Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի ներկայությունը կրթական ծրագրում՝ անհամատեղելի է

Սեպտեմբեր 12,2014 13:30

Անահիտ Բախշյանը գտնում է՝
կրթության ոլորտը քաղաքականացնելու հերթական քայլն է արվում

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի միջեւ կնքվեց մի հուշագիր, ըստ որի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն ԵԿՄ պատանեկան հայրենասիրական ակումբներ, որոնք, ըստ փաստաթղթի բուն իմաստի, հնարավորություն կտան ապագա սերնդին դաստիարակելու հայրենասիրական ոգով:

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ:
Հարցին՝ ո՞րն է հայրենասիրական ակումբներ բացելու իմաստը, արժե՞ դրանց վրա գումար ծախսել, կամ՝ լավ չէ՞ր լինի դրա փոխարեն նոր դասագրքեր տպագրվեն եւ ի վերջո, հայրենասիրության ակումբներում հնարավո՞ր է մարդկանց հայրենասեր դարձնել, Անահիտ Բախշյանն ասաց. «Այդ եռակողմ հուշագիրը, որ ստորագրվեց, իմ կարծիքով, հիմքում չունի ոչ մի կրթական, մանկավարժական գաղափարախոսություն:

Մոտավորապես ենթադրում եմ, թե նրա մեջ ինչ է գրված, բայց առանց այդ հուշագրի էլ, ամպագոռգոռ բաներով էլ կարող ենք երեխաներին կրթել հայրենասիրական ոգով, եւ ի վերջո՝ անձնական օրինակներով: Երկրապահին տարիներ շարունակ Երեւանի տարբեր վարչական շրջաններում անհատույց մանկապարտեզների տարածքներ են տրվել՝ այդ նպատակների համար, այն հիմնավորմամբ, որ պատանի երկրապահներ դաստիարակեն: Ես մանկավարժության մեջ երկար տարիներ եմ եւ կարող եմ անկեղծորեն ասել, որ որեւէ ազդեցություն՝ այդ կազմակերպությունների կրթական գործունեությունից, չեմ տեսել: Դրանցով պայմանավորված՝ գուցե իրենք ինչ-որ լավ բաներ են մտածել, բայց այնպես, ինչպես իրենք են լույս աշխարհ բերում այդ գաղափարները՝ չեն կարող լինել պետական քաղաքականություն: Այս հուշագիրը իր բովանդակությունը չի արդարացի»:
Դիտարկմանը՝ արդյոք այս ակումբները կուսակցականացված ուսխորհուրդների դեր չե՞ն տանի, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ուսխորհրդի դեր չեն տանի, որովհետեւ դպրոցներում չեն, բայց աշակերտական խորհուրդները կարող են այդ ուղղությամբ գնալ, ես շատ աղոտ եմ պատկերացնում այդ հուշագիրը իրականացնելու մեխանիզմը: Հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի ներկայությունը կրթական ծրագրում համարում եմ անհամատեղելի: Իրական գաղափարի կրողներին, Մանվել Գրիգորյանի հետ կռված շատերին, որոնք հայրենասերներ են եղել, պետք չի եղել նման ակումբներ հիմնել: Ես չգիտեմ, թե ինչ միջոցներով են դա անելու, բայց պետական միջոցները դրան տրամադրելը՝ անմտություն է»:

Եթե ԿԳ նախարարի՝ դպրոցում սովորելու տարիներին չեն եղել հայրենասիրության ակումբներ, ուրեմն նա հայրենասեր չէ՞, այս հարցի առնչությամբ էլ մեր զրուցակիցը պատասխանեց, թե նման բաներ իննսունականներին չեն եղել, կամ դրանից առաջ խորհրդային տարիներին էլ չեն եղել, հայրենիք ասվածը ուրիշ իմաստ ուներ, ու մարդիկ Արցախում հերոսություններ էին անում, ստացվում է՝ հայրենասեր չե՞ն եղել: «Ես չեմ հասկանում, թե այդ հուշագիրն ինչ է տալու, դա կրթության ոլորտի փաստաթուղթ չէ, ընդամենը կրթության ոլորտը քաղաքականացնելու հերթական քայլ է եւ իրական հայրենասիրության հետ կապ չունեցող մի բան»,- համոզված է Անահիտ Բախշյանը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Վերջերս ՖԲ-ում մի յայտարարութիւն էր պտտւում: «Այս-այս գիւղերում տասնեակից աւելի առարկաների դասագրքերի սղութիւն կայ»: Աբսուրդը ի՜նչ աստիճանի է հասել: Աշակերտը գիրք չունի սովորելու, սրանք հայրենասիրական ակումբ են բացում,,

    Մի գիրքը երեւի 1000 դրամից էլ քիչ է, իսկ 1000 դրամանոցով սրանք երեւի քամակ են մաքրում (բիւր հազար ներողութիւն մեր կիսասոված համաքաղաքացիներից):

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930