Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը

Հոկտեմբեր 25,2026 18:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ մարդուն Աստծուց վերապահված է արարչաստեղծ բնության նկատմամբ պատասխանատվություն, որը պետք է արտահայտվի մշտական խնամքով ու հոգածությամբ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը շեշտեց, որ բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ, որպեսզի մարդկային գիտելիքներն ու ներուժը ծառայեն բնության խնամքին և պահպանությանը՝ ի բարօրություն ներկա և գալիք սերունդների։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ նման միջազգային համաժողովները առիթ են ճանաչելու Հայոց Եկեղեցու պատմությունն ու առաքելությունը և քրիստոնեական հավատքով դարերի փորձությունները հաղթահարած մեր ժողովրդին։ Անդրադառնալով միջեկեղեցական հարաբերություններին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և քույր Եկեղեցիներին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։

Վերջում հյուրերը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության առաքելությունը։ Վերջիններս խոսեցին կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրների մասին՝ ընդգծելով, որ բնապահպանական ճգնաժամն ունի նաև հոգևոր ու բարոյական արմատներ, ինչը հրամայական է դարձնում Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի պահպանություն արարչաստեղծ աշխարհի։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել