Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՓԱԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մայիս 01,1998 00:00
Aph

ԱՊՀ հերթական գագաթնաժողովը թերեւս առավել արտասովորն էր իր նմանների շարքում: Այն անցավ բավական բարձր տեմպով եւ առանց «ավելորդ» զեղումների, ինչպիսին կարող էր դիտվել լրագրողների չափից ավելի ներկայությունը: Ծրագրով նախատեսված ասուլիսն էլ նախապես չեղյալ էր հայտարարվել: Մի խոսքով, խորհրդավորության դրոշմի պես բան կար:

ՕՐ ԱՌԱՋԻՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Մեր պատվիրակությունը Մոսկվա ժամանեց առավոտյան, որից գրեթե մեկ ժամ անց Կրեմլում Ռոբերտ Քոչարյանին ընդունեց նախագահ Բորիս Ելցինը: Այդ հանդիպման մասին բավականաչափ տեղեկատվություն արդեն եղել է, ուստի նպատակահարմար եմ գտնում այն ներկայացնել մի փոքր այլ կտրվածքով: Լրագրողներին թույլատրվեց ներկա գտնվել հանդիպման առաջին 4-5 րոպեներին, որոնցից 1-2-ը Ելցինը ձիգ կանգնած սպասում էր Քոչարյանի մուտքին: Դատելով արտաքին տեսքից Բորիս Ելցինը ֆիզիկական բավական լավ վիճակում էր, եւ բոլորովին նման չէր այն կիսամահամերձ մարդուն, որպիսին նրան ձգտում են ներկայացնել նրա աթոռի գրեթե բոլոր հավակնորդները: Ընդունելությունը ջերմ էր, իսկ տեղի ունեցած խոսակցությունը, ինչպես պարզեցինք օրվա վերջում՝ բաց եւ անկեղծ:

Հանդիպումից մի քանի ժամ անց Մոսկվայում լուրեր տարածվեցին, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ՌԴ նախագահը իրեն հատուկ ոճով անսպասելի առաջարկություն է ներկայացրել: Լուրը արագ տարածվեց եւ հաղորդվեց ռուսաստանյան հեռուստաալիքներով, սակայն այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ինչ բնույթի առաջարկություն էր արվել: Տունդարձին այդ հարցը պարզաբանեց Ռոբերտ Քոչարյանը, բայց այդ մասին քիչ հետո: Դեսպանատանը մի քանի ժամ սպասելուց հետո վերջապես տեղեկացանք, որ բոլորի հետաքրքրությունը գրգռած Քոչարյան- Ալիեւ հանդիպումը, այնուամենայնիվ, կայանալու է: «Պրեզիդենտ-հոթելում» կայացած հանդիպման առավել հետաքրքիր մասը, թերեւս, հոգեբանական ասպեկտն էր: Փորձառու քաղաքական գործիչ Ալիեւը ստիպված էր հանդիպել մի մարդու հետ, որին պատերազմում պարտվել էր: Հանդիպման նախաձեռնությունը Ադրբեջանինն էր, սակայն հյուրանոցի սրահը վարձակալել էր հայկական կողմը:

Հենց սկզբում Ալիեւը փորձեց նախաձեռնությունը վերցնել եւ դահլիճ մտնելով հարցրեց, թե ո՞վ է այստեղ դիրիժորը: Նա բավական ինքնավստահ ու ժպտադեմ էր: Մինչ նկարահանող թղթակիցները աշխատում էին, Ադրբեջանի նախագահը հասցրեց շնորհավորել Քոչարյանին Հայաստանի նախագահ ընտրվելու առթիվ եւ հույս հայտնեց, որ նոր պաշտոնում Ռոբերտ Սեդրակովիչը բոլոր ջանքերը կներդնի ղարաբաղյան խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու հարցում: Քոչարյանի պատասխան խոսքը հստակ էր. եթե Ադրբեջանը պատրաստ է փոխադարձ զիջումների քաղաքականություն որդեգրել ղարաբաղյան կարգավորման հարցում, ապա Հայաստանը իր հնարավորությունների սահմանում կնպաստի հարցի կարգավորման նման ընթացքին: Այնուհետեւ խոսակցությունը շարունակվեց փակ դռների ետեւում: Այն բավական երկար հտեւեց՝ 1 ժամ 40 րոպե: Վերջապես նախագահները դուրս եկան նախասրահ եւ մոտեցան լրագրողներին:

