Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժ՝ աղերսանքով

Մարտ 25,2014 16:07

Վերջին մի քանի ամսում որոշ լրատվամիջոցներով Գայանե Թումասյանը` Լուսաբեկ Սամվելյանի կինը, իր ընկերուհի Մարինա Պողոսյանի հովանավորությամբ փորձում է ազդել մարդկանց խղճի վրա՝ ապացուցելով, որ ես անօրինական ձեւով տիրացել եմ իրենց տանը: Եվ այս ստահոդ տեղեկությունը համեմված է անբարոյական որակավորումներով՝ իմ հասցեին: Ըստ ամենայնի՝ վերջիններիս ակտիվությունը մամուլում պայմանավորված է նրանով, որ մարտի 28-ին Վերաքննիչ դատարանը լսելու է Գայանե Թումասյանի հայցը: Սակայն որքան էլ նրանք փորձեն կեղտ շպրտել ինձ վրա եւ աղավաղել փաստերը, շանտաժի տարբեր միջոցներ կիրառել՝ դա ուժերի դատարկ վատնում է, քանի որ ստի ոտը կարճ է:

Բոլորովին մտադրություն չունենալով բանավեճի մեջ մտնել բարոյական արժեքներ չունեցող վերը նշված անձանց հետ՝ ցանկանում եմ հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը, որն ապացուցվել է նաեւ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում: Սակայն մինչ այդ նշեմ, որ Լուսաբեկ Սամվելյանը եւ նրա գործընկեր Արմեն Թադեւոսյանն այժմ գտնվում են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում` խաբեության համար դատապարտվել են երկարատեւ ժամկետով:

2009-ին Վահե Վարդանյանից, որը հանդիսացել է Լուսաբեկ Սամվելյանի լիազորված անձը, գնել եմ Փարաքար գյուղի Բաղրամյան 1-ին նրբանցքի 10 հասցեում գտնվող առանձնատունը: Առուվաճառքի գործարքն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, վավերացվել է նոտարի կողմից: Վաճառող կողմի ներկայացրած փաստաթղթերով նշված տան միակ սեփականատերը Լուսաբեկ Սամվելյանն էր: Նոտարի ներկայությամբ Լուսաբեկ Սամվելյանի վստահված անձ Վահե Վարդանյանը հայտարարեց, որ նշված առուվաճառքի պայմանագրի առարկա տան ձեռք բերման պահին Լուսաբեկ Սամվելյանն ամուսնացած չի եղել: Ոչ միայն սեփականության վկայականում, այլեւ գործնականում Լուսաբեկ Սամվելյանի կինը՝ Գայանե Թումասյանը, նշված առանձնատանը չի եղել՝ այն գնելու պահին եւ դրանից առաջ: Միակ կինը, որն ապրում էր այդ տանը գնման պահին` մեծահասակ մի կին էր, որին Լուսաբեկը ներկայացրեց որպես իր մայր: Ինքը՝ Լուսաբեկը, վկաների ներկայությամբ ասաց, որ ինքը հինգ տարի է՝ ամուսնալուծված է, եւ ինձ խնդրեց, որ թույլ տամ՝ մեկ տարի իր մայրը ապրի այս տանը: Բացի դա՝ նշեց, որ տունը չէր վաճառի, եթե այլ շինարարական ծրագրերի համար գումար չպահանջվեր: Եվ այդ համատեքստում առաջարկեց մեկ տարի հետո, եթե հնարավոր լինի, ետ գնել ինձնից առանձնատունը: Ի դեպ, Լուսաբեկի հետ ինձ ծանոթացրել է Վահեն՝ տունը տեսնելու ժամանակ, եւ նշեմ, որ այդ առանձնատունը՝ մինչ ինձ վաճառելը, Վահե Վարդանյանը ձեռք է բերել «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ից՝ Լուսաբեկ Սամվելյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա:

