Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԼԱՆ ԱԲԱՇԻՁԵՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Օգոստոս 08,1998 00:00
Aslan Abashidze

«Թեժ աշունը» դառնում է հետխորհրդային տարածքի ամենաարդիական թեման

Վերջին անգամ նման տեսարանի հանդիպել էի լատինաամերիկյան հովերով նկարահանված ամերիկյան ֆիլմերում։ Մինչդեռ գործողության վայրը Բաթումն էր, Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքը, ս/թ հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը։ Դա էլ էական չէ, քանզի խոսքը Գերագույն խորհրդի շենքի տանիքից մշտապես հերթապահող չորս նշանառու հրաձիգների (մեկը՝ գնդացրով) մասին է։ Պողոտան (այն կրում է Աջարիայի ներկայիս առաջնորդի պապի՝ Մեմեդ Աբաշիձեի անունը), որ հարում է ԳԽ-ին, նույնպես հսկվում է ավտոմատավոր զինվորների կողմից եւ համարվում է փակ տարածք։

Մի խոսքով, պրն Աբաշիձեի անձն ու նրա հարազատների անդորրը պահպանվում է ամենայն լրջությամբ, թեեւ պարզ չէ, թե ով եւ ինչու է սպառնում «ԱՊՀ եւ երկրագնդի ամենախաղաղ կետի» առաջնորդին։ Երեքշաբթի նա հարգեց միջազգային սեմինարի մասնակիցներին (այն կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը «Լրատվամիջոցները անցումային շրջանում» ծրագրի շրջանակներում) եւ հանդիպեց լրագրողների հետ։ Մեզ՝ օպերայի թատրոնի պատշգամբում հավաքվածներիս, մնում էր միայն գուշակել, թե նա ինչ տիպի ավտոմեքենայով կանցնի այդ 50-60 մետրը՝ «Մերսեդես-600»-ո՞վ, թե՞ ջիպով (գնացքի վագոն հիշեցնող ջիպերին կնախանձեին նույնիսկ մեր ուժայինները)։

Առաջնորդն այդ տարածքը անցավ ոտքով՝ շրջապատված 12-14 թիկնապահներով։ Մինչ այդ թատրոնի շենքին ֆանտաստիկ արագությամբ մոտեցավ ջիպերից մեկը, որից սեւ համազգեստով 8 ավտոմատավորներ արագությամբ դուրս եկան եւ գրավեցին հարմար դիրքեր, կարծես մարտի էին պատրաստվում։ Իսկ Ասլան Իբրահիմովիչը մեղմ ժպիտով նայեց բոլորիս (50-ից ավելի լրագրողներ Անդրկովկասի 3 հանրապետություններից) եւ հարմար գտավ սկսել իր մենախոսությունը երիտասարդության տեղի ու դերի մասին ժամանակակից աշխարհում թեմայից, շեշտելով, որ վերջիններս զերծ են տարեցներին բնորոշ բացիլներից։ Իրականությանը համապատասխանող գովեստներ շռայլեց Աջարիայի հասցեին, ուր սեղանի շուրջ բանակցելու կամ զրուցելու են նստում հայն ու ադրբեջանցին, վրացին ու օսը։

Եվ սա արդյունք է «Մենք չենք ցանկանում հայտնվել պատմության գետնախորշում» Աբաշիձեի բանաձեւին, համաձայն որի եւ տարվում է «իմաստուն քաղաքականությունը»։ Նույնիսկ մեր կողմից տրված բազմաթիվ հարցերի պարագայում առաջնորդի խոսքը մենախոսություն էր հիշեցնում, քանզի նա ավելի շատ ընդմիջում էր աջ կամ ձախ թեքելու գլուխը, քան հարցը լսելու եւ շարունակում էր վրացական առոգանությամբ ու կոլորիտով համեմված խոսքը։ Օրինակ, երբ նրան հարցրին Կովկասում խաղաղության հաստատման մասին. Աբաշիձեն, չգիտես ինչու, նշեց, որ դիտորդները վատ մարդիկ չեն, բայց «լեզուն հարկ է սովորել այն տարածքում, ուր այն համարվում է մայրենի», որից հետո ամբողջովին կենտրոնացավ «ռուսական հարցի» վրա։ Զգուշացրեց, որ տիրապետում է խնդրին առնչվող ողջ գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկատվությանը, որն էլ նրան թույլ է տալիս կատարել հետեւյալ հայտարարությունը. Կովկասին ծանր ծննդաբերություն է սպասվում։

Պատերազմի հոտ է փչում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ՝ Ռուսաստանում։ Իսկ պատերազմները ոչ մի լավ բան չեն խոստանում՝ միայն ու միայն տոտալիտար ռեժիմներ։ Ներկայիս Ռուսաստանին կփրկեն միայն արմատական զանգվածային կադրային փոփոխությունները կամ էլ նախագահի փոփոխությունը կդառնա օրհասական խնդիր։ Իսկ «ծանր ծննդաբերությունը» կավարտվի աշնանը, եւ այնժամ պարզ կլինեն հետեւանքները։

