Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը ծնվեն բոյով ու կապուտաչյա՞». «ԵԼՔ»-ի պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանին

Մարտ 02,2018 13:24

ԱԺ այսօրվա նիստում շարունակվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, կարեւորելով նախագիծը, նշեց՝ այն բավականին երկար է քննարկվել ու բարդ ճանապարհ անցել: Հակոբյանը հայտնեց, որ առաջիկայում՝ այս նախագծի ընդունումից հետո, ԱԺ «կմտնի» մեկ այլ՝ նոր օրենք, որը միտված կլինի հաշմանդամություն ունեցողներ թիվը նվազեցնելուն:

«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին դուր չեկավ Հակոբ Հակոբյանի վերջին նախադասությունը: «Կոռեկտ չէ այդպես ասել, չէ՞ որ մարդիկ որոշակի հիվանդություններով են ծնվում…չի կարելի «պակասեցնել» նրանց»,-նկատեց Միրզոյանը: Հակոբ Հակոբյանն էլ պարզաբանեց իր ասածը. «Կանխարգելիչ գործողությունների մասին է խոսքը, ամեն ինչ պետք է անենք, որ հաշմանդամ անձանց հնարավորինս քիչ քանակ ունենանք»:

Արարատ Միրզոյանը շարունակեց. «Երեւի լավ չենք հասկանում իրար: Ուղղակի պետք է այնպես անել, որ այդ մարդիկ նորմալ ապրեն»: Հակոբյանն էլ պնդեց իր միտքը հետեւյալ օրինակով. «Եթե արագությունը սահմանենք 140, վթարների թիվը եւ հաշմանդամների քանակը կավելանա: Ներկայիս քննարկվող օրինագծում սոցիալական ներառման հոգեբանությունն է, իսկ այն նախագծում, որն առաջիկայում է մտնելու ԱԺ, մատնանշված է հաշմանդամների թվի նվազեցման խնդիրը»:

«ԵԼՔ»-ի մեկ այլ պատգամավոր Լենա Նազարյանը եւս քննադատեց Հակոբյանին. «Չենք կարող այնպես անել, որ բոլորը ծնվեն բոյով ու կապուտաչյա: Դա խտրական վերաբերմունք է»: Հակոբ Հակոբյանն էլ ելույթում արձագանքեց. «Ի՞նչ է, կոչ եք անում, որ հաշմանդամության դեմ չպայքարե՞նք: Մի շարք գործողություններ կան՝ միտված նրան, որ մարդիկ չհիվանդանան ու ձեռք չբերեն հաշմանդամություն: Սրա մասին է խոսքը»:

Քննարկումների ավարտին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ էր քվեարկել 68, «դեմ»՝ 1, «ձեռնպահ»՝ 22 պատգամավոր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031