2010թ. մարտ-ապրիլ ամիսներին Լուսաբեկը Վահեի միջոցով մի քանի անգամ զանգահարել է ինձ՝ Մոսկվա, տոկոսով փող խնդրել: Խնդրանքը, բնականաբար, մերժել եմ:
2010թ. հոկտեմբերին, վերադառնալով Երեւան, օդանավակայանից անմիջապես գնացի իմ կողմից գնված առանձնատունը: Մեծահասակ կնոջ փոխարեն տունը լի էր երեխաներով: Մի կին ինձ հարցրեց, թե ես ո՞վ եմ: Երբ ներկայացա, նա գնաց տուն եւ վերադարձավ իր անձնագրով եւ ասաց, որ ինքը Լուսաբեկ Սամվելյանի կինն է՝ Գայանե Թումասյանը, ինչն էլ վավերացված էր իր անձնագրում: Նա, ինձ խոսքի հնարավորություն չտալով, անընդմեջ նշում էր, որ իր ամուսինն իրեն տեղյակ չի պահել տան վաճառքի մասին, եւ որ որեւէ գումար իրեն չի հատկացվել այդ վաճառքից, որ տունն իրենն է, եւ ուրիշը տեր կդառնա այդ տանը միայն իր դիակի վրայով: Կարողացա նրան համոզել ներս մտնել եւ զրույցը շարունակել ցիվիլ տարբերակով: Խնդրեցի նաեւ կապ հաստատել Լուսաբեկի հետ, քանի որ նա չէր պատասխանում իմ զանգերին: Գայանեն ասաց, որ Լուսաբեկը Դուբայում է, եւ ինքը կզանգի նրան մեկ այլ համարով: Հեռախոսազրույցի ժամանակ Լուսաբեկն անակնկալի բերեց ինձ՝ հայտնելով, որ ինքն իրականում խաբել է` կնոջից բաժանված չէ, եւ որ ինքը գումարը հետ տալու հնարավորություն չունի. միակ ելքը Գայանեի հետ ընդհանուր հայտարարի գալն է: Ես հարցրի՝ կարո՞ղ է նա գալ Երեւան, նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ մեծ գործերի մեջ է: Սակայն իրականում նա փախուստի մեջ էր, ինչի մասին ես շատ հետո իմացա:

Այդ հեռախոսազրույցից հասկացա, որ ընկել եմ ավազակային ընտանիքի սարդոստայնի մեջ: Իմ հարցին, թե ի՞նչ ենք անելու, Գայանեն, առանց տարակուսելու, միանգամից պահանջեց կլորիկ գումար եւ խոստացավ, որ երկու օրից տունը կազատի: Գումարը նա ստացավ մի քանի օրից, սակայն իր խոսքը չպահեց. երկու օրից գալիս եմ, Գայանեն շատ սիրով ինձ ընդունում է, ներկայացնում իր մահացած տղայի կնոջը եւ ասում, որ իր հարսի ամուսնական ոսկեղենը գրավատանն է, ու ինձնից պահանջում է հանել, որից հետո միայն կհանձնի տան բանալիները: Այդ հարցը եւս լուծվում է, որից հետո հարսը խնդրում է ինձ մի աշխատանքի ճար անել, որպեսզի դուրս պրծնի սկեսրոջ խարդախ խաղերից: Անցնում է երկու ամիս, սակայն տան գումարի շուրջ նոր առաջարկներ են ծագում` գնալով Գայանեի ախորժակը մեծանում է: Տան բանալիներն ինձ հանձնելուց հետո անգամ հեռախոսազրույցում նա ինձնից պահանջում է եւս մի կլորիկ գումար: Ես հրաժարվում եմ առաջարկից, ինչը հունից հանում է Գայանեին, եւ նա անցնում է ապառնալիքների. «Դու դեռ մեզ չես ճանաչում, հետեւանքը հետո կտեսնես»:

