Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է տասնյակ անգամ շփվել հոգեւորականների հետ ու ոչինչ չլսել Աստվածաշնչի մասին, այլ լսել Մերսեդեսի «թազա վիպուսկը հին վիպուսկի» հետ համեմատելու, ցեմենտի, բետոնի մասին. զարմացած չեմ, որ նրանք քաղաքական հայտ են ներկայացնում»․ Փաշինյան

Մայիս 07,2024 16:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով պետություն-եկեղեցի հարաբերություններին, ասաց՝ մենք եկեղեցու հետ չենք հակամարտում, իսկ եկեղեցին իշխանության հետ հակամարտում է, թե՝ ոչ, եկեղեցին պետք է պատասխանի։

«Եթե որոշ հոգեւորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգեւոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կան հոգեւորականներ, ովքեր իրոք հոգեւոր առաջնորդություն են իրականացնում․ «Հոգեւոր առաջնորդությունը մարդկանց օգնելը, աջակցելն է Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն իր ներաշխարհի հետ ներդաշնակություն գտնի: Այսօր կան հոգեւորականներ, որոնք ճշգրիտ այդ գործունեությունն են իրականացնում»:

Ապա Փաշինյանը նշեց․ «Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, ովքեր, եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ հոգեւոր առաջնորդությունը ձախողել են, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են: Ցավոք, այս դիրքի եւ իրադրության մեջ են հայտնված շատ բարձրաստիճան հոգեւորականներ: Ոչ բոլորը, բայց շատերը:

Բարձրաստիճանների մեջ էլ կան բազմաթիվները, ովքեր իրոք հոգեւոր առաջնորդությամբ են զբաղվում։ Բայց վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգեւոր առաջնորդությունն են ձախողել: Կարելի է տասնյակ անգամներով շփվել, հաղորդակցվել հոգեւորականների հետ եւ այդ ընթացքում ոչինչ չլսել Աստվածաշնչի մասին, չլսել ոչ մի բան Նոր Կտակարանի ու Ավետարանի մասին, չլսել ոչ մի բան դավանաբանական խնդիրների մասին, այլ լսել բազմաթիվ բաներ ցեմենտի, բետոնի, ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողը այստեղ դնելու, այնտեղից հանելու, մի երթուղային գիծը այս մի գծով փոխելու, էս մի ավտոն էն մյուս ավտոյով փոխարինելու, Մերսեդեսի «թազա վիպուսկը հին վիպուսկի» հետ համեմատելու մասին:

Ես զարմացած չեմ, որ նրանք քաղաքական հայտ են ներկայացնում, որովհետեւ հոգեւոր դաշտում նրանք բան չունեն անելու, դա իրենցը չի: Հնարավոր է՝ իրենք Աստվածաշունչը սկզբից մինչեւ վերջ չեն կարդացել, նրանք նույնիսկ տերմինաբանության մեջ․․․հասկանում ես, որ այդ մարդիկ վաղուց Նոր Կտակարան չեն բացել, ավետարանական նրբություններին չեն տիրապետում»։

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը խոսում է որպես մարդ, ով հավատում է Աստծուն եւ մարդ, որը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է․ «Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը։ Ես վերջին մարդն եմ ՀՀ-ում, որ սա ասում եմ: Բիզնես պրոյեկտներ՝ խնդիր չկա, կոֆե-շոկոլադ՝ ոչ մի պրոբլեմ, ավտո-մարշուտկա՝ բացարձակապես հարց չկա՝ փորձագետի մակարդակով: Աստված, Աստվածաշունչ, Կտակարան, Ավետարան՝ խիստ կասկածում եմ, որ դա իրենց հետ կապ ունի: Դա երեւում է ամենօրյա կյանքում եւ իմ կարծիքով՝ դա Հայաստանում արմատացած խոսույթ է: Բա էդ մարդիկ ի՞նչ անեն, պետք է քաղաքական հայտ ներկայացնեն, որովհետեւ հոգեւորականի գործունեությունն իրենց համար ձան-ձրա-լի է, չեն տիրապետում։

Ժամանակներ են եղել, որ բազմաթիվ քվոտաների մեջ իրենք էլ են քվոտա ունեցել, հետաքրքիր է եղել՝ Մերսեդես, Բենթլի, Լեքսուս, ներմուծում, արտահանում, ամեն մեկն իր քվոտան է ունեցել, հիմա ոչ ոք չունի քվոտա, նշանակում է՝ բոլորն ունեն քվոտա։ Իսկ սա արդեն տնտեսական մրցակցություն է»։

