Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ կարծես հերթը միայն նախագահինն է

Հունվար 24,1998 18:05

Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը խուսափում է վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններից, ըստ ամենայնի՝ չցանկանալով առավել սրել առանց այն էլ լարված իրավիճակը։

Լռում են նաեւ Ղարաբաղի՝ այդ անգամ Հայաստանի կողմից չճանաչված զարմանալի պետության ներկայացուցիչները, որոնց բացահայտ հրահանգեցին չմիջամտել հարեւան պետության ներքին գործերին։ Իշխող կուսակցության առաջնորդների եւ այլեւայլ մեկնաբանությունների պատասխանը տալու պարտավորությունն ինքնակամ հանձն առավ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։

Անուղղակի պատասխան՝ ՀՀՇ հայտարարությանը

«Ես չէի անդրադառնա Արցախի հարցի քաղաքական կարգավորման խնդրին, քանի որ համարում եմ, թե դա առաջին հերթին Հայաստանի եւ Արցախի քաղաքական բարձր ղեկավարությունների եւ քաղաքական գործիչների խնդիրն է, սակայն քանի որ հարցը քաղաքական դաշտից վերջին ժամանակներս տեղափոխվում է բարոյական, անձնական, սոցիալական դաշտեր՝ ստիպված եւ պարտավորված եմ կարծիքս հայտնել: Կարիք չկար ժողովրդին մասնակից դարձնել այս ամբողջ ներքին խոհանոցային, նյարդային ու վերջին հաշվով պառակտիչ գործընթացներին։ Սակայն եթե ժողովրդին արդեն իսկ մասնակից ենք դարձրել՝ նշանակում է, առանց ժողովրդի կարծիքի այս հարցը լուծում չի կարող ունենալ։ Արցախի խնդրի կարգավորման հարցը համաժողովրդական, համազգային խնդիր է եւ ամենակարկառուն անհատներին անգամ՝ 4, 10 մարդու ո՛չ իրավունք, ոչ էլ, կարծում եմ, այդքան շնորհ է տրված այդ հարցը լուծելու: Առաջին հերթին ինձ խորապես մտահոգում է հետեւյալը. տեղափոխելով հարցը սոցիալական, անձնական, բարոյական դաշտեր, ըստ էության, սեպ է խրվում ժողովրդի երկու մասերի՝ արցախահայության եւ հայաստանահայության միջեւ։ Ակնարկելով սոցիալական պայթյունի մասին, պատճաոաբանելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը Ղարաբաղի հարցով, մենք ուղղակի մեր հասարակությանն այդ կարծիքին ենք մղում։ Պիտի ասել, որ Հայաստանում սոցիալական պայթյունի վիճակ չկա, եւ այն արհեստականորեն են փորձում ստեղծել։ Տարիներ առաջ կամ ընդամենը 8-9 ամիս առաջ Հայաստանը սոցիալապես շատ ավելի ծանր վիճակում էր, բայց այդ մասին վերջին ժամանակներս խոսող ընկերները չէին խոսում։ Հայաստանում տնտեսական վիճակը վատ է ոչ այն պատճառով, որ Արցախի հարց ունենք, այլ առաջին հերթին այն պատճառով, որ մենք վատ ենք աշխատում։ 1995-ից, մեր կառավարություններն, ըստ էության, շատ ծանր վիճակում են եղել»։

Պատասխան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրաժարականների պահանջներին

«Նշեմ, թե ինչու եմ իմ պարտքն ու պարտականությունը համարում տալու ամփոփիչ մեկնաբանություններ։ Ես եմ եղել, որ նախ 1993-ին նախագահ Տեր-Պետրոսյանի ցուցումով գնացել եմ Ղարաբաղ բանակցելու Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստան գալու համար։ Հետո ես եմ եղել, որ 1997-ին՝ գնացել եմ Ստեփանակերտ՝ բանակցելու Ռոբերտ Քոչարյանի հետ, որպեսզի գա Երեւան որպես վարչապետ: Երկու դեպքում էլ տղաները դեմ էին։ Երկու դեպքում էլ Ղարաբաղի թիմը դեմ էր, մեկնաբանում էին, որ կտանեք, կօգտագործեք՝ հետո դուրս կթողնեք: Երկու դեպքում էլ տղաներն իրենք իրենցից ավելի հասուն գտնվեցին եւ եկան Հայաստան։

Սերժը եկավ Վազգեն Մանուկյանից հետո, երբ Հայաստանում պաշտպանության նախարար չէր գտնվում, եւ Սերժ Սարգսյանի ավանդը Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանության, Հայաստանի ՆԳՆ-ի աշխատանքների կազմակերպման մեջ անուրանալի է: Հիմա այդ ահռելի նախարարությունը ղեկավարելիս մարդն օրվա մեջ 10-20-100 մարդու վատություն է անում ի պաշտոնե։ Եվ այդ ամբողջ վատությունը բարդել Սերժ Սարգսյանի եւ նրանով՝ Ղարաբաղի վրա, մեղմ ասած, վատ բան է:

Փորձում են սկզբում կազմալուծել, ՆԳ համակարգում անվստահություն մտցնել նախարարի նկատմամբ, հետո արդեն մեղադրել, որ տեղակալին խփել են, իսկ ինքը ոչինչ չի անում։ Ի՞նչ պիտի աներ, ինքնասպա՞ն լիներ այդ մի օրվա ընթացքում: Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց Հայաստան գալ, երբ 3 ամիս 95 տոկոսով ընտրված նախագահ էր, եւ իր դիրքը չափազանց կայուն, ամուր եւ շահեկան էր։ Միայն մի պատճառով համաձայնեց, որովհետեւ իրեն բացատրվեց նախագահ Տեր-Պետրոսյանի եւ տվյալ դեպքում՝ իմ կարծիքը, որ պատերազմն արդեն դուրս է եկել հերոսության դաշտից ու մտել տնտեսաքաղաքական դաշտ։ Եվ համարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կերպարը ե՛ւ քաղաքական առումով, ե՛ւ տնտեսությունը զարգացնելու կամք գործադրելու, ե՛ւ աշխատունակության առումով լավագույնն է։ Եվ այդպես էլ կա: 9 ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հրաշքներ գործել չէր կարող, բայց 9 ամսում նա կարողացավ 12 ամսվա բյուջեն կատարել։ Հաջողվեց կայունացնել տնտեսությունը, վճարել աշխատավարձերի եւ թոշակների բոլոր պարտքերը, ստեղծել հենք, որից այն կողմ 1998-99 թվականներին եթե քաղաքական վայրիվերումներ չլինեն՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր կառավարությունն, անկասկած, լուրջ հաջողություններ են ունենալու։ Ռոբերտ Քոչարյանը հավատում է դրան եւ աշխատում օրուգիշեր։

Հարվածը գոտկատեղից ներքեւ է, եւ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են ինչ-որ մարդկանց պատճառով։ Այդ մարդկանց, վերջին հաշվով, կարելի է փոխել, բայց նրանց մեղքերը բարդել Քոչարյանի, եւ նրանով Ղարաբաղի ժողովրդին քավության նոխազ շինելը, մեղմ ասած, վատ բան է։ Վաղը, մյուս օրը Քոչարյանի վրա կարող են բարդել նաեւ հացի թանկացումը եւ նման բաներ։

Ես անկարելի եմ գտնում Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը մի շարք պատճառներով. նա նախ Հայաստանի եւ Արցախի միասնության խորհրդանիշն է: Առանց Ռոբերտ Քոչարյանի մենք կունենանք բացարձակապես, մեղմ ասած, մեզ չվստահող Արցախ։ Իսկ առանց Արցախի ժողովրդի՝ Արցախի հարցը հնարավոր չէ լուծել։ Երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը լավ վարչապետ է, իր գործը լավ է անում եւ ավելի լավ գործեր կարող է անել։ Երրորդ՝ եթե խոսում ենք տնտեսական բարգավաճման մասին եւ հատկապես այդ խնդիրն ենք առաջ քաշում Ղարաբաղի հարցի լուծման համատեքստում, ապա չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է տարվա մեջ 3-րդ վարչապետին փոխել։ Եվ չորրորդ, չգիտեմ, թե ով է գալու Ռոբերտ Քոչարյանից հետո, որ նրանից լավ անի այդ աշխատանքը»։

