Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԽԱՉԲԱՌԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ

Օգոստոս 08,1998 00:00
vandak

Բաց նամակ բնապահպանության նախարար պրն Սարգիս Շահազիզյանին

Ստիպված եմ բաց նամակով դիմելու Ձեզ։ Պատճառները շատ են եւ օբյեկտիվ։ Նախ, ապրիլից սպասում եմ Ձեր աշխատակցի «սպառնալիքի» իրականացմանը՝ ի պատասխան մեկ տասնյակից ավելի հեռախոսազանգերի, ես ստացա բաղձալի լուրը՝ «նախարարը հենց որ ազատ լինի, կհայտնենք հանդիպման օրվա մասին»։ Այսինքն՝ «այլեւս դու մի զանգիր, համբերատար սպասիր մեր զանգին»։ Եվ ապրիլից սպասում եմ։

Երախտապարտ եմ Ձեզ. հեռախոսներից ոչ մի քայլ չհեռանալու շնորհիվ ես կտրվեցի վատ շրջապատից, կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսին անհարիր սովորույթներից։ Բայց այդ ընթացքում ստացվեցին մի շարք գանգատներ՝ նախարարության համակարգում մարդու իրավունքների կոպիտ խախտման, օրենքների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, հանցագործներին հովանավորելու մասին։ Երեք ամիս հանդիպմանը չարժանանալու պատճառով մի հրատապ ահազանգի (նախարարության ակտիվ պասիվության շնորհիվ նախարարությունից 30 միլիոն դրամ օրինական ուժ ստացած անօրինական վճռով տանելուն նպաստելու) մասին, ստիպված էի Ձեզ զեկուցել «Առավոտ» թերթի միջոցով (11.07.98.)։

Չնայած զեկույցս նախարարությունում «լռեցվեց» (մեղավոր անձինք մեկ անգամ եւս զգացին անպատժելիության քաղցրությունը), բայց Ձեզ հետ հանդիպումը եւս երկար ժամանակ հետաձգվելու պատճառով զեկուցում եմ մարդու իրավունքների, օրենքի հերթական խախտումների, հանցագործության դեպքը թաքցնելու մասին. համակարգի 18-ամյա աշխատակից Սարվան Քառյանին ապօրինի ազատել են պաշտոնից։ Դատարանը վերականգնել է։ Բայց օրենքի ուժ ստացած վճիռը ԱՆՀԱՊԱՂ կատարելու փոխարեն երկու ամսից ավելի է… չի կատարվում։ Նախարարությունում ինչո՞ւ է օրենքը ստորադասվում որեւէ մեկի ցանկությանը։

Մի քիչ շատ չե՞ք համարում, որ նախարարությունում տիրող բարքերի մասին իրավապաշտպան կազմակերպությունը ստիպված է հանդես գալ երկրորդ անգամ։ Մինչ նշված ապօրինության մասին հաղորդելը Քանի որ ձեռքերս «գրիչոտ» են, պատասխանի կարոտ մի քանի մանր-մունր հարցերի մասին նախապես կցանկանայի հարցնել։ Որպեսզի մեր ապագա արդեն չկայանալիք հանդիպման վրա ժամանակ չկորցնեք, միանգամից հայտնեմ, թե ինչ հարցեր էին ինձ հետաքրքրում (կատարում եմ Ձեր հանձնարարությունը՝ գրավոր հայտնել, թե ինչ հարցերի շուրջ էր լինելու մեր հանդիպումը).