Փաշինյանն ասաց, որ վերջերս նյութի է հանդիպել, որտեղ ոգու, հոգու մասին են խոսում (հավանաբար նկատի ունի Բագրատ  սրբազանի առաջնորդությամբ սահմանազատման դեմ երթը, որի ժամանակ սրբազանը հայտարարել է՝ հոգին կհաղթի դուխին), ասաց․«Ես հասկացա, որ մարդիկ կամ Ավետարանին չեն տիրապետում, կամ էլ հոգեւոր կյանքի տեսանկյունից դիտավորյալ պղծության քարոզչությամբ են զբաղված․ «Երբ հոգեւորականները քարոզում են ոգու մասին, Ավետարաններում ոգի բառն օգտագործվում է բացառապես պիղծ, չար մակդիրների հետ։

Այդ ինչ կարգախոսներ են օգտագործում, ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին։ Փողոցում Հայաստանի հանրապետության քաղաքացիներն են, մարդիկ են, երիտասարդներ են, մեծահասակներ են, ո՞նց է հաղթելու փողոցին։ Այսինքն, սրճարանները փակելու ենք, տեղը մոմավառության կետե՞ր ենք բացելու, հրապարակները փակելու ենք՝ տեղը մոմավաճառության կետե՞ր ենք բացելու։

Ժողովրդի կամքն անկասելի է։ Ժողովրդի կամքը ՀՀ-ում բարձրագույն իշխանությունն է, ինչ կուզենա՝ կանի, բայց ժողովրդի կամքը։ Ես համոզված եմ, որ ժողովրդի կամքն ուզում է խաղաղություն։ Այսօր մարդիկ դուրս են եկել բացահայտ պատերազմ են քարոզում: Ո՞ւմ անունից են պատերազմ քարոզում: Ես այստեղ եմ ժողովրդի կամքով եւ այստեղ չեմ լինի ժողովրդի կամքով:

Այս ամբողջ պատմությունն այն մասին է, որ 2021-ին էլ էին ասում՝ ի՞նչ կապ ունի ժողովրդի կամքը, իշխանությունը տուր մեզ: Կներեք, էդ իշխանությունն անտե՞ր է, որ տամ ձեզ, ես իշխանությունը կարող եմ տալ միայն իշխանության տիրոջը, իշխանության տիրոջ ձեռքին է ամեն Աստծո օր, այսինքն` ժողովրդի ձեռքին է: Ժողովուրդը 2021-ին իր իշխանությունը պատվիրակել է եւ ես իրականացնում եմ այդ պատվիրակումը՝ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունն ապահովելու։

Եթե ժողովուրդը որոշում է, որ ինքը պատերազմ է ուզում, այլ ուղղությամբ է գնում, ես կփորձեմ ժողովրդին ներկայացնել ամեն ինչ, եւ հիմա դա եմ անում: Նրանք, ովքեր ուրիշներին ուզում են մեղադրել պատերազմից վախենալու մեջ, մենք պատերազմից չվախենալն էլ ենք ի ցույց դրել։ Բայց պարզվեց, որ այն պատերազմի հետ առնչություն ունեցողների մի մասը խնդիր ունի պատերազմը շատ, թե քիչ նպաստավոր դարձնելու, մյուս մասը խնդիր ուներ պատերազմը ՀՀ-ում քաղաքական բորբոքումներ հարուցելու եւ իշխանափոխության առիթ օգտագործելու»։

Փաշինյանն ասաց՝ հիմա էլ դուրս են եկել, ասում են՝ ձեզ ինչ, որ նախկիններին ենք ուզում բերել իշխանության․ «Բայց դուք ո՞վ եք, որ բերեք, կամ չբերեք իշխանության»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տրամաբանական սխալների թիվը այնքան շատ է ու խոր, որ քպականը պիտի զգուշանա շարունակել նիկոլին կառչէլուց:
    Խելագառ չէ, անհրաժեշտություն չունի մտածելը տրամաբանությանը ենթարկելուն: Գիտի որ ինչ էլ ասի, իր ‘սպոնսորները’ օ’կ կանեն: Բանաձևերն էլ (լոզունգները) հիմնականում սպոնսորներն են գրում, տալիս կարդա:
    Սխալ է թե ճիշտ`
    Մերսեդեսի թազա վիպուսկից խոսելը չի բացառում լավ հոգևորական լինելը:
    Գալստուկ հագնելը ու լայն ժպտալը չի բացառում ազգադավ վարչապետ լինելը:

    Վրեժ ու ռևանշ է վերցնում հայերից իր անսեր մանկության համար: Ու վերջ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031