Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանազի» մշակույթի տունը պատրվա՞կ

Մայիս 26,1998 00:00
kanaz

Քանաքեռի ալյումինի գործարանի տնօրեն Ռոբերտ Ենգոյանը մշակույթի տան հայտարարված սեփականաշնորհման պատմությունն այսպես ներկայացրեց.

-Մեր գործարանն, իրոք, պարտքեր ունի՝ շահութահարկի վճարման եւ կենսաթոշակային ապահովության հիմնադրամին շուրջ 300 հազար դոլարի չափով։ Մենք «Կանազի» ֆինանսական առողջացման ծրագիր ենք ներկայացրել, որտեղ նաեւ պարտքերը փակելու ժամկետներ ենք նշել։ Այս ծրագիրն այժմ նախարարությունում քննարկվում է։ Սակայն կառավարությունը որոշում է ընդունել «Կանազի» պարտքերը փակելու համար վաճառել մեր մշակույթի տունը եւ սպորտային պալատը։ Հետագայում դրանք գնահատելիս պարզվեց, որ յուրաքանչյուրը մոտ 800 հազար դոլարի արժեք ունի։ Այսինքն, դրանց գինն ավելին է, քան մեր պարտքերն են։

«Կանազի» բաժնետիրական ընկերության խորհուրդը մայիսի 25-ին որոշում է ընդունել խնդրել կառավարությանը, որ մշակույթի տունն առայժմ չվաճառվի, այլ միայն սպորտային պալատը, որն, իրոք, այժմ տարբեր պատճառներով իր նպատակներին չի ծառայում։ Եթե կառավարությունը չհամաձայնի եւ որոշի մշակույթի տան վերաբերյալ իր որոշումն այնուամենայնիվ իրականացնել՝ գոնե այն թող ոչ թե աճուրդի դրվի, այլ մրցույթով վաճառվի։ Այդ դեպքում, կվաճառվի ըստ ներկայացված ծրագրերի, կվաճառվի եւ մշակույթի տունը կկարողանա իր գործունեությունը շարունակել։ Ասեմ, որ «Կանազ» մշակույթի տունը շուրջ 40 տարի գործում է։ Արաբկիրում գրեթե միակ մշակույթի գործող օջախն է։ Անցած տարիներին, չնայած «Կանազի» տնտեսական եւ ֆինանսական ծանր վիճակին եւ էներգետիկ ճգնաժամին՝ այդ պալատը միշտ գործել է։ Այսօր էլ այնտեղ պարի, նկարչական եւ այլ շատ հետաքրքիր խմբեր կան։ Այս տունը վաճառելը եւ մշակույթի օջախը վերացնելը մեր ամբողջ շրջանի համար շատ տխուր փաստ կլինի։

– Այս հարցը խնդրին երեւի անուղղակիորեն է առնչվում։ Նախընտրական իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, թե Կարեն Դեմիրճյանին պաշտպանում են այն տնօրենները, որոնց գործարանները պարտքերի մեջ թաղված են եւ կարծեմ խոստացավ, որ նրանց նկատմամբ ինչ-ինչ միջոցներ կձեռնարկվեն։ «Կանազի» պարտքին ոչ համարժեք այս միջոցառումները գուցե պայմանավորված են Ձեր քաղաքական համակրանքներո՞վ։

– Իրոք, ես Դեմիրճյանի նախընտրական շտաբում էի եւ բացահայտորեն հավանություն եմ տվել նրա ներկայացրած ծրագրերին։ Բայց մտքովս անգամ չի անցնում դա կապել կառավարության այսօրվա գործողությունների հետ։ Այսօր «Կանազը» բանակցություններ է վարում ռուսական «Ինկոմմետալ» հզոր ֆիրմայի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով։ Նրանց խոշոր տնտեսագետների ուսումնասիրությունների համաձայն՝ «Կանազի» պարտքերը չնչին են ձեռնարկության տնտեսական գործունեության համեմատ։ Մեր պարտքերը հիմնականում շրջանառու միջոցների բացակայության պատճառով են առաջացել։ Բայց լիարժեք հնարավորություն կա հաջորդ տարի վերականգնել գործարանի կենսագործունեությունը։ Ընդ որում, այս փուլում, երբ նման բանակցություններ ենք վարում ռուսական ֆիրմաների հետ, որոնք նաեւ պարտավորվում են մեր պարտքերը փակել՝ «Կանազի» մշակույթի տան վաճառքը պիտի որոշ չափով հետաձգվեր։ Կառավարության նիստի ժամանակ ասել եմ այդ մասին, որ այս հարցերը «սառեցնեն»՝ մեզ հնարավորություն տալով ավարտել բանակցությունները։ Սակայն այդ հանգամանքը հաշվի չառնվեց։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031