Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքը, որտեղ չկար մրցակցություն, ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չառաջադրվեց ու միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ մասնագիտությամբ բժիշկ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ընտրությանը մասնակցած 11 737 քաղաքացիներից ստացել է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։
Զավեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր՝ շեշտելով, որ ինքը հավասարապես ծառայելու է բոլորին՝ թե՛ իրեն ընտրողներին և թե՛ չընտրողներին՝ անկախ նրանց քաղաքական նախասիրություններից։
Նա գրել է․ «Ախուրյան համայնքի սիրելի՛ բնակիչներ։
Ի սրտե շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ինձ և իմ քաղաքական թիմին վստահված 11.737 քվեի և վստահության համար։ Սա ընտրողների 92,4 տոկոսն է, և այդ վստահությունն ինձ համար մեծ պատիվ է ու պատասխանատվություն։
Կարդացեք նաև
Այս վստահությունն ինձ և իմ թիմին նոր ուժ ու եռանդ է հաղորդում՝ առաջիկա հինգ տարիներին շարունակելու աշխատանքը և հասնելու ավելի մեծ արդյունքների, քան դուք տեսել ու գնահատել եք այս վերջին երեք տարիների ընթացքում։
Շնորհակալ եմ բոլորիդ՝ և՛ ինձ վստահողներին, և՛ չվստահողներին։ Հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուրիդ ընտրությանը։ Ինձ համար համայնքի յուրաքանչյուր բնակիչ կարևոր է, և ես հավասարապես ծառայելու եմ բոլորիդ՝ անկախ քաղաքական նախասիրություններից։
Ձեր վստահությունն ինձ համար մեծ պատիվ է, իսկ ձեր ակնկալիքներն ու սպասելիքները՝ պարտավորեցնող պատասխանատվություն, որին պատրաստ եմ արժանապատվորեն ու նվիրումով ծառայել։
Պարտավորված եմ։ Պատրաստ եմ շարունակելու աշխատանքը։ Պատրաստ եմ ծառայելու բոլորիդ՝ հավասարապես։
Միասին՝ հանուն մեր սիրելի Ախուրյան համայնքի, հանուն խաղաղ զարգացման, նոր ձեռքբերումների և ավելի բարեկեցիկ ապագայի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































