կեղևի տակից ի հայտ են գալիս այլ շերտեր՝ աղջկական ինքնաբուխություն, խոցելիություն, գրեթե մանկական անմիջականություն, որը չի ժխտում ներքին ուժը։ Հենց այս հակասական ամբողջականությունն է, որ կերպարը դարձնում է գրավիչ»։
Գևորգ Հակոբյանի փոխանցմամբ. «Եթե կա որևէ տեղ, ուր գրեթե համընդհանուր քննադատական համաձայնություն է ի հայտ գալիս, դա Հասմիկ Գրիգորյանի շուրջն է։ Գրեթե բոլոր հոդվածների հեղինակները, անկախ ներկայացման նկատմամբ իրենց վերաբերմունքից, ընդունում են, որ երգչուհու դերի դեբյուտը դարձավ երեկոյի միջուկը։ Այո, գրախոսությունների շրջանակը լայն է, բայց ոչ քաոսային։ Գուցե կրկնվեմ, բայց արժե կրկին շեշտել, որ գրեթե բոլոր քննադատները համաձայն են մեկ բանի հետ՝ Հասմիկ Գրիգորյանի դեբյուտը Կարմենի դերերգով դարձավ բեմադրության անվիճելի կենտրոնը։ Ընդ որում, այս բեմադրությունում մաեստրո Կուրենցիսն առաջարկում է ոչ միայն անձնական մեկնաբանություն, այլև աշխատանք՝ Բիզեի պարտիտուրի ավելի վաղ, պակաս ծանոթ տարբերակով։ Հիանալի է, բրավո, Հասմիկ»։
BR-Klassik-ն էլ կարծիք է հայտնում, թե Կարմեն-Հասմիկ Գրիգորյանը ոչ թե կրքոտ վամպ է, այլ զգայուն միայնակ, որը շփվում է եղջերուների հետ, խառնվում քրեական աշխարհի հետ, բայց միևնույն ժամանակ տիրապետում է ազդեցության տեսլականային ուժին։
Klassik-begeistert-ը նշում է, որ այս դեպքում երգչուհին թվում է մի փոքր ավելի զուսպ, քան իր սովորական ծայրահեղ հերոսուհիների կերպարներում, բայց հենց այս չափավորությունն է, որ թույլ է տալիս նրա Կարմենին աստիճանաբար զարգանալ, այլ ոչ թե այրվել վաղ տեսարաններում։
Անդրադառնալով Գևորգ Հակոբյանի խոսքին՝ ներկայացնենք նրա վերջին միտքը. «Ընդհանուր առմամբ, քննադատները Հասմիկին նկարագրում են որպես այն հազվագյուտ Կարմենին, որը կարող է չհամապատասխանել ավանդական տեմբրային սպասումներին, բայց որը գերազանցում է շատ «ստանդարտ» մեկնաբանություններ դրամատիկ ամբողջականությամբ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. Ըստ հավաստի տեղեկության՝ աշնանը կկայանա Հասմիկ Գրիգորյանի բեմելը Երևանի օպերային թատրոնում։
Լուսանկարներում՝ Հասմիկ Գրիգորյանը և Գևորգ Հակոբյանը Ավստրիայում՝ փառատոնային «Կարմեն» և «Տոսկա» ներկայացումներում։
Լուսանկարները տրամադրել է Գևորգ Հակոբյանը։























































