Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԵՆԸ ՄՈՌԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

Սեպտեմբեր 09,1998 00:00
Kasya Abgaryan

«Անցյալ շաբաթ բավական քննադատական հարցեր ծագեցին իմ հետ կապված եւ դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ դրանք շատ կառուցողական էին։ Այստեղ երկկողմանի աշխատանք ենք տանում»,- երեկվա ճեպազրույցում հայտարարեց նախագահի մամուլի քարտուղար Կասյա Աբգարյանը։

Լուրջ ընդունելով այս ամենը՝ «Առավոտը» երբեք չի խմբագրի խոսնակի արտահայտությունները։ Գուցե այսպիսով դրանց ե՛ւ իմաստային, ե՛ւ ձեւակերպումային թերություններն ակնհայտ լինեն նաեւ հենց տիկին Կասյայի՞ համար։

Համաճարակ ունեցել ենք, ազդվել ենք

Մի պահի տպավորություն էր, թե ներկա ենք առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի ասուլիսին։ «Մալարիայի հետ կապված համաճարակ չկա,- ասենք, «Սնարք» գործակալության մի լուրի առնչությամբ հայտարարեց տիկին Կասյան։ – Երբեմն դեպքեր լինում են մալարիայի հետ կապված, որոնք ընդհանրապես գալիս են Ադրբեջանի կամ Պարսկաստանի կողմերից։ Եվ հատուկ ծրագիր մշակված է արդեն 2-3 ամիս առաջ, որ ընդունված է կառավարության կողմից։ Նրանց մեջ կա, ուրեմն, հետեւյալ նախարարությունները…» եւ այլն։

Սակայն ճեպազրույցի զգալի մասը նվիրվեց խոլերայի համաճարակի վերաբերյալ պարզաբանումներին։ «Պետք է ասել, որ, ուրեմն, պարզվում է մեզ հաջողվել է արդեն համաճարակը լրիվ քոնթրոլի տակ բերել։ Մի տասնյակ մարդիկ այդ համաճարակը ունեցել են, ազդվել են»,- մոտավորապես այս ամենն ասելով՝ տիկին Կասյան զգույշ հետաքրքրվեց. «Ոեւէ հարցեր կա՞ համաճարակի հետ կապված»։ Հարցերը բազմաթիվ էին՝ այս առումով ճեպազրույցն աննախադեպ էր։ Իսկ թե որքանով էին պատասխանները բավարար՝ դատեք ինքներդ։

Ասենք, խոլերայով վարակվածների եւ մահացածների թվաքանակը ճշտելու խնդրանքներին ի պատասխան՝ խոսնակն ազդարարեց. «Հիվանդանոցներում գտնվող թիվը փոխվում է՝ կոնկրետ հիմա չեմ կարող ասել, իսկ ինչ կապված է մահվան հետ՝ երկու մահի դեպք կա։ Մի հատը, ուրեմն, հասակավոր, տարիքով մարդ է։ Իսկ մյուս անձը, որ մահացել է՝ ինքը արդեն ինֆարկտ էր ստացել։ Ուրեմն, հիմա փորձում ենք ճշտել, թե ինքը մահացավ համաճարակի՞ պատճառով, թե՞ ինֆարկտի պատճառով արդեն, ասենք, թե՝ որոշ չափով վատ վիճակում էր գտնված։ Բայց դրանից դուրս ուրիշ մահ չի եղել»։

Վատ աշխատողին մամո՞ւլն է խանգարում

«Առավոտը» հիշեցրեց բազմակի պնդումները, որ նախագահի աշխատակազմը բաց եւ հրապարակային գործելաոճ է որդեգրել։ Մինչդեռ վերջին օրերին նահանջի մասին վկայող իրողություններ արձանագրվեցին՝ նախագահի մասնակցությամբ սահմանադրական հանձնաժողովի նիստին մամուլին թույլ չտվեցին ներկա գտնվել։ Չնայած նախնական հավաստիացումներին՝ լրագրողների համար փակ էր ՔԽ-ի նաեւ երկրորդ նիստը։ Որեւէ տեղեկություն չհաղորդվեց Զատուլինի եւ Միհրանյանի այցի վերաբերյալ եւ այլն։

