Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրանաշենում ոչ մի նախապատրաստական աշխատանք չի կատարվում, ոչ մի շարժ չկա. չենք հավատում, որ այնպիսի լուծում է լինելու, որ գյուղերը վնաս կկրեն»

Հոկտեմբեր 19,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին անդրադառնալով այսպես կոչված «անկլավների եւ էքսկլավների» հարցին ՝ ասել է. «Հայաստանը եւ Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, այսինքն՝ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ եւ էքսկլավներ չլինեն»։

Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը չբացառեց, որ Արծվաշենը կարող են փոխանակել Տիգրանաշենի եւ Տավուշի մարզի, այսպես կոչված, անկլավային տարածքների հետ։ Ըստ նրա՝ դեռ վերջնական որոշում չկա այս հարցով։

«Առավոտը» Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղի համայնքապետարանի աշխատակից Արտակ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է Տիգրանաշենում, մարդիկ ինչ տրամադրվածություն ունեն։ Նշենք, որ Տիգրանաշենը միավորված է Պարույր Սեւակ համայնքին, ոչ թե որպես վարչական միավոր, այլ Պարույր Սեւակ գյուղի թաղամաս է համարվում։

Արտակ Ասատրյանի խոսքով՝ Տիգրանաշենում եւ Պարույր Սեւակում որեւէ արտառոց տրամադրություն չկա։ «Ոնց որ հավատ չկա, որ այնպիսի լուծում է լինելու, որ գյուղերը վնաս կկրեն։ Գիտե՞ք՝ ինչից է գալիս այդ հավատը, որ ոչ մի նախապատրաստական աշխատանք չի կատարվում։ Մեր խմելու ջուրը Տիգրանաշենի տարածքով է անցնում, եթե ինչ-որ բան նախապատրաստվեր, բնականաբար, կմտածեին այդ ջրագիծը փոխելու մասին, իսկ դա հսկայական աշխատանք է»,- ասաց նա։

Այսօր Տիգրանաշենի տարածքում 48 ընտանիք է ապրում։ «Բայց ընտանիք ասելը ճիշտ չէ, մեկ-երկու հոգի են հիմնականում։ Մոտ 5-6 լիարժեք ընտանիք կա, որ երեխաներ ունեն եւ այլն»,- նշեց Ասատրյանը։

Հարցին, թե բնակչության մոտ ի՞նչ տրամադրություններ են, եթե նման որոշում լինի, դուրս կգա՞ն Տիգրանաշենից, Արտակ Ասատրյանը պատասխանեց. «Իրենք ապրում են թուրքերի թողած տներում, որոնք ավերակ են։ Նրանք կարող  է անգամ ինչ-որ տեղ ուրախանան, որովհետեւ կմտածեն՝ իրենց ինչ-որ բան կտան։ Բայց մեջները կան մարդիկ, որ պատրաստ են մինչեւ վերջին շունչը կռվել։ Ոնց որ ամեն տեղ՝ փախնողը փախնելու է, պայքարողը պայքարելու է»։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե Տիգրանաշենը հանձնվի ադրբեջանական կողմին, լուրջ խնդիրներ կառաջանան։  Բայց իրենք լիահույս են, որ նման որոշում չի կայացվի։ «Ես դեռ ջրագծի մասին եմ խոսում, բա միջպետական ճանապարհը։ Լավ, եթե փոխանակելու ծրագիր ունեին, ինչ-որ տարբերակ պե՞տք է մտածեին։ Անգամ շրջանցիկ ճանապարհը, որը ինչ-որ տեղ կարող է փոխարինել հիմնական ճանապարհին, անգամ դրա վրա վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում։ Այսինքն՝ ոչ մի նախապատրաստական աշխատանք չի կատարում, ոչ մի շարժ չկա։ Դրա համար մենք հավատում ենք մեր տեսածին։ Կառավարությունն այդքան անհեռատե՞ս է, որ պատրաստ է ենթադրենք մեկ ամիս հետո այդ տարածքը տալ իրենց՝ առանց նախապատրաստվելու։ Երեկ Փաշինյանը բացատրում էր, ասում էր՝ մի մարդը, եթե անցնի այդ տարածքով, պետք է 4 պոստ անցնի։ Մենք հասկանում ենք, որ դեռ չկա այդ վտանգը, անհնար է արագ այդպիսի լուծման գալ»,- ասաց Ասատրյանը։

Միաժամանակ նա նշեց, որ նախկին իշխանությունների օրոք էլ Տիգրանաշենը «անկլավ» են համարել։ «Եվ ես միշտ զարմացել եմ, որ այդ անկլավ բառի վրա զարմացած դիրք են ընդունում ընդդիմադիրները։ 1990 թվականից սկսած ամեն տարի առաջին աշխատանքային օրը մենք դիմել ենք կառավարությանը, նախագահին, որ՝ խնդրում ենք, թույլ տվեք Տիգրանաշենը քարտեզագրել, Տիգրանաշենի սեփականության վկայականները բաժանել տների տերերին։ Մեր դիմումներն ու դրանց պատասխանները կարող եմ ձեզ ցույց տալ, որ գրել են՝ «Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ, այդ հարցը կլուծվի հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական հստակեցումից հետո»։ Այնպես չէ, որ նախկիններն այդ անկլավ բառը չեն ընդունել»,- նշեց նա։

Որքանո՞վ են Տիգրանաշենում եւ հարակից համայնքներում հավատում իշխանության հայտարարություններին, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել։ Այս հարցի պատասխանը բնակիչները հստակ չունեն։

Արտակ Ասատրյանի խոսքով՝ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ներքին համախմբում լինի։ «Ամեն հայ պետք է իր կողքի հային իրեն թշնամի չհամարի, իսկ հիմա հենց այդ վիճակն է երկրում։ Մենք եթե ներքին ռեսուրս ունենք՝ պայքարելու, մեր կորցրածը հետ բերելու, ես առաջին մարդն եմ, որ կուզեմ, որ այդ տարբերակին գնանք»,- ասաց նա։

Նշենք, որ անդրադառնալով Տիգրանաշենի՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունենալու մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր. «Հայաստանի Հանրապետությունում այդպիսի տարածք չկա, որ հարավը չկապի հյուսիսին։ Այսպիսի խոսույթներ կան, փորձագետներ կան, որ ասում են՝ ռազմավարական նշանակություն ունի, հարավը կապում է հյուսիսին։ Ո՞վ է որոշում, որ ավելի կարեւոր է, ՀՀ ինքնիշխան տարածքում չկա ոչ ռազմավարական կետ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել