2016թ. ՀՀ-ում մթերվել է խաղողի 95 տոկոսը՝ 105 հազար տոննա՝ մեկ կիլոգրամի դիմաց 115-117 դրամով: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Աճի տեմպեր կան նախորդ տարվա համեմատ: Նաեւ սպիրտի արտահանումն է աճել: Կարծես ճգնաժամից դուրս ենք գալիս, թեեւ նախորդ տարվա կուտակված պարտքերը դեռ կան: Չի նշմարվում, որ նախորդ տարվանից պարտք մնացած գործարանները մոտ ապագայում միանգամից կմարեն պարտքը»,-ասաց նա:
Ավագ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարվանից դեռեւս 650 միլիոն դրամ կա վճարելու. «Դա այն գումարն է, որի դիմաց գրավ չկա, ուստի դրա միանվագ ստացման հույսեր չկան: Գուցե գործարանները 7-8 ամսում դա փակեն: Այս տարվա խաղողը դարձյալ պարտքով է վերցված, բայց վճարման հստակ ժամկետներ են սահմանված»:
Բանախոսը նկատեց, որ նախորդ տարի խաղողի մթերման հարցում լարվածությունը մեծ էր, քանի որ բերքը շատ էր, իսկ գյուղացիներն ուզում էին այն բարձր գնով մթերել. «Իրականում գինը ցածր է՝ 145-150 դրամ: Որոշ գործարանների պարտադրվեց բարձր գնով մթերել: Գյուղացիները գիտեին, որ գործարանների վիճակը վատ է, չէին մթերի, այդ պատճառով Կառավարությանը ստիպեցին գործարաններին ստիպել մթերել»:
Հարությունյանն անդրադարձավ նաեւ աղավնաձորցիների խնդրին՝ ասելով, որ պարտքի մեծ մասը «Վեդի Ալկոն» մարել է, լարվածությունը թուլացել է. «Մի քանի փոքր ընկերություններ դեռ չեն մարել: Խնդիրն այնքան է խորացել, որ նոր կառավարությունից սպասվում է շատ ավելին, քան կարելի է սպասել: Թե ինչպիսին կլինի խաղողագործության եւ գինեգործության շուրջ կառավարության քաղաքական լուծումը, պարզ կլինի վերջինիս ներկայացրած ծրագրից»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