Իրոք, հետեւանքը իրեն երկար սպասեցնել չտվեց: 2011թ. մարտին դատախազությունից հրավեր եմ ստանում: Քննիչների հետ զրույցում պարզվում է, որ Լուսաբեկը տոկոսով իրեն գումար հատկացնողների մասին ցուցակ է ներկայացրել: Եվ հատկացված գումարի դիմաց գրավադրել է կիսակառույց շենքի բնակարանները, որոնք արդեն վաճառված են քաղաքացիներին: Այդ ցուցակում նշված էր նաեւ իմ անունը: Քննչական բաժնում Լուսաբեկի սուտը բացահայտվում է առերեսման ժամանակ` բացահայտելով, որ ես երբեւէ տոկոսով գումար չեմ հատկացրել Լուսաբեկ Սամվելյանին: Հայտնի է դառնում նաեւ Փարաքարի առանձնատան խնդիրը, որի շուրջ Գայանե Թումասյանը քննիչների ներկայությամբ վկայում է, որ ինքը ինձնից առանձնատան համար հավելյալ գումարներ է ստացել: Սակայն 2011թ. դեկտեմբերին Գայանե Թումասյանը դատարան է դիմում՝ ինձնից պահանջելով նշված առանձնատան 1/2 մասը: Դատարանը մերժում է պահանջը՝ այն անհիմն համարելով: Դատական գործընթացը շարունակվում է վերաքննիչ դատարանում, որը առաջին ատյանի դատարանի վճիռը թողնում է ուժի մեջ՝ մասնակիորեն այն բեկանելով, որպեսզի դատարանը պարզի՝ առուվաճառքի գործարքի պահին տեղյա՞կ ենք եղել արդյոք, որ Գայանե Թումասյանը Լուսաբեկ Սամվելյանի կինն է: 2013-ին Վաղարշապատի առաջին ատյանի դատարանը, կրկին մանրակրկիտ ուսումնասիրելով գործը, վճիռ է կայացնում մերժել Գայանե Թումասյանի հայցը: Սրանք բոլորը հավաստի փաստեր են՝ ամրագրված դատախազությունում եւ դատարանում: Ի դեպ, այս առանձնատան խնդիրն ինձ այնքան էր ձանձրացրել, որ ես որոշեցի այն վաճառել: Այս պահին այն կիսավաճառված կարգավիճակում է, քանի որ դատական գործընթացը դեռեւս շարունակվում է:

Չնայած վերը նշված անձանց խարդախության մասին վկայող փաստերին՝ Գայանե Թումասյանը իր ընկերուհի Մարինա Պողոսյանի հետ միասին, ընտրելով շանտաժի ճանապարհը, տարբեր հնարքներով փորձում են փաստերը խեղաթյուրել: Այդ նպատակով գտնում են մարդկանց, որոնց հետ ինչ-որ ժամանակ շփվել եմ, եւ փորձում են կիրառել անվայել մեթոդներ՝ սկսած շանտաժից մինչեւ կաշառքը, որպեսզի նրանք իմ նկատմամբ սուտ ցուցմունք տան: Խարդախությունը պատժելի է, եւ չեմ կարծում որ դրա մասին այդ երկու կանայք չգիտեն: Հատկապես, երբ իրենց աչքի առաջ ունեն Լուսաբեկ Սամվելյանի եւ նրա գործընկերների օրինակը: Եվ թերթերում իմ մասին սուտ վկայություններ տալու փոխարեն՝ ավելի լավ է ասեն, թե ինչպես է քաղաքացիներին վաճառված տները Լուսաբեկը գրավադրել եւ ինչ միջոցներով է Դուբայում կառուցել հյուրանոց: Չեմ ցանկանում հավասարվել այս մարդկանց մակարդակին եւ ներկայացնել այն ամենը, ինչ կատարվում է նրանց ընտանիքներում եւ բացահայտել Մարինա Պողոսյանի իրական կերպարը: Ուղղակի ուզում եմ մի քանի հարցեր ուղղել այս մարդկանց.
1. Գայանե Թումասյան. Երբ տան վաճառքից մեկ տարի հետո ի հայտ եկար որպես Լուսաբեկի կին եւ ստացար ինձնից հավելյալ գումար, ի՞նչ պատահեց, որ դրանից 2 ամիս հետո կրկին լուրջ գումար պահանջեցիր եւ այն չստանալով՝ սպառնացիր լուրջ միջոցների դիմել:

