Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է

Հոկտեմբեր 15,2026 12:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Արմենպրես.. Համաշխարհային բիզնեսի և հանքարդյունաբերության ոլորտի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ Մարկ Կուտիֆանին, երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է։

Տասնամյակների իր փորձառությամբ նա նպաստել է ոլորտի զարգացմանն ու վերափոխմանը՝ առաջնորդելով աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում Կուտիֆանին ականատես է եղել հանքարդյունաբերության ոլորտի կարևոր փոփոխություններին՝ տեխնոլոգիական առաջընթացից մինչև բնապահպանական և սոցիալական պատասխանատվության նկատմամբ աճող պահանջներ։ «Համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների զարգացման գործում ունեցած ավանդի համար» Մարկ Կուտիֆանին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորի կոչման՝ ընդգրկվելով Միացյալ Թագավորության 2024 թվականի պատվավոր պարգևատրումների ցանկում։

Մարկ Կուտիֆանիի հետ «Արմենպրես»-ը զրուցել է հանքարդյունաբերության առաջիկա տասնամյակը ձևավորող գործոնների, ոլորտում երկրների մրցունակությունը ձևավորող պահանջների և այն հնարավորությունների մասին, որոնք Հայաստանը կարող է օգտագործել միջազգային շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար։

–Դուք համարվում եք ժամանակակից հանքարդյունաբերության ձևավորման գործում առանցքային դեր ստանձնած առաջնորդներից մեկը, ով տասնամյակներ շարունակ մասնակցել է ոլորտի վերափոխմանը։ Ձեր փորձից ելնելով՝ որո՞նք են այսօր ոլորտը վերափոխած ամենակարևոր գործոնները, և որո՞նք են որոշիչ լինելու առաջիկա տասնամյակում։

-Կարծում եմ՝ մեր ոլորտի զարգացման վրա ամենամեծ ազդեցությունն ունի և հետագայում էլ կունենա մարդկանց կյանքի որակի բարելավման գործում հանքարդյունաբերության դերի հանրային գիտակցումը։ Որքան լավ բացատրենք մեր գործունեության նշանակությունը, այնքան ավելի մեծ աջակցություն կստանանք հանրության կողմից նոր հանքավայրերի և հանքարդյունաբերական նախագծերի զարգացման համար։

Ավելի ծավալուն հանքարդյունաբերական գործունեությունը մեզ կստիպի վերանայել արդյունահանման ավանդական մոտեցումներն ու մտածել նորովի։ Այդ համատեքստում նորարարությունն ոչ թե սոսկ պայմանների բարելավում կդիտվի, այլ՝ անհրաժեշտություն։

Մրցակցային լուրջ առավելություն կստանա այն ընկերությունը, որը կկարողանա հանքարդյունաբերությունը համատեղել բնության պահպանության հետ՝ հաշվի առնելով իր գործունեության ազդեցությունը տեղական համայնքների և ավելի լայն տարածաշրջանային տնտեսությունների վրա։ Սա անմիջականորեն կապված է նաև իմ առաջին դիտարկման հետ։ Կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ մեր ոլորտի նշանակությունը միայն մեր արտադրած հումքով ու նյութերով չի սահմանափակվում։ Մենք նաև կարող ենք նպաստել շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության ընդհանուր ազդեցության նվազեցմանը։

Ոլորտի կոնսոլիդացիան պայմանավորված կլինի կապիտալի պահանջարկով և երկարաժամկետ ներդրումների համար առավել մրցունակ գործիքներ ստեղծելու անհրաժեշտությամբ։

–Դուք ղեկավարել եք աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը և մի քանի տասնամյակների ընթացքում ականատես եք եղել ոլորտի զարգացմանը։ Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչն է հանքարդյունաբերության ոլորտում երկիրը դարձնում իսկապես մրցունակ և ապագայի մարտահրավերներին պատրաստ՝ բացի ընդերքի հարուստ պաշարներ ունենալուց։

