Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարությունը
Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության չեղարկման մասին տեղեկությունը հերթական մտահոգիչ ահազանգն է առ այն, որ Արցախի դեմ իրականացված քաղաքական ու ռազմական հանցագործությունների հետևանքները շարունակվում են նաև մշակութային ոլորտում՝ դրսևորվելով արցախցի արվեստագետների մասնագիտական գործունեության սահմանափակման, նրանց ազգային ինքնության թիրախավորման և հայկական մշակույթի միջազգային ներկայությունը խոչընդոտելու փորձերով։
Մենք գործ ունենք ոչ թե սովորական կազմակերպչական որոշման, այլ քաղաքական բնույթի միջամտության հետ, որի հետևանքով Արցախի մշակութային ժառանգության կենդանի կրողներին զրկել են միջազգային մշակութային միջոցառմանը մասնակցելու հնարավորությունից։
Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի՝ WOFA-ի նախագահ Զորան Ստրեզովսկու՝ կազմակերպիչների կողմից «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ին փոխանցված պարզաբանումների համաձայն՝ մի քանի դեսպանատներ միջամտել են՝ Արցախի մշակութային համույթներին վերագրելով «անջատողական գործունեություն» և նրանց ներկայացնելով որպես «վտանգավոր»։ Այս տեղեկությունները պահանջում են անհապաղ, ամբողջական և հրապարակային պարզաբանում։ Սակայն նույնիսկ այս փուլում առկա հանգամանքները բավարար հիմք են լուրջ հարցադրումներ բարձրացնելու մշակութային միջոցառումների քաղաքականացման և արցախցի արվեստագետների իրավունքների սահմանափակման վերաբերյալ։
Կարդացեք նաև
ՄՇԱԿՈՒՅԹԸ «ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՐԵԼԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Ի՞նչն է իրականում վտանգ ներկայացնում միջազգային հանրության համար․ ազգային նվագարանների հնչո՞ւմը, հայկական երգն ու պա՞րը, դարերի ընթացքում ձևավորված մշակութային ավանդույթների պահպանումը, թե՞ այդ ամենը քաղաքական պիտակներով լռեցնելու և միջազգային հարթակներից դուրս մղելու փորձերը։
Արցախի մշակութային համույթները քաղաքական կառույցներ չեն։ Դրանք հայկական մշակութային ինքնության, պատմական հիշողության և սերունդների միջև փոխանցվող ստեղծագործական ավանդույթների կրողներն են։ Նրանց գործունեության հիմքում ազգային երաժշտության, երգի, պարի և կատարողական արվեստի պահպանումն ու հանրահռչակումն են։ Այսպիսի գործունեությունը «անջատողականություն» որակել ոչ միայն քաղաքական պիտակավորման վտանգ է պարունակում, այլև նպաստում է ազգային պատկանելության հիմքով խտրական վերաբերմունքի ձևավորմանը։
Եթե որևէ պետության կամ դիվանագիտական ներկայացուցչության համար հայկական մշակույթի միջազգային ներկայացումն ընդունելի չէ, ապա պետք է հնչի պարզ հարց՝ ո՞րն է այդ անհանդուրժողականության իրական պատճառը։ Ինչո՞ւ պետք է Արցախի մշակութային ժառանգության կրող արվեստագետները պատասխանատվություն կրեն այն բանի համար, որ իրենց երգով, երաժշտությամբ ու պարով ներկայացնում են իրենց ժողովրդի պատմությունն ու ինքնությունը։
Մշակութային ինքնությունը քաղաքական մեղադրանքով վերացնելու ենթակա երևույթ չէ։ Այն մարդու և համայնքի արժանապատվության, պատմական շարունակականության ու ինքնարտահայտման հիմնարար բաղադրիչ է։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված բնիկ բնակչությունը զրկվեց իր պատմական հայրենիքում բնականոն կյանքը շարունակելու հնարավորությունից։ Այդ ցեղասպանական քաղաքականության հետևանքները ծանր հարված հասցրին նաև Արցախի մշակութային կյանքին՝ խաթարելով մշակութային հաստատությունների գործունեությունը, ավանդույթների փոխանցման բնական միջավայրը և արվեստագետների մասնագիտական աշխատանքը։
Այս պայմաններում Արցախի մշակութային համույթների գործունեության շարունակականությունը պարզապես գեղարվեստական խնդիր չէ։ Այն ազգային մշակութային ժառանգության պահպանության, պատմական հիշողության փոխանցման և բռնի տեղահանության պայմաններում համայնքային ինքնության շարունակականությունն ապահովելու կարևոր միջոց է։
Արցախցի արվեստագետներն արդեն իսկ ստիպված են իրենց գործունեությունը շարունակել պատմական կենսատարածքից դուրս՝ հաղթահարելով բռնի տեղահանության, մասնագիտական միջավայրի կորստի, նյութական դժվարությունների և ստեղծագործական աշխատանքի կազմակերպման բազմաթիվ խոչընդոտներ։
Նրանց միջազգային ելույթները հնարավորություն են տալիս պահպանելու ավանդույթները, ներկայացնելու հայկական մշակույթը համաշխարհային հանրությանը և ապացուցելու, որ բռնի տեղահանությունը չի կարող ոչնչացնել ժողովրդի մշակութային կյանքը։
