Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը՝ այն գնահատելով որպես Հայաստանի բնապահպանական, տնտեսական և ազգային անվտանգության համար ծանր հետևանքներով հղի որոշում։
Հոկտեմբերի 10-ին կազմակերպված հանդիսավոր բացումը չի վերացնում տարիներ շարունակ բարձրաձայնված մտահոգությունները և չի կարող փոխարինել ծրագրի անվտանգության համոզիչ, անկախ ու հրապարակային հիմնավորմանը։
Մեր գլխավոր մտահոգությունը ջուրն է՝ Երկրի վրա կյանքի գոյության համար ամենակարևոր և անփոխարինելի պաշարը։ Մաքուր քաղցրահամ ջրի աղբյուրները սահմանափակ են, իսկ դրանց աղտոտման հետևանքները կարող են լինել երկարատև և գործնականում անվերականգնելի։ Ոսկին վաճառվում ու սպառվում է, մինչդեռ ջրի կորուստը վտանգում է ժողովրդի առողջությունը, պարենային ապահովությունը և սերունդների ապագան։
Ամուլսարի դիրքը Արփայի ու Որոտանի ջրային համակարգերի և ռազմավարական ջրամբարների հարևանությամբ պահանջում է առանձնահատուկ զգուշություն։ Քեչուտի ջրամբարի՝ Սևանի հետ կապը հնարավոր աղտոտման հարցը դարձնում է համապետական նշանակության խնդիր։ Այստեղ հնարավոր վնասը չի սահմանափակվում հանքի տարածքով կամ մեկ համայնքով. վտանգի տակ կարող են հայտնվել խմելու և ոռոգման ջրերը, գյուղատնտեսությունը և Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարները։
Կարդացեք նաև
Կենսամիջավայրերի խաթարումը սպառնում է կենսաբազմազանությանը։ Ջերմուկի առողջարանային համբավին հասցված վնասը կարող է անդրադառնալ զբոսաշրջության, առողջարանների, հանքային ջրի արտադրության և դրանցով ապրող ընտանիքների եկամուտների վրա։ Բնապահպանական ռիսկերը նաև գյուղատնտեսական հողերի, արոտավայրերի և տեղական արտադրության ապագայի հարց են։
ԱԺԲ խորհուրդը խիստ չափազանցված է համարում ծրագրի եկամտային նշանակության՝ հանրությանը ներկայացվող պատկերը։ Արտահանման արժեքը, ընկերության հասույթը և Հայաստանի ստացած զուտ օգուտը տարբեր մեծություններ են։ Ծրագրի հանրային շահավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է եկամուտներից հանել նաև հնարավոր կորուստները՝ զբոսաշրջության և գյուղատնտեսության վնասները, առողջապահական ծախսերը, ջրերի մաքրման, տարածքի վերականգնման և հանքի փակվելուց հետո երկարատև վերահսկողության արժեքը։ Առանց այս ամբողջական հաշվարկի՝ «տնտեսական մեծ օգուտի» մասին խոսքը միակողմանի քարոզչություն է։
Անհանգստացնող է նաև հանրային ֆինանսների վտանգումը։ Ծրագրի ֆինանսավորման համար տրամադրված՝ մինչև 150 միլիոն դոլարի պետական երաշխիքը նշանակում է, որ պարտավորությունների չկատարման դեպքում ֆինանսական բեռը կարող է փոխանցվել պետությանը։
ԱԺԲ խորհուրդը գտնում է, որ օր առաջ պետք է դադարեցվի Ամուլսարի աղետալի հանքի շահագործումը, իսկ երկրի ազգային շահերը զոհաբերող այս իշխանությունը պետք է անհապաղ հեռացվի։
Հայաստանի Հանրապետության զարգացումը պետք է հիմնվի ժողովրդի առողջության, ջրային անվտանգության և երկարաժամկետ տնտեսական կարողությունների պահպանման վրա։ Ժամանակավոր հարկային մուտքերը չեն կարող արդարացնել անփոխարինելի բնական պաշարների վտանգումը։
Հայաստանի ջուրը հանրային հարստություն է և ազգային անվտանգության հիմք։
Այն վտանգելու իրավունք չունի որևէ իշխանություն։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ



















