Շրջանցելով հարցի վերջին հատվածը (ինչն ավելի խորացրեց գուցե անտեղի կասկածներն այդ հանդիպման վերաբերյալ)՝ Կասյա Աբգարյանը խոսեց այն մասին, որ երբ հանձնաժողովների աշխատանքներին ներկա է գտնվում մամուլը՝ «ընդհանրապես բաց խոսակցություն, երկխոսություն չի կայանում։ Ուրեմն, դրանով է պայմանավորված, որ հանձնաժողովները ոչ թե միայն ձեւական, պոպուլիստական քայլ է, այլեւ այնտեղ իսկական հարցերի շուրջ լուծումներ են գտնվում։ Այդ լուծումը գտնելու համար տարբերակներ են քննարկվում։ Եվ էդ քննարկումների միջոցները, որպեսզի ավելի հանգիստ կայանան՝ շատ կարեւոր է, որ ոչ թե միայն նախագահը, նաեւ այդ հանձնաժողովների, կամ Քաղաքական ամբողջ խորհուրդների անդամները կարողանան ունենալ ազատություն խոսալու։ Մամուլի պարագայում ընդհանրապես կաշկանդված են զգում։ Եվ այդպիսի գործնական հանդիպումների ընթացքում մամուլի ներկա գտնվելը չի օգնում»։

Առնվազն տարօրինակ էր այս ամենը ամերիկյան փորձառություն անցած մեկի բերանից լսելը։

Նա փորձում էր գտնել պատասխաններ…

«Ու ստանում էր նոր հարցեր»,- փոքր-ինչ վերափոխենք երգի բառերը։ Իրոք, Կասյա Աբգարյանի գրեթե բոլոր պատասխանները նոր հարցերի առիթ էին։ Ասենք, «Հայքը» հետաքրքրվեց, թե ինչու խոստացածի պես խոսնակը չի ասում, թե Նիսում աշխատանքը հանգստի հետ զուգակցելով՝ ում հետ էր հանդիպել Ռոբերտ Քոչարյանը։ «Ինքը շատ տարբեր գործակալների հետ հանդիպեցավ Ֆրանսիայում»,- Կասյա Աբգարյանի այս պատասխանը լիովին համահունչ էր վերջին օրերին Ջեյմս Բոնդի մասին անընդհատ ցուցադրվող ֆիլմերի արդյունք լրտեսական կրքերին։

Իհարկե, պարզ սայթաքում էր՝ խոսքը գործարարների մասին էր։ Նաեւ վրիպում կար լրագրողներին բաժանված գրավոր հաղորդագրության մեջ. Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը ոչ թե Միշել, այլ Մայքլ Լեմոն է: «Ազգի» թղթակիցն էլ նորից անդրադարձավ այն խնդրին, որը նույն օրվա հրապարակման թեմա էր։ Մինչեւ սեպտեմբերի 14-ը կոնյակի գործարանի խնդրով արտահերթ նստաշրջան չհրավիրելու դեպքում Քոչարյանի՝ Սահմանադրությունը ոտնահարելու հարցին տիկին Կասյան արդեն նախապատրաստվել էր, քանզի պատասխանն ուղղակի ընթերցեց։

Բայց դա էլ չխանգարեց, որ օրենքների հետ որեւէ առնչություն չունեցող հայտարարություններ արվեն. «Այդ նիստը արդեն կայացել է անցյալին եւ իրա լուծումը գտած է,- ծանուցեց խոսնակը՝ ենթադրությունների տեղիք տալով, թե մի խնդրի վերաբերյալ միայն մեկ անգամ քննարկում անցկացնելու վերաբերյալ ինչ-որ անհայտ օրենք կա։- Այսօր այս հարցը բարձրացնելը նշանակում է նախընտրական ախորժակների համար ոտնահարել հայ գյուղացուն։ Այսօր գյուղացին կարողանում է անսահմանափակ քանակով խաղող հանձնել կոնյակի գործարանին, քանի որ այսօր բերքահավաքը սկսվել է։ Եթե այսպիսի նիստ գումարենք՝ ուղղակի ուղղված կլինի գյուղացու դեմ այսօր»։

Սակայն մի հարցում Կասյա Աբգարյանն անտարակույս ճշմարիտ էր։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարան ԱԺ-ի հնարավոր դիմումի մասին ասաց. «Դա արդեն նորմալ է»։ Բայց վստահ էր. «Այստեղ սահմանադրական խախտում չկա»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930