Այսպիսով, թեժ աշուն է սպասվում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում երկրի նախագահ Ելցինի շուրթերով, Ադրբեջանում, ուր կկայանան նախագահական ընտրություններ, նաեւ մնացած հետխորհրդային տարածքում, փոքրիկ Աջարիայի առաջնորդի վերլուծությամբ։ Էլ ավելի սուր քննադատության ենթարկվեց պաշտոնական Թբիլիսիի կողմից տարվող քաղաքականությունը, թեեւ նախագահ Շեւարդնաձեի անունը չհնչեց։ «Ի՞նչ ասել է Վրաստան, ի՞նչ իմիջ ունի այդ երկիրը,- հարցով դիմեց մեզ պրն Աբաշիձեն, եւ ինքն էլ առանց հապաղելու պատասխանեց,- բորժոմ, գինի, թեյ, ծովափ, մարգանեց, մինչդեռ գիտակ մարդիկ Աջարիան փոքրիկ Ուրալ են կոչում։ Այստեղ կա ամեն ինչ՝ գազ, նավթ, շինարարական քար, ալյումին»։

«Մենք ի վիճակի ենք Աջարիան աշխարհի բարգավաճ կենտրոններից մեկը դարձնել, փակել ողջ Վրաստանի բյուջեն, որն այսօր Արեւմտյան մեկ ֆիրմայի բյուջե է հիշեցնում», բայց «կենտրոնի բյուրոկրատիան խոչընդոտում է եւ նպատակ ունի տիրանալու այս ամենին։ Թույլ չենք տա»։

Պարզվում է, որ Աջարիային թույլ չեն տալիս դառնալու ազատ տնտեսական գոտի, նրա առաջնորդին նույնիսկ հեռուստաեթեր չեն տրամադրում եւ միայն մեղադրում են, որ նա «վաճառում է Աջարիան Ռուսաստանին եւ Թուրքիային»։ Սակայն Ասլան Իբրահիմովիչը ամենից շատ վիրավորված է Թբիլիսիից այն բանի համար, որ քարոզչական մեքենան առավոտից մինչեւ ուշ գիշեր տարածում է այն թյուր կարծիքը, թե Վրաստանում ոչ մի խելքը գլխին անձ չկա (բացի Շեւարդնաձեից)։

Պրն Աբաշիձեն համեստորեն լռեց եւ չասաց «Բա, ես ի՞նչ է, խելոք չե՞մ» դարձվածքը, բայց նրա հետագա խոսքում սպառնալիք կար. «Եթե շարունակեն ասել սՌփվՏրՑՌ վպՑ», իսկ դա ըստ իրեն նշանակում է, որ «թքել ողջ ժողովրդի վրա», ապա «մենք դեռ կտեսնենք»։

Մինչ այդ նա մի քանի անգամ շեշտում էր Վրաստանի տարածքային ամբողջականության կարեւորությունը, բայց վերջին նախադասությունը գրեթե հավասարազոր էր «Կամ ես, կամ էլ մենք կձգտենք անկախության» բացահայտ սպառնալիքին։ Բացի դրանից թբիլիսյան մամուլը ծանր հարվածներ է հասցնում Աջարիայի բիզնեսին։ Մեկ գրում են, որ աջարական ափում «9 մետրանոց հրեշ է հայտնվել», մեկ էլ «60 աստիճան շոգ է սպասվում»։

Ինչ վերաբերում է ռուս սահմանապահների դուրսբերմանը Վրաստանից (նման որոշում է կայացրել երկրի խորհրդարանը), ապա ըստ Աբաշիձեի դեռեւս ոչ մի սահմանապահ չի զիջել իր դիրքը եւ չի էլ չիջի, համենայնդեպս Աջարիայում։ Ծայրահեղ դեպքում 3000 աջարացի ծառայել է ռուս սահմանապահների հետ եւ պատրաստ է նրանց փոխարինել։ «Պետությունը, որը ի վիճակի չէ պաշտպանել սեփական սահմանը, պետություն չի կարող համարվել». սա ի պատասխան տարածված կարծիքի, թե թուրքական կողմը հսկում է եւ դրանով կարելի է բավարարվել։ Եվ, ընդհանրապես, Աբաշիձեների իշխանական տոհմը 1463 թվականից ապրում եւ կառավարում է Աջարիան եւ մտադիր է հանուն իր ժողովրդի բարգավաճման, դիմագրավել բոլոր մարտահրավերներին։

Մոտ 2 ժամ տեւած հանդիպումն ավարտվեց փոքր-ինչ անսպասելի եւ լավատեսական հայտարարությամբ. «Աջարիայում քաղաքական հետապնդումներ եւ քաղբանտարկյալներ չեն լինի»։

Նույն թիկնապահների հոծ բազմությունը ուղեկցեց նրան, իսկ մեկ-երկու պատահական անցորդները մեծագույն հարգանքով գլուխ խոնարհեցին առաջնորդին, եւ շտապեցին իրենց գործին։ Բաթումում շոգ է, ավելի ճիշտ՝ անասելի տոթ, եւ ամենաաշխույժ առեւտուրը կատարվում է ծովափին, ուր հանգստացողներից ավելի շատ են նրանք, որ մինչեւ ուշ գիշեր խնդրում են գնել միայն եւ միայն իրենց խաշած եգիպտացորենը, արեւածաղիկը, պաղպաղակը եւ անընդմեջ արտասանում, գրեթե մանկական ոտանավոր հիշեցնող միապաղաղ տողերը. «պիվա-ֆանտա-կոկա-կոլա-բորժոմի» («բորժոմը» կարելի է փոխարինել «սփրայթի»-ով եւ դրանից ոչինչ չի փոխվի)։

«Մերսեդեսների», «Ջիպերի» եւ այլնի ֆոնի վրա աչքի է զարնում ծայր աստիճան աղքատությունը։ Հանգստացողները, կարծես, մոռացության են մատնել աջարական ափը, մինչդեռ աշխարհում դժվար գտնեք մեկ այլ ծովափնյա քաղաք, ուր կարելի է օրը՝ 1-2 դոլարով սենյակ վարձել…

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաթում-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31