Պատասխան ահաբեկչությունների կազմակերպիչների վերաբերյալ վարկածներին

«Շատ ցավալի են այս փաստերը, բայց այդպես մեկեն, գլխապատառ մեկնաբանություններ տալը չեմ հասկանում: Եթե խոսում ենք ընդամենը ենթադրությունների մասին, ապա իմ փաստարկներն ու ենթադրությունները շատ ավելի ծանրակշիռ են։ Ուրեմն, գնացեք, հարցրեք նույն Ռուբենին, թե հունվարի 12-ին ով իրեն ասաց, որ իր վրա մահափորձ է լինելու։ Եթե ուզում եք իմանալ ավելի խոր ենթադրությունների մասին՝ տա Աստված, որ Արծրուն Մարգարյանն ավելի շուտ ապաքինվի, հարցրեք նրան, թե ով այդ նույն օրը կանչեց իրեն եւ ասաց. «Քանի որ նախազգուշացրել էի Նեմեց Ռուբոյի մասին, հիմա նորից նախազգուշացնում եմ քո, Անդրանիկ Քոչարյանի, մյուսի մասին՝ մեր հետ նույն բանը լինելու է»։ Ո՞վ, ինչպե՛՞ս, ինչո՞ւ՝ նրանք մեզ կտան այդ անձնավորության անունը, որն, այդպես կոչված, այս թեւից չէ։

(Փոքր-ինչ անց, Վազգեն Սարգսյանը պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե «ճի՞շտ է այն տեղեկությունը, որ այդ անձնավորությունը Ռոմեն Ղազարյանն է», ասաց. «Դուք ասացիք»):

Եվ պիտի դեռ ճշտել, մեքենայի վրա կրակվե՞ց, թե՞ կրակեցին։ Ղարաբաղյան համարանիշներով մեքենաներ, Ղարաբաղից ահաբեկիչներ… ազնիվ չէ, անբարոյականություն է։ Ռուսաստանում օրվա մեջ 5, 6, 10 սպանություն, 30, 40, 100 մահափորձ է լինում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ վեր կենան ու ասեն, թե Ռուսաստանը ահաբեկիչների երկիր է, հատկապես իշխող կուսակցության մտքով չի անցնում այդ բանն անել»։

Պատասխան այն մտահոգություններին, թե հակասությունները կվերաճե՞ն զինված ընդհարման

«Հարցնում են «Հարկ եղած դեպքում ի՞նչ եք անելու», ես եւս մեկ անգամ հավաստիացնում եմ. ոչինչ չենք անելու։ Հայաստանի զինված ուժերը ստեղծված են կռվելու արտաքին թշնամու դեմ, քաղաքական պայքարին չեն խառնվելու, եւ թող որեւէ մեկը հույս չունենա, թե Հայաստանի զինված ուժերը կարող են ներքաշվել այս խաղի մեջ»։ (Ի դեպ, սեպտեմբերի 25-ի իրադարձությունները նախարարը «ողբերգություն» անվանեց։ Բանակի եւ երկրապահների չմիջամտաթյան երաշխիքների վերաբերյալ հարցին պատասխանեց՝ «Երաշխիքը պաշտպանության նախարարի խոստումն է»):

Պատասխան այն հայտարարությանը, թե անընդունելի է Արցախի իշխանությունների միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին

«Ի սկզբանե հարցադրումը հիմնովին սխալ եմ համարում, որովհետեւ Արցախը միջամտում է ոչ թե Հայաստանի կոմունալ հարցերին, այլ իր սեփական ճակատագրի խնդրին»։

Պատասխան այն հարցին. «Եթե Ձեզնից հրաժարական պահանջվի՞»…

«Այլ հարց է՝ ես հրաժարական կտա՞մ, թե՞ ոչ։ Ես հրաժարական չեմ տա»։

Պատասխան Արցախի հեռուստատեսության այն հարցին, թե «արդյոք իշխանության վերին էշելոններում փոփոխությունը՝ ընդհուպ մինչեւ նախագահին անվստահության հայտնելը հնարավոր կդարձնի՞ Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը»

«Ես չեմ կարծում, որ բոլոր հնարավորությունները սպառված են։ Քաղաքական հակասությունների առումով վիճակը շատ բարդ է, բայց ոչ անշրջելի։ Կարծում եմ, տեղ կա, դեռ կարելի է գտնել, համախմբվել, գնալ առաջ եւ հետեւից տանել ժողովրդին»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031