«Պրեզիդենտ- հոթելի» երկրորդ հարկում հրապարակվեց նախագահների համատեղ հայտարարությունը, որում նրանք հաստատեցին, որ կողմերը հակված են ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական բանակցություններ վարելով, ինչպես նաեւ պահպանել 1994թ. մայիսի 12-ից ի վեր պահպանվող հրադադարի ռեժիմը: Հանդիպման սկզբում եւ հանդիպման վերջում տեսանք երկու տարբեր Ալիեւների: Ինքնավստահությունը վերափոխվել էր խոր մտահոգության: Նա չցանկացավ հայտարարության հրապարակումից հետո լրագրողների հետ շփվել եւ մի հարցի պատասխանելով՝ հեռացավ: Հայկական պատվիրակությունը հյուրանոցը լքեց բարձր տրամադրությամբ: Օրն ավարտվեց Վրաստանի դեսպանատանը նախագահ Շեւարդնաձեի հետ կայացած հանդիպումով, որի մասին արդեն հաղորդել ենք: Կիսվեմ միայն մի տպավորությամբ. Ադրբեջանից ժամանած լրագրողները մի տեսակ ինքնամփոփ էին ու պասիվ: Նրանք չփորձեցին որեւէ հարց ուղղել ոչ միայն իրենց նախագահին, այլեւ Քոչարյանին: Ըստ էության, նրանց համար բացառիկ առիթ էր ստեղծվել, որից չփորձեցին օգտվել: Առաջին անգամ էի ադրբեջանցի լրագրողների հետ շփվում եւ ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին են նրանք՝ քարոզչական պատերազմում հաղթողները: Տպավորությունս իրենց օգտին չէր:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ. ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ

Արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ լրագրողների մուտքը չի արտոնվել, եւ ստիպված եղանք լուրերի սպասել դեսպանատանը: Առաջին իսկ լուրը եթե ոչ ցնցող, գոնե խիստ անսպասելի էր: ԱՊՀ գործադիր քարտուղարի պաշտոնում Իվան Կորոտչենյային փոխարինել էր Բորիս Բերեզովսկին: Չեմ կարծում, թե հարցը հանպատրաստից էր մտցվել: Նախօրեին, երբ մտնում էինք Կրեմլ Բորիս Աբրամիչը մեր կողքից արտահերթ անցավ: Արտաքուստ բավական մտազբաղ էր: Էլ ավելի անսպասելի էր երկրորդ լուրը. նրա թեկնածությունը չէր պաշտպանել միայն Հայաստանի նախագահը: Դեսպանատան հեռախոսները պայթում էին, բոլորը փորձում էին այնտեղից պարզել Քոչարյանի նման դիրքորոշման շարժառիթը: Սակայն դեսպանատանն էլ ոչինչ չգիտեին եւ նույնպես լուրի էին սպասում:

Ի վերջո, այս հարցն էլ պարզաբանվեց, բայց միայն տունդարձին: Գագանթաժողովի գլխավոր թեման, անշուշտ, ԱՊՀ կառույցի բարեփոխումն էր, կամ, պարզ ասած, այն միջոցների համատեղ որոնումը, որոնք թույլ կտային համագործակցությունը դարձնել իսկապես աշխատող կառույց, որում նախկինում ընդունված փաստաթղթերի գոնե մի մասը հնարավոր կլիներ կյանքի կոչել: Թե որքանով հաջողվեց, այսօր դժվար է ասել, հավանաբար, հստակություն կմտցվի հուլիսյան գագաթնաժողովում: Օրվա երկրորդ կեսին հանդիպումներ կայացան ՌԴ վարչապետ Կիրիենկոյի եւ «Գազպրոմ» կոնցեռնի նախագահ Վյախիրեւի հետ:

ՎԵՐԱԴԱՐՁ

Օդանավում Ռոբերտ Քոչարյանը շուրջ կես ժամ պատասխանեց մեր հարցերին, եւ Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունների մասին որոշ մանրամասներ հաջողվեց ճշտել: Ստորեւ հատվածաբար ներկայացնում ենք օդում կայացած հարցուպատասխանը:

