Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նախագահ ուկրաինական արմատներով. Ալեքսանդր Բոժկոն Արմեն Սարգսյանի մասին

Ապրիլ 10,2018 20:30

Ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի ունեցավ Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողությունը: Իրադարձությունը, անկասկած, նշանակալի իրադարձություն է. չէ՞ որ Հայաստանը կատարում է քաղաքական համակարգի փոփոխություն՝ փնտրելով տեղի էլիտայի համար օպտիմալ կառավարման մոդել, eurointegration.com կայքում գրում է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Դեռ 2015թ. դեկտեմբերին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, որում ընտրողների 63.5 տոկոսը քվեարկեց խորհրդարանական հանրապետության անցնելու օգտին: Նման անցումը ներկայացվում էր որպես կառավարման առավել արդյունավետ ձևի ընտրություն, որը կարող է դիմակայել օլիգարխիկ դիկտատին և կարող է լուծել ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական խնդիրներ: Այստեղից էլ սահմանադրական փոփոխությունների այդքան լայն աջակցությունը, ենթադրում է Բոժկոն:

Իսկ արդեն մարտի 2-ին Հայաստանի Ազգային ժողովն ընտրեց երկրի 4-րդ նախագահին՝ ազդարարելով կառավարման ձևի փոփոխությունը նախագահականից խորհրդարանականի: Դրանով իսկ անտեսվեց ընդդիմության պահանջը՝ երկրի ղեկավար ընտրել համազգային ընտրություններով:

Արմեն Սարգսյանի թեկնածությունը միակն էր, նա առաջադրվել էր իշխող Հանրապետական և նրա դաշնակից Հայ Հեղափոխական դաշնակցության կողմից: 90 կողմ, 10 դեմ, հաղթանակն առավել քան համոզիչ է:

Եվ դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Սարգսյանն առավելապես հայտնի էր որպես Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, որը Հայաստանում 1996-97թթ. կարճատև վարչապետությունից հետո երբեք չէր հայտարարել իր քաղաքական նկրտումների մասին և դիվանագիտական աշխատանքը համատեղում էր հաջող բիզնես-գործունեության հետ (Հայաստանում նման բան հնարավոր է): Մասնավորապես, նա հիմնադրել էր Knightsbridge Group-ը, որն իր մեջ ներառում է տարբեր ոլորտներում (էներգետիկա, նավթի և գազի արդյունահանում, հեռահաղորդակցություն) ավելի քան 15 ընկերություն:

Ընդ որում, Սարգսյանին ընտրեցին՝ չնայած որոշակի կասկածներին՝ կապված նրա Հայաստանի քաղաքացիության և Հայաստանում բնակություն ունենալու հետ կապված կասկածներին:

Այնուամենայնիվ, մեկնաբանելով երկրում անցումը նախագահականից խորհրդարանական կառավարման կարգի՝ հայ վերլուծաբանների զգալի մասը կարծիք է հայտնում, որ սահմանադրական փոփոխությունը հորինվել է իշխող վերնախավի կողմից՝ իշխանությունը պահպանելու նպատակով, երբ կառավարման հիմնական օջախները փոխանցվում են վարչապետին, իսկ վարչապետ ամենայն հավանականությամբ կդառնա արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Եվ եթե խորհրդարանն իսկապես նրան ընտրի կառավարության ղեկավար, ապա իշխանությունն ամբողջությամբ հետագայում էլ կենտրոնացած կլինի Սերժ Սարգսյանի ձեռքում, քանի որ նոր նախագահին անցնում են հիմնականում ներկայացուցչական գործառույթներ՝ նրան իրավունք չվերապահելով անգամ ներում շնորհել դատապարտյալներին: Հաշվի առնելով այդ ամենը՝ կարելի է ասել, որ սահմանադրական փոփոխությունների ամենամեծ ինտրիգը դեռ առջևում է, և դա կլինի հենց ապագա վարչապետի ընտրությունը:

Նրա թեկնածության հարցում խորհրդարանական մեծամասնությունը որոշում կկայացնի մինչև ապրիլի 16-ը, իսկ արդեն հաջորդ օրը բաց քվեարկությամբ կնշանակվի կառավարության ղեկավարը: Դրանից հետո 15 օրվա ընթացքում կավարտվի կառավարության վերջնական ձևավորումը:

Վերադառնալով նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի անձին և նրա լիազորությունների շուրջ խոսակցություններին՝ թույլ տամ ինձ ենթադրել, որ այնպիսի փորձառու քաղաքական գործիչ, ինչպիսին Սերժ Սարգսյանն է,  մտածելով սահմանադրական պասյանսը, ելնում էր ոչ միայն իշխանությունը պահելու նկատառումներից: Չի բացառվում, որ նա առաջ էր շարժվում իր իշխանական մեխանիզմը մի փոքր արդիականացնելու ցանկությամբ՝ ներգրավելով թարմ մարդկանց, որոնք առնչություն չունեն աղմկոտ սկանդալների և կոռուպցիայի հետ:

