Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփը լուրջ կապեր ունի Ալիևի բռնապետ ընտանիքի ու նրա նախկին խնամիների հետ»․ քաղաքագետ

Նոյեմբեր 09,2016 18:45

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կտա Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, միլիարդատեր Դոնալդ Թրամթի՝ ԱՄՆ-ի նախագահ դառնալը հայերին։ Ի պատասխան մեր հարցի, քաղաքագետն ասաց․ «Թրամփը շատ երկար տարիներ Հարավային Կովկասում համագործակցել է երկու ընտանիքների հետ, մեկը Սահակաշվիլին էր, որի կառավարման տարիներին Թրամփը մուտք գործեց Հարավային Կովկաս և սկսեց շատ լայն շինարարություն Վրաստանում՝ թե՛ Թբիլիսիում, թե՛ Բաթումիում։ Երկրորդը՝ պետք է ասեմ, որ Թրամփը շատ սերտ կապեր է ունեցել Ալիևների ընտանիքի հետ։

Նա Ալիևների ընտանիքի հետ շինարարական մեծ ծրագրեր էր իրականացնում Բաքվում, բայց հենց սկսվեց նախագահական քարոզարշավը, Թրամփը, որն ունի իր պաշտոնական կայքը ու այնտեղ տեղադրված է ամբողջ տեղեկատվությունը, թե «Թրամփ կորպորեյշընը» որ պետություններում ինչ գործունեություն է ծավալում, հեռացրեց այս տեղեկությունը։ Այստեղից հետևություն, որ Թրամփին ձեռնտու չէ բացահայտել իր կապը Ալիևների ընտանիքի հետ, որը Եվրոպայում ու ԱՄՆ-ում ճանաչված է որպես կոռումպացված և բռնապետական ընտանիք։ Բացի դրանից, պետք է նշեմ, որ Թրամփը շատ սերտ կապեր ունի Ալիևի նախկին խնամի Արաս Ագալարովի ընտանիքի հետ, որի հետ բիզնես ծրագրեր է իրականացնում տարբեր տեղերում, այդ թվում նաև Ռուսաստանում։

Թրամփը, գալով իշխանության, կփոխի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վեկտորը, բայց ոչ կտրուկ։ Ես չեմ հավատում, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցում շատ մեծ ազդեցություն ունեն այս նախագահական ընտրությունները։ Իհարկե, ունեն, բայց Ամերիկան կտրուկ չի կարող փոխել իր արտաքին քաղաքականությունը, որովհետև արտաքին քաղաքականության վերաբերյալ նախագահը միայն ինքը չէ, որ որոշումներ է կայացնում, այնտեղ կան համապատասխան ինստիտուտներ, կենտրոններ, որոնք դեռ 15-20 տարի առաջ գրում էին, թե 2016-2017 թվականին կամ ընդհանրապես 2020-25 թվականին ԱՄՆ-ն ինչ արտաքին քաղաքականություն պետք է վարի։ Բայց, էլի եմ նշում, Թրամփի հաղթանակը սառը ցնցուղ էր ամբողջ Արևմուտքի համար։

Իսկ հայերի համար լավ կլինի, թե ոչ, հիմա ասել, թե Թրամփը հայամետ կողմնորոշում ունի կամ հակահայկական կողմնորոշում ունի, չի կարելի, որովհետև հայկական համայնքը բավական ուժեղ դիրքեր ունի և՛ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցության ճամբարներում։ Ես չեմ կարծում, որ արցախյան հիմնախնդրի լուծման հարցում ԱՄՆ-ն կտրուկ կփոխի իր դիրքորոշումը։ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահը կշարունակի իր այսպես ասած ոչ նալին, ոչ մեխին խփելու քաղաքականությունը։ Ես չեմ կարծում, որ Թրամփի ընտրությունը որպես ԱՄՆ-ի նախագահ կտրուկ կբարելավի կամ վատ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930