Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 09,1998 00:00

Քաղաքական աշնան առաջին շատ էական դրսեւորումներից մեկն էլ այն է, որ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մի մասն արդեն քով-քովի է եկել, եւ գոնե ընտրական օրենսգրքի շուրջ միասնական մոտեցումներով հանդես գալու պատրաստակամություն է ցուցաբերում։

Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի նախագահության նիստերի դահլիճում խորհրդակցության էին հավաքվել Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության անդամ Վոլոդյա Բադալյանը, ԱԺՄ ներկայացուցիչներ Արշակ Սադոյանն ու Ֆիլարետ Բերիկյանը, կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը։ Նրանց քննարկումների հրավեր էին արել ընտրական օրենսգրքի նախորդ նստաշրջանում մերժված բոլոր երեք տարբերակների հեղինակները՝ Ֆրունզե Խառատյանը («Հայկոմկուս»), Վիգեն Խաչատրյանը (ՌԱ(ԼԴ)Կ), որը նաեւ «Հանրապետություն» միավորումն էր ներկայացնում, եւ Էդվարդ Եգորյանը («Ժողովրդավարական հայրենիք»)։ Ասենք նաեւ, որ ներկա էին այլ կուսակցությունների անդամներ եւս. Անժելա Բակունցը («Շամիրամ»), Ռուբեն Հակոբյանը (ՀՅԴ), Ներսես Զեյնալվանդյանը (ԻՄ փոխնախագահ) եւ անկուսակցականների կուսակցության ոչ պաշտոնական «նախագահ» Դավիթ Շահնազարյանը։

Հավաքի մասին, ինչպես նիստում ասվեց, տեղյակ էր պահվել նաեւ «Երկրապահին», սակայն վերջինիս որեւէ ներկայացուցիչ նիստին չէր մասնակցում։ Օրակարգում ընդգրկված էր երեք հարց, որին ԻՄ նախաձեռնությամբ ավելացավ եւս մեկը։ Հավաքվածները քննարկեցին եւ որոշակի համաձայնությունների եկան ընտրական օրենսգրքում արձանագրվելիք հանձնաժողովների կազմավորման սկզբունքի, քվեարկությանը բանակի մասնակցության մեխանիզմների, ընտրողների նախնական հաշվառման եւ համամասնական-մեծամասնական տեղերի հարաբերակցության հարցերի շուրջ։

Այս վերջին հարցում մանավանդ՝ պայմանավորվածությունը ձեռք բերվեց հաշվված վայրկյանների ընթացքում։ Բոլոր ներկաները, ըստ էության, համաձայնեցին 101 համամասնական-30 մեծամասնական բաժանմանը։ Խնդիրը լավագույնս քննարկել եւ նախապատրաստել էին Վիգեն Խաչատրյանն ու Էդվարդ Եգորյանը։

Հանձնաժողովներում՝ միայն կուսակցությունները

Իսկ, այ, հանձնաժողովների կազմավորման մեխանիզմների մասին ակտիվ խոսակցություն ծավալվեց։ Միմյանց փոխլրացնելով տեղեկատվությունն ամբողջությամբ ներկայացրին Էդվարդ Եգորյանն ու Վիգեն Խաչատրյանը։ Սահմանվում է հետեւյալ սկզբունքը. խորհրդարանում ներկայացված յուրաքանչյուր խմբակցության 2-ական տեղ է տրվում ընտրական հանձնաժողովներում. (նրանց թիվն այսօր խորհրդարանում 5-ն է)։