1. Սարվան Քառյանը դեռեւս պատասխան չի ստացել հետեւյալ հարցին՝ «Նախարարությունը դատարանին գրում է բյուջետային սուղ հատկացումների մասին, բայց լավ կլիներ նշեր, թե ներկայիս տեսչության պետը ինչ միջոցներով է ամեն օր Դիլիջանից աշխատանքի գալիս Վանաձոր, տեսչական աշխատանքում ընդգրկված 10-12 հասարակական տեսուչները ինչ միջոցներով են շուրջօրյա աշխատում սեփական մեքենաներով»։

2. Եթե դուք հանդես գաք շատ օգտակար նախաձեռնությամբ՝ լուծարել բնապահպանության նախարարությունը եւ որեւէ դիմադրության հանդիպեք, ապա նկատի ունեցեք հետեւյալ փաստարկը. բոլոր օրենքներ արտա-գրողներն իրենց թարգմանա-օրինաստեղծ գործունեությունը հիմնավորում են Շրի Լանկայի, Հայիթիի եւ քաղաքակիրթ այլ երկրների օրենսդրությամբ։ Բարեկամաբար կարող ենք հուշել Ճապոնիայի օրինակը. ճիշտ է, նրա տարածքը ընդամենը 12 անգամ է մեծ Հայաստանից, անտառածածկույթը՝ ընդամենը 87 անգամ, անծայրածիր Սեւանի եւ Այղր լճերի փոխարեն շրջապատված է ինչ-որ Խաղաղ օվկիանոսով եւ Ճապոնական ծովով (դրան էլ ավելացրած 1770 կմ ներքին ջրային ճանապարհները, 18 նավահանգիստները եւ 976 նավերը), ունի մեկ միասնական նախարարություն՝ երկրագործության, անտառաբուծության եւ ձկնորսության, այսինքն՝ այն հենասյուները (դեռ մի բան էլ պակաս՝ առանց հողագործության՝ գյուղնախարարության), որոնք պահում են Ձեր ղեկավարած նախարարությունը)։ Արժե՞ այլ ցուցանիշներ վկայակոչել…

3. «Առավոտի» մեղքով (հուլիսի 11-ի համարում տպագրված հոդվածս կարդացել էին նաեւ Ստեփանավանում) մի քաղաքացի հոգին դատարկել է իր նամակում, բերելով պարզագույն թվաբանական հաշվարկներ. Ստեփանավանի անտառը հատվել է fifty-fifty (պետական պլան-անձնական գրպանի պլան համաչափությամբ). եթե «անձնական գրպանում» տեղավորված անտառանյութը ամբողջովին դասվի միմիայն վառելափայտի շարքին եւ անտեսվի եռապատիկ թանկ շինափայտը, ապա գումարը կկազմի ընդամենը… 50 միլիոն դրամ (ինչպես տեսնում ենք «50 միլիոնը» զոդված է նախարարության ճակատագրին). ե՛ւ մեկ գետնափոր տնակի համար ժողդատավոր Լեւոն Ղազարյանի հոգատարությամբ գրեթե այդքան գումար պետք է տարվեր նախարարությունից, ե՛ւ Ստեփանավանի անտառտնտեսության պետական կնիքով օրինականացված «անձնական գրպանի» համար է հատվել այդ արժողության պետական անտառը։ Նախարարությունը տեղյակ է այդ մասին, այն էլ վաղուց։ Ինչո՞ւ քննչական մարմիններին չի հաղորդվել այդ մասին։

4. Հանրահայտ է, որ շատ դեպքերում փայտի (շինափայտ, վառելափայտ) վաճառքի մասին փաստաթղթերում «պատահաբար» չի նշվում վաճառքի օրը։ Եվ այդ փաստաթղթերը ձեռք են բերվում մշտական տոմսի կարգավիճակ՝ մինչեւ ֆիզիկապես մաշվելը օգտագործվում են անվրեպ, յուրաքանչյուր դեպքում ստուգողներին համոզելով՝ «հենց նոր ենք տեղափոխում»։ Ի՞նչ է արվում այդ «մշտական տոմսերը» վերացնելու ուղղությամբ։

