«Երկու անգամ մեր ակցիայի տեղը փոխեցինք՝ ոստիկանության հետ կապված։ Իրականում բոլորդ էլ գիտեք, որ իրավունք ունենք խաղաղ ակցիա իրականացնելու։ Պաշտոնապես տեղեկացրել էինք, մեզ ասել էին, որ Հանրապետության հրապարակը փակ է լինելու, մենք սկզբում հավաքվեցինք վերևում, հետո իջանք ներքև»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց «Չկա կենսաբազմազանություն պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» խորագրով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ԱՀ հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը։
Նրա ելույթի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչը զուգահեռ խոսում էր՝ նշելով՝ ինձ լսեք։ Այդպիսով ցանկանում էր խոչընդոտել խաղաղ հավաքի իրականացմանը։
Կարդացեք նաև
Ասում էր․ «Կորոշենք՝ ոնց ենք իրականացնում ակցիան»։ Ալվարդ Զաքարյանը նրան խնդրեց առանձին զրուցել, իսկ ցույցի մասնակիցները շարունակեցին իրենց ելույթները»։
Ցույցի մասնակիցները նշում են․ «Մինչ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը, մենք հավաքվում ենք՝ Հայաստանի կառավարությանը և միջազգային հանրությանը հիշեցնելու, որ բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից։ Կունմին–Մոնրեալի գլոբալ շրջանակի 22-րդ թիրախը շեշտում է բնիկ ժողովուրդների իրավունքների հարգումը, արդարադատության հասանելիությունը և բնապահպանական իրավապաշտպանների պաշտպանությունը։ Բայց ի՞նչ արժեք ունեն այս սկզբունքները, երբ՝ Արցախի բնիկ հայ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր կենսատարածքից։ Հայաստանի բնությունն ու ջրային պաշարները վտանգվում են Ամուլսարի և այլ հանքարդյունաբերական ծրագրերով։ Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ։ Հայաստանում լուրջ մտահոգություններ կան քաղաքական դրդապատճառներով ազատազրկումների վերաբերյալ։ COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ՝ իրական խնդիրները քողարկելու համար»։
ՀՀ կառավարության դիմաց ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ























































