Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՈ-ՊԱԿ-ը եւ «ռուսական նոր նախագիծը»

Մայիս 05,1998 00:00
Igor Muradyan

1991 թ. տարեվերջին արդեն Մոսկվայում, ինչպես նաեւ քաղաքամերձ նստավայրերում տեղի ունեցան ՊԱԿ-ի ժամանակակից եւ ոչ ժամանակակից ավագ սպաների՝ տարբեր սերնդի մարդկանց «հավաքներ»։ Նրանք իրենց առջեւ մի շարք խնդիրներ էին դրել. ո՞ւր եւ ո՞ւմ հետ է ընթանում Ռուսաստանը, ինչպիսի՞ն է նա լինելու, որտե՞ղ են ռուսական պետության սահմանները, ո՞վ է ռուս արդիական ազգային վերնախավը, ինչպիսի՞ն պետք է լինի ռուս ազգային գաղափարախոսությունը եւ արդյոք Ռուսաստանին պե՞տք է հենց իր «ռուսական գաղափարախոսությունը»։

Այն ժամանակ այդ հարցերի պատասխանները չգտնվեցին, թեեւ «հավաքների» շատ մասնակիցներ համոզված էին, որ իրենք պատասխաններն ունեն, քանզի այն մարդիկ, ովքեր մասնակցություն էին ունեցել «կարմիր կայսրության» վերամոնտաժմանը, ավելի քան համոզված էին, որ կարողանալով «ցնցել» վարչակարգը, կկարողանան ժամանակին հսկողության տակ առնել գործընթացները եւ կանխել ռուս ազգի կործանումը։ Չհաջողվեց։ Այն պատճառով, որ չկային առաջադրված եւ շատ այլ հարցերի պատասխանները։ Այստեղ էլ հայտնվեց «նոր, ռուսական նախագիծը»։ 1993 թ. սկզբին նրանք, ովքեր «չհաշտվեցին» եւ նրանք, ովքեր 1989 թ. Լուբյանկայում հեղափոխություն սարքեցին, միավորվեցին հանուն «ապաշխարանքի» եւ տիրության «վերականգնման»։ Այն ժամանակ, 1993 թ. նրանք 500 հոգի էին Մոսկվայում եւ 1500՝ ծայրամասերում։ Այժմ 10 հազար են՝ հասարակական ակտիվ մասի եւ դիտորդների առումով եւ 60 հազար՝ իրականում։ Միայն մայրաքաղաքում 15 հազարից ավելի են՝ իրենք եւ իրենց զավակներն ու թոռները։

Փորձենք ներկայացնել ԳԵՈ-ՊԱԿ-ի անդամի կերպարը՝ մոսկովյան կտրվածքով։ Եվ այսպես, Սերյոժա Պ.՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ավագ սպաների թոռն ու որդին։ 29 տարեկան է, մարզված, տիրապետում է արեւելյան ձեռնամարտի հնարքներին, ամուսնացած է ԽՍՀՄ ՊԱԿ-ի «երեւելի» սպայի թոռնուհու հետ, բազմամիլիոն կարողության տեր է (կարողության կեսը գտնվում է գերմանական բանկերում, մյուս կեսը անշարժ է Մոսկվայում եւ առողջարանային քաղաքներում՝ խաղատուն, մոթել եւ այլն): Եվ կարճառոտ կերպով ԳԵՈ-ՊԱԿ-ի մյուս կերպարի մասին։ ԽՍՀՄ ՊԱԿ-ի «երեւելի» սպա է, այնքան հայտնի, որ ինչ-որ ժամանակ լավ տեսանելի էր Երեւանից ու Բաքվից։ Մասնագիտացված է կոմպրոմատի համակարգման մեջ։ Այնքան շատ գիտի, որ ինքն էլ է վախենում ամեն ինչից։ Առանց նրա մասնակցության ԱԴԲ (ՖՍԲ)-ի «արդիական» սպաները երբեմն դժվարանում են որոշումներ կայացնել։ Հոբբի ունի՝ զբաղվում է «հաշիվ մաքրելով», միայն թե յուրայինների շրջանում։ Զբաղվում է ինքնաբուժման չինական եղանակներով, պատրաստվում է 100 տարի ապրել։ ԳԵՈ-ՊԱԿ-ի գաղափարախոսն է։

Ո՞րն է ԳԵՈ-ՊԱԿ-ի քաղաքական գաղափարախոսությունը։ ԳԵՈ-ՊԱԿ-ի անդամների մեծամասնության համոզմամբ, Ռուսաստանը չի կարող չլինել սոցիալապես կողմնորոշված պետություն, եւ հենց այդ պատճառով էլ «աջեր-ձախեր» տխրահռչակ սխեմայով ամեն մի ներքին պայքար միանգամայն անպատեհ ու հակազգային է։ Ռուսաստանի յուրաքանչյուր կառավարություն պետք է սոցիալական ուղղվածությամբ քաղաքականություն վարի՝ անկախ կողմնորոշումից։ Սակայն, ԳԵՈ-ՊԱԿ-ի համար եւս կողմնորոշումը միանգամայն կասկածելի հասկացողություն է։