– Քննարկվե՞ց Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ընթացքում Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու դեպքում դրանց ֆորմատի հարցը, եւ ընդհանրապես, ի՞նչ ելակետային դիրքորոշում է ունենալու Ադրբեջանը:

– Հանդիպումը բավական երկար էր եւ բավական անկեղծ: Ես փորձեցի մեր դիրքորոշումների վերաբերյալ պարզաբանումներ տալ, նաեւ Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելիս հնարավոր կարգավիճակի վերաբերյալ: Կարծում եմ, ամեն ինչ հենց սկզբից պետք էր հստակ ասել, որ հետագայում ոչ ոք պատրանքներ չունենա այլ հնարավոր լուծումների մասին: Կարծում եմ, իրենց համար էլ օգտակար հանդիպում էր: Առաջներում կողմերը բանակցությունների էին գնում մի տեսակ, միջնորդներին համոզելու, որ դիմացի կողմը սխալ է: Այդ նպատակով էր բանակցություններին մասնակցում Թոֆիկ Զիլֆուղարովը, այդ նպատակով էին գնում նաեւ մեր՝ Ղարաբաղի կողմի ներկայացուցիչները: Ես փորձեցի համոզել, որ նոր սկզբունքներ են անհրաժեշտ առաջ գնալու համար:

– Ինչպե՞ս ընդունվեց իրենց կողմից:

– Ես չեմ ուզում մեկնաբանություններ տալ: Կարեւոր է, որ բանակցությունների ճիշտ ընթացքի համար պետք է ճիշտ հասկանաս մյուս կողմի նպատակները:

– Պարոն նախագահ, բոլոր երկրները քվեարկեցին Բերեզովսկու օգտին: Վտանգավոր չե՞ք գտնում Ձեր ընդդիմանալը մեզ նման փոքր երկրի պարագայում:

– Կարծում եմ, չընդդիմանալն ավելի վտանգավոր է: Երեք ամիս հետո ես հնարավորություն կունենամ համաձայնությունս չտալ, եւ նա չի ընտրվի: Իսկ այդ երեք ամսում հնարավորություն կունենանք պարզելու այդ քայլի նպատակները:

– Մեր տեղեկություններով Բորիս Ելցինը հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ շատ անսպասելի առաջարկ է արել:

– Առաջարկը իմն է եւ մեզ համար վատ առաջարկ չէ:

– Որպես նախագահ՝ առաջին անգամն եք մասնակցում գագաթաժողովին: Թարմ աչքով ինչպես եք գնահատում համագործակցության հեռանկարը:

– Ընդունվել է մի որոշում, որը զարգացման նոր հնարավորություն է ստեղծում: Խոսքն այն որոշման մասին է, ըստ որի՝ ոչ բոլոր մարմինների ղեկավարները պետք է Ռուսաստանի ներկայացուցիչներ լինեն: Տպավորություն էր ստեղծվում, թե 10 պետությունները Ռուսաստանի կամքն են կատարում, չնայած պետք է ասեմ, որ հարցերը բավական օբյեկտիվ էին քննարկվում: Գործում էր մեծ եղբոր սինդրոմը, եւ բարդույթը կար, որը շատ դեպքերում չէր արտահայտվում: Կարծում եմ, ճիշտ քայլ էր եւ նույնիսկ՝ 1-2 տարի ուշացած:

– Այնուամենայնիվ, դուք չասացիք, թե ինչո՞ւ եք դեմ քվեարկել Բերեզովսկու թեկնածությանը:

– Ես ոչ թե դեմ էի, այլ լուրջ կասկածներ ունեի: Իմ հիմնավորումը հետեւյալն էր. Բերեզովսկին շատ փորձառու եւ մեծ ընդունակությունների տեր անձնավորություն է, բայց նրա շուրջը միշտ ինչ-որ լարվածություն է լինում, եւ ես մտահոգություն ունեի, որ այդ լարվածությունը կփոխանցվի ԱՊՀ կառույցներին: Արդյո՞ք դա չի քաղաքականացնելու ԱՊՀ ներքին հարաբերությունները, որոնք, իմ կարծիքով, չպիտի քաղաքականացվեն: Իմ հիմնավորումները սրանք էին, շատ ավելի պարզ, քան թվացել են:

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Մոսկվա- Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031