Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Ամուլսարի ժապավենը կտրեցին COP 17-ի օրերին։ Այն նույն մարդիկ, որոնք շաբաթներով կանգնում, ասֆալտին պառկում էին, թե մեր երկիրը դարձնելու եք էկոլոգիական աղետի գոտի»

Հոկտեմբեր 19,2026 18:55 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով Երեւանում COP 17 համաժողովի կազմակերպմանը, ասաց. «Այս իշխանությունների կազմակերպած ցանկացած միջոցառում եկամտի աղբյուր է։ Այսինքն, այս մարդիկ ոչ թե ամբողջն օգտագործում են կարեւորագույն խնդիրները բարձրացնելու համար, իսկ մենք անկյունաքարային մի քանի հարցեր ունենք, որ ազգովի տառապում ենք դրանց չլուծված լինելուց։

Առաջինը Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարությունն է եւ պատանդառված անձինք։ Ես որքան հետեւել եմ, կարող է մի ինչ-որ ձեւական կողմ պահվել է։ Պարզ է դառնում, որ այս հարցը օրակարգային չէ։

Այնինչ, սա պետք է օգտագործվեր, որպեսզի ամբողջ աշխարհով մեկ ցույց տային Ադրբեջանի հակամարդկային, անբարոյական, ֆաշիստական դեմքը։ Ցույց տային, թե ինչ իրավիճակում են մեր հայրենակիցները գտնվում այնտեղ, ոնց են խոշտանգվում, ցույց տային այդ ֆաշիստական ռեժիմը, որ միջազգային հանրությունը փորձի ճնշում գործադրել։ Մենք չենք կարողանում որեւէ պատվիրակությունով գնալ, այդ մարդկանց տեսնել եւ որեւէ պատկերացում կազմել։

Բայց չէ։ Այս մարդիկ $ 30 միլիոն են ծախսել, որից, իմ տեղեկություններով, եթե չեմ սխալվում, միայն $ 15 միլիոնը «Մերիդիան Էսպո»-ին են տվել։ Ու բավականին հարցեր են առաջանում, թե այս գումարները որտեղ են մսխվում, ինչի համար են ծախսվում։ Սա հսկայական գումար է, սա մի մեծ հետաքննության թեմա է։
Այսինքն, գերիներից չեն խոսում, Արցախում պատմա-մշակութային ցեղասպանությունից չեն խոսում։ Ձայն չկա, ծպտուն չկա։ Այդ պաշտոնյա կոչվածներից որեւէ մեկը վեր չի կացել, մի բառ, մի նախադասություն չի ասել։ Բայց ամենշաբաթյա ռեժիմով մենք ինֆորմացիա ենք ստանում, թե ոնց են ավերում մեր պատմա-մշակութային կոթողները։

Մեր տարածքների օկուպացիայի մասին որեւէ խոսք չկա, թե Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներն ինչպես է Ադրբեջանը օկուպացրել ու հիմա այնտեղ ամրաշինական աշխատանքներ է անում։
Բուն թեմայի հետ կապված։

Հետաքրքիր զուգադիպությամբ Ամուլսարի ժապավենը կտրեցին COP 17-ի օրերին։ Այն նույն մարդիկ, երեսպաշտները, որոնք իրար փոր էին ճղում, օրերով, շաբաթներով կանգնում, ասֆալտին պառկում, թե մեր երկիրը դարձնելու եք էկոլոգիական աղետի գոտի։ Ու հիմա այդ նույն ակտիվիստները այդ հանքերի բացման ամենամեծ ջատագովն են։ Անընդհատ պետք է հիշեցնենք։ Այս իշխանությունների նախկին լոզունգներից մեկն էր. «Հանք չի լինելու»։

Դա իրենց 8-9 տարի առաջվա ֆեյսբուքյան էջերում է գրված։ Բայց եկան… Ու հանք կա, այստեղ հանք կա, այնտեղ հանք կա… մեջը բան կա, դրա համար ամեն տեղ հանք են փնտրում։ Երկիրը կանգնած է էկոլոգիական աղետի առաջ»։

Գառնիկ Դանիելյանը թվարկեց Հայաստանին սպառնացող էկոլոգիական այլ խնդիրներից մի քանիսը՝ Երեւանի օդային ավազանի աղտոտվածություն, Սեւանա լճի ջրի մակարդակ, չվերահսկվող անտառահատումներ եւ այլն։ Ու հարց հնչեցրեց, որ եթե այս COP 17-ի հարթակում Հայաստանի համար այս լրջագույն թեմաներից չեն խոսում, ինչի՞ համար է այս ամենը։ «Ու դրան գումարած $ 30 միլիոն էլ ծախսում են»,- ասաց դաշնակցական գործիչը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031