Լրահոս
Օրվա լրահոսը

Ես եմ այդ դատավորը

Դեկտեմբեր 16,1995 17:49

Թիկունքում չունենալով լեգեոնի եւ ոչ մի զինվոր, իր ժամանակի զորեղների դեմ նա դուրս եկավ համամարդկային մի պարզ լոզունգով. սիրիր մերձավորիդ։ Խաչ անգամ չուներ ձեռքին, նրա խաչելությունից հետո նոր միայն խաչը պաշտամունք դարձավ:

Ավելին, երբ հրապարակում դիվանագետ հռոմեացին ամբոխ դարձած ժողովրդին ցույց տալով հարթակի վրա կանգնած հանցագործին եւ համակ անմեղությունը եւ ձեռքերը լվանալով ասաց՝ ընտրիր, թե ո՞ւմ ես դատապարտելու մահվան եւ ո՞ւմ ազատելու, հաստատ իմանալով, որ ժողովուրդը պետք է սխալվի։ Թեպետ սխալվեց ժողովուրդն ընտրության մեջ, բայց դա չխանգարեց, որ համամարդկային սիրո խոսքեր ասողը դառնար Աստծո Որդի եւ հալածվելով պաշտվեր դարեր շարունակ։

Հիշեցի Քրիստոսին, որն, իմ կարծիքով, բոլոր ժամանակների մեծագույն հեղափոխականն է (հավանաբար ոմանք հեղափոխություն բառն անարգելու համար առաջին հեղափոխականի պատիվը փորձել են վերագրել սատանային) եւ տարբերվում է մնացած բոլորից նրանով, որ ուրիշներին կոչ չէր  անում զենքի եւ չէր էլ հետապնդում՝ ուրիշների կյանքի գնով սեփական իշխանությունն ու բարեկեցությունը ստեղծելու  մասին: Նա աոջեւից էր գնում եւ չէր խաբում ուրիշներին սին խոսքերով։ «Առեք եւ լափեք մարմինն իմ» կոչը դարձյալ ուրիշների հաշվին իր անձի բարեկեցությունը տենչացող մարդկանց էր ուղղված։

Կերեք եւ կշտացեք, գուցե իմ մարմինը հագեցնի դժոխային գայլի էությունը նման ձեր էությանը։ Սեփական կյանքի գնով ուրիշներին բարեկեցություն ապահովելու գաղափարը,– ահա Քրիստոս հեղափոխականի ողջ մեծությունը։

Ես ամենեւին հակված չեմ մտածելու, թե Էդ. Հովհաննիսյանը ֆաշիստ է, կամ ֆաշիզմ է քարոզում, կամ էլ նա լիովին արտահայտում է ՀՅԴ կուսակցության տեսակետը։

Ամենեւին։ Նա մարդ է, հայրենիքից փախած քաղաքական գործիչ, որն ունի իր տեսակետը մեր հանրապետությունում ընթացող գործընթացների մասին։ Ես էլ մարդ եմ, հասարակության անդամ, անկուսակցական, որը նույնպես ունի իր մոտեցումները այդ գործընթացին։ Իմ տեսակետը բխում է քրիստոնեական իմ դաստիարակությունից։

Եթե ըստ Հովհաննիսյանի իշխանությունը «ավազակախումբ է», ապա, իմ կարծիքով, ավազակախումբը ոչնչացնելու համար, ամենեւին էլ ոչ հեղափոխություն է պետք եւ ոչ էլ եղբայրասպան պատերազմ։ Պարզապես անհրաժեշտ է մեկ ուրիշ, ավելի լավ զինված ավազակախումբ։ Բացի դա, ՀՅԴ-ի հեղափոխությունը, իմ կարծիքով երբեք եղբայրասպան չի եղել եւ հազիվ թե

այսօր նա գնա այդ ճանապարհով, որքան էլ որոշ մարդիկ փորձեն անձնական ամբիցիաները բարձրացնել հեղափոխության   մակարդակի։

Ասածս թերեւս հաստատեմ նրանով, որ 1992 թվականը ամենահարմար պահն էր հեղափոխության, բայց ոչ մի կուսակցություն, այդ թվում ՀՅԴ-ն, չգնաց դրան։ Մեր հեղափոխությունը պետք է լինի ճիշտ 88-ի նման։ Ես հավատում եմ դրան։ Մերժելով Հովհաննիսյանի զենքով հեղափոխությունը, չի նշանակում, թե անվերապահորեն ընդունում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակները։

Թող մի քիչ էլ մենք կենսունակ լինենք, մի քիչ էլ մենք ինչ-որ տեղ պարսիկ ու թուրք «լինենք»։ Քրիստոնեությունը կույր հավատ չդարձնենք մեզ համար։ Շուրջ 300 տարի կույր հավատով հավատացինք մեր Հյուսիսի բարեկամին։ Արդյունքը՝ Արեւելյան Հայաստանի տարածքների կորուստը, եւ այդ ընթացքում ոչ մեկը ոչ ասաց, ոչ էլ հասկացնել տվեց մեր երեկվա, այսօրվա եւ վաղվա բարեկամին, թե ախր, ախպերությունը այդպես չի լինում, իսկ մեծ եղբայրն էլ չէր ըմբռնում, որ մենք էլ իրեն ենք պետք, որովհետեւ մենք մեզ ոչ թե բարեկամի, կամ իրավունք ունեցող եղբոր պես ենք պահել, այլ՝ ստրուկից էլ նվիրյալ ստրուկ։ Երեկվա այդ նվիրյալ ստրուկի հոգեբանությունը մեր մեջ ազգային բարդույթ է դարձել, որ կորցրել ենք հավատը սեփական գենի նկատմամբ, սեփական ուժերին հավատալ եւ ապրել միայն ինքդ քեզ ապավինելով։ Այդ բարդույթով, ցավոք սրտի, տառապում են նաեւ եւ այսօրվա որոշ ընկերներ, որ ասում էին, թե 3 միլիոնանոց Հայաստանը չի կարող կռվել 7 միլիոնանոց Ադրբեջանի հետ։

Այսօր մեր իշխանությունների վարած քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ճշմարիտ է։ Լինելով քրիստոնյա ժողովուրդ, չգիտեմ ինչու ենք մոռանում քրիստոնեական պատգամը,– հավատա Աստծուն, բայց հույսդ քեզ վրա դիր։

Այն ժամանակ չկային կուսակցություններ, եւ անհատներն էլ անկարող էին էքսցեսի հասցնել ժողովրդին, քանզի քարոզչության միջոցները սահմանափակ էին, իսկ այսօր մտածել այդպես եւ կուսակցություններ հակադրել, առնվազն անմտություն է։ Շատ համայնավարներ ժամանակի իրադարձությունից ելնելով լռում էին, բայց միթե մոռանում էին ոչ հեռու անցյալի դեպքերը, կամ մորթապաշտ մի բանաստեղծ մեղադրում էր Բակունցին «Ծիրանի փողը» պատմվածքի համար, եւ շատերը նրան տուրք էին տալիս, միթե այդ բոլորին ժամանակը իր տեղը չնստեցրեց։ Որքան էլ այսօր հայը Թուրքիա գնա, անգամ ողջագուրվի, բաժակ բաժակի խփի, միեւնույն է, ոչ ոք հայից չի կարող հանել այն զգայական ճանաչողությունը, որն ամեն ինչից վեր է։ Որքան էլ Արարատը անվանափոխեն, միեւնույն է Նոյը՝ ըստ ավանդույթի՝ Արարատի կատարին է նստել։

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031