Եվ հենց այս պայմաններում նրանց մասնակցության չեղարկումը, եթե այն պայմանավորված է քաղաքական բնույթի չհիմնավորված մեղադրանքներով, առավել ծանր ու վտանգավոր նշանակություն է ստանում։ Սա կարող է ընկալվել որպես փորձ՝ արցախահայությանը ոչ միայն զրկելու հայրենիքում ապրելու հնարավորությունից, այլև սահմանափակելու նրա մշակութային ինքնարտահայտումը միջազգային միջավայրում։
Արդյո՞ք միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ կարծում են, թե Արցախի հայաթափումից հետո պետք է անհետանա նաև Արցախի հայկական մշակույթի միջազգային ներկայությունը։ Արդյո՞ք հայրենազրկված ժողովուրդն այժմ պետք է զրկվի նաև իր երգը, պարը, երաժշտությունն ու պատմական հիշողությունը ներկայացնելու իրավունքից։
Եթե նման քաղաքական տրամաբանություն գոյություն ունի, ապա այն պետք է բացահայտվի և արժանանա հստակ հանրային գնահատականի։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Մշակութային իրավունքները մարդու հիմնարար իրավունքների համակարգի անբաժանելի մասն են։ 1948 թ. դեկտեմբերի 10-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 27-րդ հոդվածը ճանաչում է․
1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու և գիտական առաջընթացից և դրա բարիքներից օգտվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի իր հեղինակած ցանկացած գիտական, գրական կամ գեղարվեստական ստեղծագործությունից գոյացող բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք։ 1966 թ․ դեկտեմբերի 16-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածը ևս ամրագրում է․
1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի իրավունքը`
ա) մասնակցելու մշակութային կյանքին,
բ) օգտվելու գիտական առաջընթացի և դրա կիրառման բարիքներից,
գ) օգտվելու այն բարոյական և նյութական շահերի պաշտպանությունից, որոնք առաջանում են իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական ցանկացած երկի կապակցությամբ:
2. Սույն Դաշնագրի մասնակից պետությունների կողմից այդ իրավունքի լիարժեք իրականացման նպատակով ձեռնարկվող միջոցներին դասվում են նրանք, որոնք անհրաժեշտ են կրթության ու մշակույթի նվաճումների պահպանման, զարգացման և տարածման համար:
3. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ ազատությունը:
4. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են գիտական ու մշակութային բնագավառներում միջազգային կապերի և համագործակցության խրախուսումից ու զարգացումից բխող օգուտը:
Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիան կատարողական արվեստները ներառում է ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնական բնագավառների շարքում՝ կարևորելով այդ ժառանգության կենսունակության ապահովումը և սերունդներին փոխանցումը:
Իհարկե, նշված իրավական փաստաթղթերի կիրառելիությունը յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում կախված է համապատասխան իրավական հանգամանքներից։ Սակայն դա չի կարող արդարացնել ազգային պատկանելիությամբ պայմանավորված խտրականությունը կամ մշակութային ինքնարտահայտման սահմանափակումը քաղաքական պիտակավորման միջոցով։
Միջազգային մշակութային համագործակցությունը պետք է հիմնված լինի մասնագիտական չափանիշների, փոխադարձ հարգանքի և խտրականության բացառման վրա։ Եթե մասնակցության մերժումը պայմանավորված է եղել որևէ պետության կամ դիվանագիտական ներկայացուցչության քաղաքական ճնշմամբ, ապա անհրաժեշտ է բացահայտել այդ միջամտության բնույթը, դրա փաստական հիմքերը և հնարավոր իրավական հետևանքները։
Ի՞ՆՉՈՒ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
Այս միջադեպը չի կարելի սահմանափակել միայն փառատոնի կազմակերպիչների և հայկական կողմի միջև նամակագրությամբ։ Անհրաժեշտ է պարզել՝
- Ո՞ր դեսպանատներն են միջամտել փառատոնի կազմակերպման գործընթացին, և ի՞նչ բովանդակություն են ունեցել նրանց գրությունները։
- Ի՞նչ կոնկրետ փաստերի վրա են հիմնվել Արցախի մշակութային համույթներին «վտանգավոր» ներկայացնելու և նրանց «անջատողական գործունեություն» վերագրելու պնդումները։
- Արդյո՞ք կազմակերպիչները ներկայացված տեղեկությունները ենթարկել են անկախ ստուգման, թե՞ որոշում են կայացրել դիվանագիտական ճնշման ներքո՝ առանց «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ – ին պատշաճ պարզաբանումներ ներկայացնելու։
- Որո՞նք են մասնակցության չեղարկման իրական պատճառները, և արդյո՞ք որոշման կայացման ընթացքում պահպանվել են արդարության, թափանցիկության և հավասար վերաբերմունքի սկզբունքները։
- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու արցախցի արվեստագետների իրավունքների պաշտպանության, ստեղծված իրավիճակի վերանայման և նման միջադեպերի կրկնությունը կանխելու ուղղությամբ։
Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն տվյալ երկու համույթների, այլև միջազգային մշակութային հարթակներում հայկական մշակույթը ներկայացնող բոլոր արվեստագետների համար։
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՐԿԱ ԴԱՌՆԱԼ
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ 2025 թվականին, ըստ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հրապարակած տեղեկության, Արցախի արվեստագետները մասնակցել են Իտալիայում անցկացված միջազգային CIOFF փառատոնային ծրագրերին՝ արժանանալով դրական գնահատանքի և պատվոգրերի։ Այս հանգամանքը, ինքնին չլուծելով ներկայիս միջադեպի բոլոր հարցերը, ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է հստակ ներկայացնել՝ ինչ փաստական հիմքով և ինչ չափանիշներով է կայացվել Վիեննայի փառատոնին մասնակցությունը չեղարկելու որոշումը։
Մշակույթի միջազգային հարթակները չպետք է վերածվեն աշխարհաքաղաքական հակամարտությունների ազդեցության գործիքի, որտեղ արվեստագետների մասնագիտական հնարավորությունները կախված կլինեն նրանց ազգային պատկանելությունից կամ այն բանից, թե ում քաղաքական շահերին է ձեռնտու նրանց լռությունը։
Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը քաղաքական հավակնություն չէ։ Դա պատմական հիշողության, ազգային ինքնության և մարդկության մշակութային բազմազանության պաշտպանության խնդիր է։ Արցախի երգն ու պարը չեն կարող դիտարկվել որպես սպառնալիք միայն այն պատճառով, որ դրանց միջոցով աշխարհին ներկայացվում է բռնի տեղահանության ենթարկված ժողովրդի գոյությունը։
Արվեստագետի ազգային ինքնությունը մեղադրանք չէ։
Հայկական երգը քաղաքական վտանգ չէ։ Մշակութային ժառանգության պահպանումը հանցագործություն չէ։
Եթե միջազգային փառատոնում հայկական մշակույթի ներկայությունը հնարավոր է սահմանափակել չհիմնավորված քաղաքական պիտակներով, ապա վտանգված է ոչ միայն կոնկրետ համույթների մասնակցությունը, այլև մշակութային համագործակցության այն սկզբունքը, ըստ որի՝ արվեստը պետք է միավորի մարդկանց՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից և քաղաքական իրավիճակից։
ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Որպես Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն՝
1. Պահանջում եմ ամբողջական և թափանցիկ պարզաբանում՝ Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության չեղարկման հանգամանքների վերաբերյալ։
2. Կոչ եմ անում WOFA-ի ղեկավարությանը հրապարակել կամ համապատասխան իրավական ու գաղտնիության սահմանափակումները հաշվի առնելով տրամադրել միջամտության վերաբերյալ առկա տեղեկությունները, ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը և որոշման կայացման գործընթացի մանրամասները։
3. Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հետևողականորեն զբաղվել այս հարցով, պարզել հնարավոր դիվանագիտական միջամտության հանգամանքները և ձեռնարկել իր իրավասության շրջանակում անհրաժեշտ քայլեր՝ արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար։
4. Կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մշակութային իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներին և փառատոնային կազմակերպություններին ուշադրության կենտրոնում պահել արցախցի արվեստագետների մասնակցության սահմանափակման դեպքերը և գնահատել դրանց համապատասխանությունը մշակութային բազմազանության ու խտրականության բացառման սկզբունքներին։
5. Պահանջում եմ բացառել ազգային պատկանելության կամ մշակութային ինքնության հիմքով խտրական վերաբերմունքը և ապահովել, որ Արցախի մշակութային համույթների գործունեությունը գնահատվի մասնագիտական ու իրավաչափ չափանիշներով, այլ ոչ թե չհիմնավորված քաղաքական մեղադրանքներով։
6. Կոչ եմ անում միջազգային հանրությանը չլռել այն դեպքերում, երբ բռնի տեղահանության ենթարկված ժողովրդի մշակութային ժառանգության կրողները բախվում են նոր սահմանափակումների։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հետևողականորեն շարունակելու է արձանագրել Արցախի հայկական մշակույթի պահպանությանն ու միջազգային հանրահռչակմանը խոչընդոտող դեպքերը, բարձրաձայնել մշակութային իրավունքների հնարավոր խախտումները և նպաստել դրանց իրավական ու հանրային գնահատմանը։
Արցախի հայաթափումը չի կարող դառնալ Արցախի հայկական մշակույթի լռեցման արդարացում։ Հայրենիքից բռնի տեղահանված արվեստագետներին չի կարելի զրկել նաև իրենց մշակույթը ներկայացնելու հնարավորությունից։
Մշակույթը հանցանք չէ։ Ազգային ինքնությունը մեղադրանք չէ։ Իսկ մշակութային ժառանգության պահպանումը պետք է պաշտպանվի, ոչ թե պատժվի։
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ



















































