«ՀՀ-ում աղետ է ժողովրդավարության բնագավառում, աղետ է բնապահպանության բնագավառում, աղետ է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, որտեղ ամենուր փորձում են լռեցնել մեզ։ Արդարության ձայնը խլացնել չեք կարող»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց «Չկա կենսաբազմազանություն պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» խորագրով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։
Ըստ նրա՝ մեր երկրի համար այս ծանր ժամանակահատվածում, երբ մեր հազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց հողում ապրելու հնարավորությունից, ենթարկվել էթնիկ զտման, երբ երկրում ժողովրդավարական ճգնաժամ է, կան հարյուրավոր քաղբանտարկյալներ, երկիրը կանգնած է աղետի առաջ, այդ ամենի պատասխանատու ու մեղավոր իշխանությունները միջազգային միջոցառում են կազմակերպում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը և թաքցնել երկրում եղած օրհասական վիճակը․ «Կարևորը մեր ձայնը լսելի դարձնելն է միջազգային հանրությանը, նույնիսկ, եթե այն չի ուզում լսել։ Կարևոր է ասել՝ չի կարող լինել խաղաղություն՝ հարյուր հազարավոր մարդկանց ձայնը պոպուլիզմի աղմուկով խլացնելով։ Խաղաղությունը պետք է հաստատված լինի արժանապատվության ու արդարության վրա, ոչ թե առանց այդ էլ ճնշված, էթնիկ զտման ենթարկված ժողովրդին ավելի ճնշելով։ Չեք կարող խոսել աշխարհում ժողովրդավարության մասին, երբ ձեր երկրի ներսում գիտեն, որ դուք խոսում եք՝ «կզացնելու եմ, սատկացնելու եմ, ասֆալտին եմ փռելու, ինչո՞ւ չեք զոհվել» բառապաշարով։ Երկրի ներսում ժողովուրդը գիտի ձեր իրական պատկերը, ժամանակն է նաև պատռել ձեր դիմակը միջազգային հանրության համար։ Չեք կարող ժողովրդավարությունից խոսել, երբ երկրի ներսում գիտեն, որ իրենց կարող են ամիսներ կալանավորել ֆեյսբուքյան մեկ գրառման համար։ Դուք եկաք իշխանության՝ որպես բնության պաշտպաններ ձևանալով և հենց ձեր ջանքերով է ՀՀ-ն այսօր կանգնած էկոլոգիական աղետի առաջ»։
Կարդացեք նաև
Արցախի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն էլ ահազանգեց․ «2020-ի սեպտեմբերի 27-ից մինչ այսօր, եթե մենք հաշվենք վանդալիզմի բոլոր դեպքերը, այդ ամենն անցել է 1000-ի շեմը։
10-ից ավելի ամբողջական ոչնչացված գյուղեր ունենք՝ իրենց պատմական ու մշակութային լանդշաֆտով։ Երբ այս ամենի մասին լռում են, նրանք դառնում են ադրբեջանական վարչակազմի հանցակիցը՝ կանաչ լույս վառելով հետագա վայրագությունների և մշակութային ցեղասպանության համար։ Արցախում խոշորագույն հրդեհների հետևանքով 100-ից ավելի եկեղեցիներ, մշակութային կոթողներ, մեր բնակավայրեր հայտնվել էին ամբողջական վտանգի տակ»։
ՀՀ կառավարության շենքի առաջ կազմակերպված ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