-Կարծում եմ՝ դրա համար անհրաժեշտ է մի շարք պայմանների առկայություն։ Դրանցից են ոլորտի վերաբերյալ հստակ պետական քաղաքականությունն ու դրա հետևողական իրականացումը։ Կարևոր է նաև խրախուսել ընկերություններին համագործակցել տեղական համայնքների հետ և ակտիվորեն ներգրավել նրանց հանրային քննարկումներում։ Ընդհուպ մինչև այն, որ պետական մարմինները կարող են աջակցել այդ երկխոսությանը և նպաստել դրա արդյունավետ կազմակերպմանը։

Մյուս կարևոր գործոնը տարածաշրջանային համատեղ զարգացումն է, երբ ընկերություններն ու կառավարությունները համագործակցում են ընդհանուր ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ուղղությամբ։ Այդ լուծումները պետք է ծառայեն ոչ միայն հանքարդյունաբերությանը, այլև տնտեսության մյուս ճյուղերին ու համայնքներին։

Այստեղ առանցքային նշանակություն ունի շահերի համադրումը։ Եվ հենց այս հարցում կառավարությունները կարող են կարևոր դեր խաղալ՝ նպաստելով համագործակցությանը և տարբեր կողմերի միջև ընդհանուր լուծումներ գտնելուն։

–Հայաստանը հանքարդյունաբերության տեսանկյունից համեմատաբար փոքր երկիր է, սակայն ունի ոլորտի զարգացման երկարատև պատմություն և պղնձի ու մոլիբդենի զգալի պաշարներ։ Միաժամանակ այն գտնվում է մի տարածաշրջանում, որի նշանակությունը միջազգային առևտրային ուղիների և մատակարարման շղթաների համար գնալով մեծանում է։ Որտե՞ղ եք տեսնում Հայաստանի ամենամեծ հնարավորությունը՝ համաշխարհային հանքարդյունաբերության մեջ իր դիրքն ամրապնդելու տեսանկյունից։

-Կարծում եմ՝ լավ մեկնարկային քայլ կլինի Հայաստանի երկրաբանական տվյալների բազայի ամբողջականացումը և համակարգումը։ Դա հնարավորություն կտա ընկերություններին և անհատ ներդրողներին իրենց ուսումնասիրությունները սկսել հստակ երկրաբանական տեղեկատվության հիման վրա։

Աֆրիկյան երկրներն աստիճանաբար գիտակցում են, թե որքան կարևոր է հնարավոր ներդրողներին տրամադրել հասանելի երկրաբանական տվյալներ, որոնք կօգնեն նրանց նախնական պատկերացում կազմել առկա հնարավորությունների մասին։ Այս գործընթացի կարևոր բաղադրիչ է նաև հստակ մեխանիզմների ստեղծումը, որոնց միջոցով հետաքրքրված ընկերությունները կարող են հայտ ներկայացնել կամ մրցակցել որոշակի տարածքներում ուսումնասիրություններ իրականացնելու և հանքային ռեսուրսները զարգացնելու համար։

Պղնձի և մոլիբդենի վրա կենտրոնանալը լավ մեկնարկային կետ է, սակայն Հայաստանը չպետք է սահմանափակի իրեն միայն այդ հնարավորություններով։ Մենք հաստատ գիտենք, որ նյութագիտության զարգացմանը զուգահեռ մետաղների և հանքային նյութերի կիրառման նոր ձևեր են ի հայտ գալիս, և դրանք կարող են շատ արագ փոխել դրանց տնտեսական նշանակության վերաբերյալ պատկերացումները։

Հայաստանը պետք է խրախուսի նորարարությունն ու ոչ ստանդարտ մտածողությունը՝ բաց մնալով նոր գաղափարների և ոլորտ մուտք գործող նոր ընկերությունների ու ներդրողների համար։

–Հայաստանի նման երկրների համար երկարաժամկետ և լուրջ ներդրումներ ներգրավելը միայն բնական պաշարներ ունենալու հարց չէ։ Կարևոր են նաև կանխատեսելի կարգավորումները, տեխնիկական և մասնագիտական վստահելիությունը, հանրային վստահությունը և բնապահպանական բարձր չափանիշները։ Ձեր կարծիքով՝ այս գործոններից որո՞նք պետք է լինեն Հայաստանի առաջնահերթությունները՝ ավելի որակյալ ներդրումներ ներգրավելու համար։