2. Լուսաբեկ Սամվելյան. Ես տունը գնել եմ քո վստահված անձից, որին դու խաբել ես քո ամուսնական վիճակի վերաբերյալ եւ ցանկացել ես թուրիմացության մեջ գցել քննիչներին` իմ անունը տոկոսով փող տվողների ցուցակում ընդգրկելով: Եթե հիշում ես, ես քո վրա լրացուցիչ գործ դրա համար չհարուցեցի, թեեւ բոլոր հիմքերն ունեի: Սակայն որպես մարդ խղճացի քեզ, քանի որ քեզ վրա առանց այդ էլ լուրջ գործեր են հարուցված: Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ կնոջդ չես զսպում:

3. Արմեն Թադեւոսյան, «Նորաշեն-2007» ընկերության նախագահ. Դու նամակ ես գրում լրատվամիջոցին՝ «Բողոքի գիրք» վերնագրով, որում բերված փաստերը կեղծ են եւ հորինված: Լրատվամիջոցը այնքան պրոֆեսիոնալ է գտնվում՝ ի տարբերություն մեկ այլ լրատվամիջոցի, որ նամակի վերջում հետգրությամբ նշում է. «Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում բերված փաստերի համար»: Արմեն եւ Լուսաբեկ, դուք հանցագործներ եք` խաբել եք մարդկանց եւ այժմ կրում եք ձեր արդարացի պատիժը: Գուցե մտածում եք, որ պատիժը կրելուց հետո կփախչեք Դուբայ՝ վայելելու ձեր կառուցած հյուրանոցը: Սխալվում եք, հարյուրավոր խաբված մարդկանց պատասխանելու բան ունեք, քանի որ արդեն բոլորին էլ պարզ է, որ ձեր ստեղծած «Նորաշեն-2007»-ը ի սկզբանե պլանավորված խարդախության որջ է եղել:

4. Մարինա Պողոսյան. Դուք «Սուր անկյուն» հաղորդաշարում ինձ ներկայացնում եք որպես վաշխառու եւ դրա համար վարձու մարդիկ եք գտել: Ո՞վ պետք է պատասխան տա այդ կեղծիքի համար… Հուսով եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները կբացահայտեն այդ սուտը եւ համապատասխան միջոցներ կձեռնարկեն:
Եվ եթե ես լինեի իրականում վաշխառու, ապա Փարաքարում չէի վերակառուցի Մարիամ Աստվածածին եկեղեցին եւ չէի աջակցի աղքատության մեջ հայտնված մարդկանց: Բարերարության մասին խոստովանությանս համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, քանի որ Կտակարանում ասվում է՝ «Աջ ձեռքը չիմանա, ինչ է անում ձախը»: Եվ հանրությունը այս մասին ինձանից չէր իմանա, եթե չլինեին իմ հասցեին արված զրպարտանքները:

Լուսաբեկ եւ Արմեն, ովքե՞ր եք դուք, ի՞նչ հանրօգուտ աշխատանք եք կատարել Հայաստան երկրի համար: Գայանե Թումասյան, լրատվամիջոցներից մեկում աղերսանքով խնդրում ես հասարակությանը. «Օգնեք ինձ վերադարձնեմ իմ տունը»: Աղերսել պետք չէ` վերադարձրեք իմ կողմից տան դիմաց վճարած ամբողջ գումարը եւ ետ ստացեք ձեր առանձնատունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԻՑՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31