Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ վստահված անձն ես դու

Ապրիլ 01,1998 00:00
vctahvac anz

Երկրորդ փուլի ընտրությունների ժամանակ լրագրողներն իրար հետաքրքիր ասացվածք էին պատմում. «Ասա, խախտումներ կա՞ն, թե՝ ոչ, եւ ես կասեմ, թե ում վստահված անձն ես դու»։ Կարեն Դեմիրճյանի վստահված անձինք մեծամասամբ խոսում են կատարված խախտումների եւ ճնշումների մասին, Ռոբերտ Քոչարյանի վստահված անձինք հավաստիացնում են, որ ընտրություններն անցնում են օրենքի շրջանակներում։

Մարտի 30-ի երեկոյան մեզ հետ խուսափեց խոսել նույնիսկ Էմմա Խուդաբաշյանը, որը մարտի 16-ի ընտրությունների ժամանակ՝ 1/5 տեղամասում ենթարկվել էր ծեծի։ Այս անգամ տիկին Էմման հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել ընտրությունների ընթացքը, նշելով միայն, որ առգրավվել է Ռ. Քոչարյանի օգտին քվեարկած 21 քվեաթերթիկ։ Ընտրատարածքի դիմաց հավաքված մոտ 10 քաղաքացիներ հավաստիացնում էին, որ այս անգամ էլ ընտրությունները չեն տարբերվում նախորդից, իսկ իրենք հավաքվել են Կ. Դեմիրճյանի վստահված անձանց ֆիզիկական բռնարարքներից պաշտպանելու համար։ Այս ընտրատեղամասում Կարեն Դեմիրճյանի մյուս վստահված անձի կինը պատմեց, որ իր ամուսնուն չի բավարարել մեկ տուփ սրտի հաբերը, եւ ստիպված են եղել շտապօգնություն կանչել։ Իսկ երեկ առավոտյան Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբում հավաքվել էին այն վստահված անձինք, որոնց նկատմամբ այս կամ այն ձեւով ճնշում էր գործադրվել։ Բողոքելը սեփական թեկնածուի պարտությունը գործընկերների մոտ արդարացնելու լավագույն միջոց է։

Քանաքեռ-Զեյթուն համայնքի 12/2 ընտրատեղամասում Կարեն Դեմիրճյանի վստահված անձինք՝ երկուսն էլ կանայք, բողոքում էին, որ իրենք ծեծի են ենթարկվել։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/24 տեղամասում Կարեն Դեմիրճյանի վստահված անձեր Գայանե Տադոյանը եւ Քնարիկ Կարապետյանը պատմեցին. «Ժամը 12-ին մեր ընտրատարածք եկան անգլիացի եւ շվեդ դիտորդներ։ Ընդհանուր դիտարկումից հետո նրանք մեզ կանչեցին առանձին հարցազրույցի, որի ընթացքում մենք խնդրեցինք, որ ընտրությունների ավարտից 5 րոպե առաջ նրանք գան ընտրատարածք եւ մասնակցեն քվեաթերթիկների հաշվմանը։ Ամբողջ ընտրություններն անցան բազմաթիվ խախտումներով, հատկապես ուզում ենք նշել, որ լրացուցիչ ցուցակներում գրանցվում եւ քվեարկում էին ԲՇՏ-ից տրված տեղեկանքներով։ Մեր տեղամասում քվեարկեցին նաեւ հանձնաժողովի անդամները, պատճառաբանելով, որ իրենց ընտրատեղամասերում չեն մասնակցել ընտրություններին»։

Այնուհետեւ պատմում է Քնարիկ Կարապետյանը, որը մնացել է քվեաթերթիկների հաշվմանը։ «21.40-ին, ինչպես պայմանավորվել էինք, դիտորդները եկան մեր ընտրատեղամաս։ Քվեաթերթիկները հաշվելուց հետո պարզվեց, որ ցուցակներում 34 ստորագրություն ավելի է, քան կա քվեատուփում։ Այդ ժամանակ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմենը քվեատուփից մի բուռ քվեաթերթիկ վերցրեց եւ լցրեց նախագահի աթոռի վրա։ Դիտորդներից մեկն ինչ-որ բան կասկածելով, ներողություն խնդրեց, որ խախտում է մեր երկրի օրենքները եւ առաջարկեց ստուգել սենյակը՝ կորած քվեաթերթիկները գտնելու համար։ Սեղանի դարակները եւ պահարանները ստուգելուց հետո, նա մոտեցավ նախագահի աթոռին եւ բարձրացնելով աթոռի վրա գցված շորը՝ այնտեղ հայտնաբերեց 27 քվեաթերթիկ,որոնցից 18-ը քվեարկված էին Ռոբերտ Քոչարյանի օգտին, 8-ը՝ Կարեն Դեմիրճյանի, 1-ը՝ բոլորին դեմ։ Հանձնաժողովի նախագահը որեւէ բացատրություն չտվեց, ասելով, որ իր բացակայության ընթացքում ինչ-որ մեկը միտումնավոր դրանք մտցրել է աթոռի տակ»։

7/4 ընտրատարածքում Կ. Դեմիրճյանի վստահված անձ Իզաբել Սիմոնյանը պատմեց. «Եթե մարտի 16-ին մեր ընտրատարածքում մասնակցությունը 100 տոկոս էր, ապա այս անգամ այն հասավ 105 տոկոսի՝ 3062 ընտրողներից քվեարկել էր 3150-ը։ Հանձնաժողովի նախագահը պատճառաբանում է, որ մյուսները քվեարկել են լրացուցիչ ցուցակներով։ Սակայն ժամը 19-ին, երբ լրացուցիչ ցուցակներում արդեն առկա էր 231 ընտրող, հենց ինքը՝ Վ. Կարապետյանը պարզեց, որ 141/2 շենքի բնակիչները քվեարկել են եւ մեր՝ 7/4, եւ 7/10 տեղամասերում։ Ժամը 18.30- ին մեր տեղամաս եկան ԵԱՀԿ 53 խմբի դիտորդներ, որոնք ականատեսն եղան, որ հանձնաժողովի անդամներից մեկն իրեն վստահված քվեաթերթիկների վրա նշում է կատարում հօգուտ Ռ.Քոչարյանի։

Արձանագրվել են փաստեր, երբ քաղաքացիները պարզում էին, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են։ Օրինակ՝ Մեծարենցի 52 տան բնակիչ Մարինե Հարությունյանը պարզեց, որ իր անվան դիմաց կեղծված են անձնագրի տվյալները եւ ստորագրությունը»։ Տերյան դպրոցում 22-24 տարեկան մի երիտասարդ, մտնելով տեղամաս, իր անունը լրացնում է լրացուցիչ ցուցակում եւ ստանում քվեաթերթիկ։ Քվեարկելուց հետո նա փոքր արկղ է գցում մի խուրձ կտրոն։ Սակայն քվեաթերթիկներն ամբողջությամբ լցնել չի հաջողվում։ Դրանցից մեկն ընկնում է գետին, իսկ մնացածը՝ նա իր հետ դուրս է տանում։ Գետնին ընկած քվեաթերթիկի վրա նշումը կատարված է եղել հօգուտ Ռ. Քոչարյանի։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930