Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ համագործակցության շրջանակներն ընդլայնվում են

Հոկտեմբեր 02,2013 13:18

Սեպտեմբերի 18-ից 22-ը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը «SGI» (Soka Gakkai International) հիմնադրամի նախագահ Դաիսակու Իկեդային ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու և ՍՈԿԱ համալսարանի հետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով մեկնել էին Ճապոնիա:

Այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է Ճապոնիայի ՍՈԿԱ համալսարանի ղեկավարության և ուսանողության հետ, ինչպես նաև այցելել «SGI» հիմնադրամի մշակութային կենտրոններ և միջնակարգ դպրոց:
Հարկ է նշել, որ ԵՊՀ-ի համագործակցությունը ճապոնական Սոկա համալսարանի հետ սերտացավ, երբ դեռևս 2012թ հունիսին ՀՀ Նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելել էր նաև Տոկիոյի Սոկա համալսարան, որտեղ Սերժ Սարգսյանին շնորհվել էր համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ Նախագահին հանձնելով ոսկե մեդալը:
«SGI» հիմնադրամը մասնաճյուղեր ունի ամբողջ աշխարհում: Այն ներառում է թանգարաններ, մշակութային կենտրոններ, բարձրագույն և միջնակարգ կրթական հաստատություններ: Խաղաղության, հանդուրժողականության և մարդասիրության գաղափարները տարածող միության հիմնադիրն է մտավորական Դաիսակու Իկեդան:
Հայկական պատվիրակությանը մեծ շուքով են դիմավորել օդանավակայանում. շուրջ 50 մարդ հայկական պետական խորհրդանիշները պատկերող պաստառներով ողջունել են համալսարանականներին և ընթերցել Դաիսակու Իկեդայի ուղերձը:
Հայկական պատվիրակությունն այցելել է հիմնադրամի մշակութային կենտրոն-թանգարան, որտեղ կան տարբեր ազգերի մշակույթները ներկայացնող 200-ից ավելի երաժշտական գործիքներ՝ դաշնամուրներ, երգեհոններ և այլն: Ի դեպ, այցելուները կարող են նվագել այդ գործիքները: Թանգարանում մի առանձին ցուցապատ էլ նվիրված է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին. ներկայացված են փոքրիկ երգիչների՝ Ճապոնիայում ունեցած ելույթները: Ընդ որում՝ ցուցասրահում առկա մատյանում այցելուները կարող են նաև իրենց տպավորությունների մասին գրել:
ԵՊՀ ռեկտորը ՍՈԿԱ համալսարանում հանդիպել է բուհի ղեկավարության հետ: Հայկական պատվիրակությանը համալսարանի ուսանողները դիմավորել են «Էրեբունի-Երևան» երգով, ինչը մեծ տպավորություն է գործել պատվիրակության անդամների վրա:
Արամ Սիմոնյանը և ՍՈԿԱ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Յոշիհիսա Բաբան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ երկկողմ համագործակցության շրջանակում կողմերն իրականացնելու են մասնավորապես պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների և ուսանողների, համատեղ հետազոտությունների և ակադեմիական տեղեկատվության ու հրատարակությունների փոխանակում, խորհրդատվություն և այլ գործունեություն, ինչը կնպաստի 2 բուհերի զարգացմանը:
Արամ Սիմոնյանը ՍՈԿԱ համալսարանի ռեկտորի կողմից արժանացել է բուհի բարձրագույն մեդալի, իսկ համալսարանի ուսանողական միավորման ներկայացուցիչ Սինձի Յամազակին էլ բարեկամության պատվոգիր է հանձնել ԵՊՀ ռեկտորին: «Գիտենք, որ Ձեր համալսարանում ոչ միայն որակյալ մասնագետներ են պատրաստվում, այլև հիանալի սերունդ դաստիարակվում: Եվ դա արվում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, մասնավորապես Ձեր տքնաջան աշխատանքի շնորհիվ: Աշխատանք, որը հիմնված է գիտական և կրթական սերտ համագործակցության, ինչպես նաև փոխանակման արդյունավետ ծրագրերի վրա: Երկու համալսարանների հետագա սերտ համագործակցությունը հաստատելու համար մեր համալսարանի ղեկավարության և ուսանողների անունից պատիվ ունենք հանձնելու այս պատվոգիրը»,- նշել է Սինձի Յամազակին:
Այնուհետև հանդիսությունների դահլիճում, որտեղ ներկա է գտնվել ավելի քան 5 հազար մարդ (հիմնականում ՍՈԿԱ համալսարանի շրջանավարտներ), Արամ Սիմոնյանը խաղաղասիրական անձնվեր գործունեության, մարդասիրական արժեքների տարածման և արմատավորման գործում ձեռք բերած ակնառու նվաճումների համար Դաիսակու Իկեդայի դիպլոմը, ԵՊՀ ոսկե մեդալն ու պատվավոր դոկտորի վկայականը հանձնել է Յոշիհիսա Բաբային: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեր համալսարանում գտնվելը: Շնորհակալ եմ «SGI» միությանը հրավերի համար: Մեր համալսարանների միջև համագործակցությունը նոր է սկսվել, սակայն վստահությամբ կարող եմ ասել, որ սա միայն առաջին քայլն է նոր համամարդկային արժեքներ ստեղծելու գործում: Մեզ համախմբում է կրթության և մշակույթի միջոցով մարդկության զարգացման և բարգավաճման գաղափարը»,- նշել է ԵՊՀ ռեկտորը:

ԵՊՀ
մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031