Դեպի ԳԵՈ-ՊԱԿ-ը կողմնորոշվելուց բացի մյուսը չկա։ Բոլոր գաղափարախոսությունները, կողմնորոշումները, քաղաքական ուղղությունները միայն ժողովրդի համար են թույլատրելի։ Քանզի ժողովուրդը ազատության, զանազան ուղղությունների եւ կարծիքների իրավունք ունի, սակայն նույնպես՝ ԳԵՈ-ՊԱԿ-ի գաղափարախոսական շրջանակներում։ Ժողովուրդն իրավունք ունի ապրել սոցիալիզմի օրոք, պետության հովանավորությամբ, ժողովրդի կարծիքը սուրբ է, եւ նրանք, ովքեր թքում են ժողովրդի կարծիքի վրա, շանորդիներ են, եւ նրանց պետք է «կախել»։ Ռուսաստանը պետք է դառնա լիակատար լիբերալ երկիր, որը պետք է պահպանի ազատության սկզբունքները՝ դինամիկ վերնախավի իրավունքով հանդերձ, որի ներսում պետք է մրցակցություն լինի, որը օժտված է անխախտ իրավունքով՝ պատասխանելու երկրի ճակատագրի համար, ընտրելու քաղաքականության ցանկացած գաղափարախոսական հիմք։ ԳԵՈ-ՊԱԿ-ի կարեւորագույն նպատակն է տերության «վերականգնումը» «պաշտպանվող սահմաններով», ինչպես նաեւ կենսական շահերի գոտիներում Ռուսաստանի անքակտելի իրավունքի հաստատումը։

Ովքե՞ր են դաշնակիցները, գործընկերները, ովքե՞ր են թշնամիները։ ԳԵՈ-ՊԱԿ-ը դաշնակիցներ չունի, այդ պատճառով էլ Ռուսաստանը չպետք է ունենա։

Ի՞նչ է «դաշնակիցը» Ռուսաստանի համար։ Դա այն երկիրն է, որի համար ռուս տղաները պետք է արյուն թափեն։ Այսինքն՝ գործընկերներն են։ Եվ ոչ՝ սլավոնական Սերբիան կամ Բուլղարիան, առավել եւս՝ Հայաստանը։ Գործընկերները նրանք են, ովքեր շատ տարիներ կարծես թե թշնամիներ են եղել՝ ԱՄՆ-ը, Անգլիան, Չինաստանը եւ մյուսները։ Թշնամիներն են՝ Գերմանիան, Ճապոնիան եւ Թուրքիան։

Ինչպիսի՞ եզրակացության կարելի է հանգել։ Ավելի լավ չի՞ լինի բարեկամություն անել ամենաուժեղների, ամենաազդեցիկների հետ։ Կողմնորոշումը դեպի Վաշինգթոն եւ Լոնդոն, ապահովում է շատ հիմնահարցերի լուծումը։ Տնտեսական հարցերում ԳԵՈ-ՊԱԿ-ը պակաս յուրահատուկ է։ Լրջորեն եւ մանրամասնությամբ ուսումնասիրվում է «չիլիական փորձը», որն արտահայտվում է գլխավորապես Պինոչետի հասցեին հնչող անվերջանալի դիֆերամբներով։ Նախատեսվում է վարչական «խիստ» ռեժիմ, որը հսկում է տնտեսական գործունեությունը, պաշտպանում ազգային շուկան՝ այսինքն՝ հովանավորչական եղանակներ են կիրառվում։ Ռուսաստանի բնական մոնոպոլիաներն են նավթը, գազը, ալյումինը, թանկարժեք մետաղների, ալմաստի, ոսկու արտադրությունը, որն, անշուշտ, պետք է կարեւորագույն աղբյուր հանդիսանա պետբյուջեի, բայց առաջին հերթին՝ ԳԵՈ-ՊԱԿ-ի «կուսակցական» դրամարկղի համալրման համար։

Սակայն ո՞վ է ներքին թշնամին։ Պաշտոնապես ԳԵՈ-ՊԱԿ-ի թշնամիներն են՝ օլիգարխիան, սիոնիզմը, առավել արմատական կոմունյագաները (նկատի է առնվում Ամպիլովի խումբը) եւ «կովկասյան ազգության անձինք»։ Պարզվում է, ԳԵՈ-ՊԱԿ-ը շփումներ է ունեցել թուրքերի հետ, եւ ոչ թե՝ շինարարական բնագավառի, այլ հենց «գորշ գայլերի» շեֆի՝ Ա. Թյուրքեշի հետ։ Գեոպակայինները այդ հանդիպման ժամանակ երդվում էին «գորշ գայլերի» հանդեպ բարի վերաբերմունքի մեջ, սակայն խոշոր ճեղքվածք առաջացավ։ Քանի որ Ա. Թյուրքեշը անմիջապես առաջարկեց. «Մենք ո՛չ դիվանագետներ ենք, ո՛չ կոմերսանտներ, ավելի լավ չի՞ լինի գծել Թուրքայի եւ Ռուսաստանի սահմանները»։ Դրանից բացի, գաղափարախոսության մեջ մի «ռումբ» էր նետված՝ «տնտեսական եւ թուրքական պլատֆորմի շփման» դոկտրինան։ ԳԵՈ-ՊԱԿ-ը չկարողացավ քայլ գցել պանթյուրքիզմի վրայով։ Այդ առումով, հաշվի առնելով հայ քաղաքագետների «գենետիկական» հակումը՝ պատճենելու ռուս-մոսկովյան քաղաքական նորամուծությունները, ավելի տրամաբանական չի՞ լինի, արդյոք, անհապաղ ստեղծել հայկական ԳԵՈ-ՊԱԿ (բնական մոնոպոլիաներ առկա են Հայաստանում)։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031