Այս իմաստով Արմեն Սարգսյանի թեկնածությունը լավագույնն էր: Չէ՞ որ նա բավականին դրական համբավ ունի հայ հասարակության մեջ և քաղաքական կյանքում, աչքի չի ընկել օրենքի չարաշահումներով, բազմիցս ընդգծել է, որ որպես նախկին վարչապետ, սկզբունքորեն Հայաստանի տարածքում չի իրականացրել իր բիզնես-նախագծերը, այլ զբաղվել է բացառապես բարեգործությամբ:

Մինչդեռ հայտնի քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ «իր ուսերին ունենալով 1990-ականների կարճատև վարչապետությունը, ինչպես նաև հաջող բիզնես կապերը Ռուսաստանում և Արևմուտքում, լինելով փորձառու կազմակերպիչ, որը կարող է ընդհանուր լեզու գտնել ընդդիմադիրների հետ՝ Արմեն Սարգսյանը կարող է օգնել համակարգին (կարդա՝ իշխանություններին)՝ հնարավորություն ընձեռելով առավել լայն մանևրումների համար Հայաստանի՝ Ռուսաստանի և Արևմուտքի հետ ունեցած բարդ հարաբերություններում»:

Իհարկե, դժվար է հույս ունենալ, որ չունենալով սեփական թիմ և պատշաճ աջակցություն՝ նոր նախագահը, չնայած արևմտյան արժեքներին իր պատկանելությանը, որի մասին նա բազմիցս հայտարարել է, և նրա կողմից հայտարարվող Հայաստանն առավել հաջողակ երկիր դարձնելու ջանքերին, նոր նախագահն ինքնուրույն քայլեր կձեռնարկի:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առաջ իր ծրագրային ելույթում և երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ Արմեն Սարգսյանը նշել է իր ապագա գործունեության հիմնական սկզբունքները, այդ թվում Ադրբեջանի հետ հակամարտության մեջ Լեռնային Ղարաբաղին լիարժեք աջակցություն, պայքար կոռուպցիայի, գործազրկության ,սոցիալական անհավասարության և աղքատության դեմ, աշխատունակ բնակչության զանգվածային արտագաղթի կրճատում: Ինչպես նաև մարկանց՝ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք:

Ընդ որում, նա, չգիտես ինչու, չի հիշատակել ժամանակակից Հայաստանի այնպիսի տգեղ երևույթ, ինչպիսիք են տնտեսության մենիշխանությունը, որի հետևում կանգնած է իշխանությանը մոտ կանգնած օլիգարխիկ կլանը, և որը երկրում գոյություն ունեցող խնդիրների մեծ մասի պատճառն է:

Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելը ստիպեց ինձ՝ Հայաստանում անկախ Ուկրաինայի նախկին դեսպանին, հիշել նրա առաջին մուտքը իշխանություն, գրում է նախկին դեսպանը:

Այդ ժամանակ նրան հետ կանչեցին Բրյուսելից, որտեղ նա աշխատում էր որպես Բենիլյուքսի երկրների դեսպան: 1996թ. ընտրությունների կասկածելի հաղթանակից հետո այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց նրան նշանակել կառավարության ղեկավար, որպեսզի նրա եվրոպական փորձն օգնի բարեփոխել երկիրը:

Սակայն բոլորի համար անսպասելիորեն Արմեն Սարգսյանը, չնայած իր վրա դրված մեծ հույսերին, մի քանի ամիս անց հրաժարական տվեց՝ իբր առողջական պատճառներով, և հեռացավ երկրից: Ասում էին, որ երիտասարդ ռեֆորմատորի այդ որոշման իրական պատճառը իր մտադրությունների և գործողությունների նկատմամբ կոշտ դիմադրությունն էր:

Ցանկալի չէր լինի, որ այս պատմությունը կրկնվեր: Առավել ևս, որ այդ ժամանակ ինձ համար՝ որպես Ուկրաինայի դեսպան, Արմեն Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ հաճելի էր նրա շուրթերից լսել հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման նրա անկեղծ ցանկությունը, ինչպես նաև այն խոստովանությունը, որ իր ծնողները Երևան են տեղափոխվել Խարկովից, նշանակում է, Ուկրաինայի նկատմամբ անտարբեր չէ:

Հետևաբար, շնորհավորելով Հայաստանի նոր նախագահին բարձր պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ, կցանկանայի հույս հայտնել, որ հանձին նրա մենք կունենանք ընկեր, որը կարող է զգալի ներդրում ունենալ մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30