-Հանքարդյունաբերության ոլորտում ցանկացած լուրջ և վստահելի զարգացման ծրագիր պետք է սկսվի համապատասխան տարածքների հասանելիությունից։ Դրան զուգահեռ պետք է ունենալ հստակ չափանիշներ և մոտեցումներ, որոնք ոլորտի բոլոր մասնակիցների համար կսահմանեն անվտանգության, բնապահպանության և սոցիալական պատասխանատվության անհրաժեշտ պահանջներ։

Կարևոր է ներգրավել ոլորտի լուրջ և փորձառու ընկերությունների, որոնք վստահ կլինեն երկրի օրենսդրության, սեփականության իրավունքի պաշտպանության և սահմանված կանոնների նկատմամբ։

Դրանից հետո արդեն հնարավոր կլինի անցնել տեխնիկական աշխատանքներին՝ գնահատելով հողատարածքների իրավական կարգավիճակը, երկրաբանական տվյալները և նախագծերի ֆինանսատնտեսական ներուժը։

Ինչպես արդեն նշեցի, առանցքային նշանակություն ունի նաև միասնական ենթակառուցվածքների զարգացումը կամ դրանց ստեղծմանն աջակցելը։ Անհրաժեշտ է բարելավել հանքարդյունաբերության հիմնական ենթակառուցվածքները՝ միաժամանակ օգտագործելով արդեն գոյություն ունեցող հնարավորությունները։

Այս զարգացման մաս է կազմում նաև սոցիալական ենթակառուցվածքների՝ մասնավորապես առողջապահության և կրթության ոլորտների զարգացումը։

Իսկ հանքաքարի արդյունահանումից հետո հումքի վերամշակմանն ու ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության զարգացմանը հնարավոր կլինի անցնել միայն այն ժամանակ, երբ ապահովված կլինեն էներգակիրների մրցունակ գները, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունեցող աշխատուժը և համապատասխան այլ կարողությունները։

–Դուք մասնակցել եք աշխարհի բազմաթիվ խոշոր հանքարդյունաբերական համաժողովների։ Ի՞նչը Ձեզ համոզեց ընդունել Հայաստան այցելելու և Mining Armenia Forum-ին մասնակցելու հրավերը։ Ո՞ր քննարկումներն են Ձեզ հատկապես հետաքրքրում այստեղ։

-Ես միշտ սկսում եմ մարդկանցից։ Հայաստանից ինձ հետ շփված մարդկանց ոգևորությունն ու նախաձեռնողականությունն անմիջապես գրավել են ուշադրությունս։ Տարիների փորձս ցույց է տվել, որ երբ հանդիպում ես մարդկանց, ովքեր իսկապես նվիրված են իրենց աշխատանքին, շատ լավ սկիզբ է։

Իհարկե, կարևոր են նաև երկրի երկրաբանական պայմաններն ու ներուժը։ Հանքարդյունաբերության հարուստ պատմությունը, ինչպես նաև պղնձի, մոլիբդենի և ոսկու արդյունահանման հնարավորությունները հուշում են, որ կարող են լինել նաև այլ օգտակար հանածոների զարգացման հեռանկարներ։

Տնտեսությունը բացելու, նոր գաղափարներ լսելու և նոր մոտեցումներ ընդունելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը ևս կարևոր քայլ են և նոր հնարավորությունների առկայության նշան։

Իմ տպավորությամբ՝ Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, որի ապագա ներուժն ու հնարավորությունները կարող են ավելին լինել, քան այսօր պատկերացնում ենք։

Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։ 

Այս տարի ֆորումը կհամախմբի շուրջ 50 միջազգային և տեղական բանախոսների, ովքեր կառավարության ներկայացուցիչներ, ներդրողներ, կայուն զարգացման նպատակների փորձագետներ և տեխնոլոգիական առաջատարներ են։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031