5. Օրենքը ոտնահարողների զոհը՝ Քառյանը, դիմել է բոլոր ատյաններին, այդ թվում եւ՝ միջազգային կազմակերպություններին։ Բարեբախտաբար նա որեւէ փոքրամասնության կամ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ չէ։ Այլապես Հայաստանը կմտներ «սեւ ցուցակի» մեջ եւ ողջ աշխարհով մեկ տարածվող տեղեկագրերում կնշվեր որպես ժողովրդավարությանը թշնամի երկիր՝ ճնշում են ընդդիմությանը, ճնշում են փոքրամասնություններին, ճնշում են… Քի՞չ են գրում մեր մասին։ Հիմա՞ էլ այս մասին գրեն ու խրտնեցնեն Հայաստանի գործարար աշխարհին հաղորդվել ցանկացողներին… Ի՞նչ է արվում օրենքի նկատմամբ, մամուլի նկատմամբ հարգանք ստեղծելու, անպատժելիոթյունը վերացնելու ուղղությամբ։

6. Նախարարությունում ստեղծվել է հասարակության հետ կապերի վարչության, տեղեկատվական-վերլուծական կենտրոն, լույս է տեսնում «Բնություն» շաբաթաթերթը։ Դրա շնորհիվ Հայաստանի տարբեր հիվանդություններով եւ վնասատուներով վարակված ավելի քան 10000 հեկտար անտառներից ինչքա՞նն է բուժվել։

7. Արտասահմանում գտնվելիս խնդրում եմ պարզեք Երեւանի կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի (Գյուրջյան 14), Քիմռեակտիվների (Երեւան, Արցախի 15), Վիտամինների գործարանների հասցեները։ Այդ կազմակերպությունները կարող են մեր վարակված անտառները փրկել ինսեկտիցիդներով եւ այլ «փրկարար օղակներով»։ Այդ փրկարարներին արտերկիրը շատ է դիմել եւ դիմում։ Ինչո՞ւ դուք չեք դիմում փրկությանը։

8. Քանի որ մինչեւ սեպտեմբերի 1-ը Սեւանում ձկնորսությունն արգելված է, եւ Սեւանը գտնվում է նախարարության անվրեպ հսկողության տակ, կխնդրեինք Ձեր խորհուրդը՝ նախարարության շենքից հինգ կմ տրամագծով «սիգ» վաճառողներից (այդ թվում եւ նախարարության հավանությամբ) ո՞վ, ո՞ր ժամին է ամենաթարմ եւ էժան սիգը վաճառում, որպեսզի ընթերցողն անսխալ գնումներ կատարի։ Ի դեպ, սիրտս մղկտաց, երբ «Առավոտի» օգոստոսի 7-ի ռեպորտաժում կարդացի, որ դուք ԱԺ խոսնակին ձուկ չեք հյուրասիրել (որսալն արգելված է)։ Նախարարության մուտքից 20 կմ հեռավորության վրա գտնվող հանրահայտ Աբբոյից կարող էիք վերցնել…

9. Քննարկվե՞լ է «Առավոտ» թերթում (11.07.98 թիվ) «Դատարանն անկախ է նաեւ… օրենքի՞ց» վերնագրով հոդվածը եւ պետությանը նյութական մեծ վնաս հասցրած պաշտոնյաները ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել։

10. Մամուլն առատ է «բնապահպանական անմխիթար կացության…, էկոլոգիական կրթության ցածր մակարդակի…», մասին հրապարակումներով։ Ավելին, «պատահական» մարդու («ընդամենը» բնագավառի դոկտոր է, ակադեմիկոս) կարծիքը կիսո՞ւմ եք՝ «Բնության եւ շրջակա միջավայրի օր-օրի վատթարացող վիճակը պետք է բացատրել բնութնախարարության թույլ եւ ոչ նպատակասլաց գործունեությամբ…, բնապահպանության բնագավառ են ներգրավվել ոչ էնտուզիաստներ, ոչ արհեստավարժ մարդիկ, որոնք ասպարեզից դուրս են մղում գործը տիրապետող հմուտ աշխատողներին» («ՀՀ», 01.08.98թ.)։

Շարունակելի

Հարգանքներով՝ Պրոֆեսոր ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ

«Օգոստոսի 23, Ազգային դաշինք» իրավապաշտպան միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31