Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾ ՏՎԵՔ, ԹԵ ՉԷ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԵՆ

Հուլիս 17,1998 00:00
Gorcazurk

Վերջերս խմբագրություն էր այցելել վրդովված մի երիտասարդ, եւ ձեռքը սեղանին խփելով պահանջում էր ինձնից, որ իրեն աշխատանք տամ։ Մինչ ես փորձում էի բացատրել, որ ես աշխատանքի եւ զբաղվածության նախարար չեմ, եւ իմ գործը գրելն է միայն եւ այդպիսով իր նմանների մասին «վերեւներին» տեղեկություն տալը (եթե, իհարկե, «վերեւները» չունեն այդ տեղեկությունը եւ երազում են այդ մասին թերթերից տեղեկանալ), երիտասարդի զայրույթն անկանխատեսելի էր դառնում։ Վերջում էլ վրաս մատ թափ տվեց, ասաց, որ ինքն այլեւս ուրիշ ճար չունի, մնում է միայն ինքնասպանություն գործել եւ հարցը փակել։

Այ քեզ կրակ, մտածում եմ, ու փորձում հուսահատ մարդուն խրատել, ասելով, որ ինքնասպանությունը ամենաճիշտ ելքը չէ։ Մի պահ թվաց, թե իրար հասկացանք, մի փոքր էլ փիլիսոփայեցինք մահվան ու կյանքի մասին, եւ երիտասարդը հեռացավ։ Նրա անունը եւ հասցեն միտումնավոր չեմ հրապարակում, քանի որ, ինչպես նկատեցիք, երիտասարդը հիվանդագին ինքնասիրություն ուներ եւ կվիրավորվի, եթե իր անունը դարձնենք հրապարակման թեմա։ Սակայն բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնել հուսահատ այս մարդուն, մի թեթեւ գործ տալ, կարող են դիմել խմբագրություն եւ իմանալ երիտասարդի հասցեն եւ անուն-ազգանունը։ Գաղտնիք չէ, որ այս երիտասարդն իր չստացված կենսագրությամբ միակը չէ։

Գործազրկությունը վաղուց արդեն պարկում թաքցնել չի լինում։ Գործազուրկ եւ հուսահատ մարդիկ մեր կողքին են, մեկն են մեզնից։ ՀՀ նախագահը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացավ, թե աշխատատեղեր կստեղծվեն եւ շատերն աշխատանք կունենան։ Նախագահի ընտրվելուց չի անցել 100 օր եւ կարելի է մի փոքր էլ համբերել նախքան պահանջելը, որ ՀՀ նախագահը կատարի իր խոստումը։ Իսկ մինչ այդ ավելորդ չենք համարում հրապարակել մի շարք թվեր, որոնք, կարծում ենք, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ պաշտոնական են։ Մենք վստահ ենք, որ գործազրկության իրական թիվը շատ ավելի մեծ է, քան այն ներկայացվում է պաշտոնական տեղեկատվության մեջ։ Թեպետ այստեղ կարող են մեզ ընդդիմախոսել, թե կա նաեւ ստվերային զբաղվածություն։ Սակայն մի՞թե սա է ելքը եւ պետությունը պետք է քողարկի կամ չտեսնելու տա գործազրկության իրական պատկերը մի քանի ստվերայինների պատճառով։

1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործազուրկների թիվը կազմել է 174,4 հազար մարդ, որից 127,7 հազարը կանայք են։ Ընդհանուր գործազուրկների թվի 71,5 տոկոսը կանացի դիմագծեր ունի։ Հետաքրքիր է, որ եթե ոչ հեռու անցյալում գործազուրկների մեջ մեծ թիվ էին կազմում բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողները, ապա 1998 թվականի առաջին կիսամյակում բարձրագույն կրթություն ունեցողները կազմել են գործազուրկների ընդհանուր թվի միայն 11,9 տոկոսը (1996-ին՝ 14,7 %), միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողները՝ 22,4 տոկոս (1996-ին՝ 23,4 %), միջնակարգ եւ թերի միջնակարգ կրթություն ունեցողները՝ 65,7 տոկոս (1996-ին՝ 61,9%)։ Տարիքային առումով գործազրկությունը բավականին երիտասարդ է։ Մինչեւ 18 տարեկան գործազուրկների թիվը կազմում է 48 հազար։ 18-30 տարեկաններից գործազուրկ է 64,9 հազարը, 30-50 տարեկաններից՝ 88,8 հազար մարդ։ Եվ միայն 15,8 հազար մարդ է գործազուրկ դարձել 50 տարեկանից բարձր տարիքում։

Հաճախ, երբ առիթ է լինում այս կամ այն գործազուրկի հետ զրուցել, վերջիններս իրենց չաշխատելու բազմաթիվ օբյեկտիվ պատճառների հետ նշում են նաեւ աշխատաշուկայում եղած աշխատանքի ցածր վարձատրությունը՝ 5-7 հազար դրամ։ Գործազուրկները չեն համաձայնում այս վարձավճարով աշխատել, քանի որ այդ գումարը, ըստ նրանց (եւ նրանք իրավացի են) չի բավարարում նույնիսկ ճանապարհածախսի համար։ Այնուամենայնիվ, սեփական դիմումի համաձայն, նաեւ այս պատճառաբանությամբ, աշխատանքից ազատվածներն այնքան էլ շատ չեն՝ 11,5 տոկոս։ Հիմնարկ-ձեռնարկությունների լուծարման, վերակազմավորման կամ կրճատման պատճառով աշխատանքից զրկվել է գործազուրկների 7 տոկոսը։ Ի դեպ, այս թիվն անցած տարվա համեմատ կրճատվել է 5,8 տոկոսով։ Նոր աշխատատեղերի ստեղծումը եւ հների պահպանումը դառնում է առավել հրատապ։ Սոցիալական ահագնացող դժգոհությունն ավելի վտանգավոր է, քան ցանկացած այլ վտանգ։

«Ընտրվելու դեպքում ես կփորձեմ ամեն ինչ անել, որ դուք ունենաք ե՛ւ աշխատատեղ, ե՛ւ արժանապատիվ աշխատավարձ»։ Այս խոսքերը նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս կրկնել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահի պաշտոնավարման 100 օրը լրանում է հուլիսի 19-ին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031