Դրանից դուրս հանձնաժողովներում որոշիչ ձայնով կարող են տեղեր ստանալ միայն այն կուսակցությունները, որոնց նախագահները նախագահական ընտրություններում հաղթահարել են 5 տոկոսի շեմը, կամ մեծամասնական ընտրությամբ գոնե մեկ մանդատ են հայթայթել խորհրդարանում։ Մի քանի իրողությունների համընկնելը կուսակցությունների տեղը հանձնաժողովներում չի մեծացնում, որովհետեւ օրենքը սահմանելու է, թե գործում է պայմաններից ընդամենը մեկը։ Այսպիսով, լուծվում է դրսում մնացած երկու խոշոր կուսակցությունների՝ հանձնաժողովներում ընդգրկելու հարցը։ Դրանցում տեղ են ստանում ինչպես Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, այնպես էլ Կարեն Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունը։ Այն կուսակցությունները, որոնք համապատասխան քանակի ստորագրություններ կհավաքեն ընտրություններին մասնակցելու համար, կարող են մաս կազմել հանձնաժողովներին, սակայն խորհրդակցական ձայնով։

Նրանք, սակայն, զրկվելու են միայն քվեարկելու իրավունքից, իսկ քվեաթերթիկներ տալ-վերցնելու, դրանց վրա ստորագրելու հարցում մյուսների հետ ունենալու են միանգամայն հավասար իրավունքներ։ Այս մեխանիզմն արձանագրում է այն իրողությունը, որ որեւէ ազդեցիկ կուսակցություն դուրս չի մնում հանձնաժողովներից, իսկ մյուս կողմից էլ՝ այդ կառույցներում անդամների թիվը չի անցնում 16-ից։ Հանձնաժողովները ձեւավորվում են բացառապես կուսակցությունների ներկայացուցիչներով։ Գործադիր իշխանությունը դրանցում չի ընդգրկվում։ Այս հարցում Էդվարդ Եգորյանի մեկնակետն այն է, թե չի կարող լինել կառավարություն, որը կողմնակիցներ չունի խորհրդարանում, իսկ եթե ունի, նշանակում է կուսակցությունների միջոցով ներկա լինել հանձնաժողովներում. «Կարող էինք, չէ՞, մեկ տեղ ավել հատկացնել «Երկրապահին»՝ որպես ամենամեծ խմբակցության։ Բայց դա չենք արել ոչ թե բարի կամքի բացակայության պատճառով, այլ որ այդ մոտեցումը շատ է արհեստական»։

Եղավ մի պահ, որ ընդհանրապես կասկածի տակ դրվեց Դեմիրճյանի կուսակցությանը հանձնաժողովներում տեղ տալու անհրաժեշտությունը։ Կոմկուսի ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանն այն կարծիքին էր, որ միայն Դեմիրճյանի նախադեպով չարժե օրենքում ինչ-որ իրավական հիմքեր դնել։ Նա թող բավարարվի կուսակցություններին վստահելով։ Էդվարդ Եգորյանն էլ պարզաբանեց, թե իրենց մոտեցմամբ պարզապես ընտրական օրենսգիրքն արձանագրում է, որ պետք է տեղ տալ հեղինակություն ունեցող ուժերին. «Իսկ եթե հանձնաժողովները նորմալ են ու հավասարակշռված, ավելի լավ է դրանցում տեղ չունենաս ու գնաս քո գործին»։

Բանակը՝ խաղից դուրս

Լուրջ արծարծումների խնդիր դարձավ նաեւ բանակի մասնակցության հարցը, ինչը կուսակցությունները, հավանաբար, փորձելու են ճնշամիջոց եւ սակարկման առարկա դարձնել «Երկրապահի» հետ խոսակցություններում։ Եթե «Շամիրամի» ներկայացուցիչ Անժելա Բակունցը պնդում էր, թե ոչ ոք իրավունք չունի զինվորներին զրկել քվեարկելու իրավունքից, ապա Վիգեն Խաչատրյանն էլ այն կարծիքին էր, թե, դրանով հանդերձ, որեւէ մեկին 60 հազար ձայն գրպանում ընտրություններին մասնակցելու հնարավորություն չպետք է տրվի։ Գոնե պետք է նվազագույնի հասցվի զինվորների ձայներն իբրեւ լծակ օգտագործելու հեռանկարը։ Նրանք պետք է քվեարկության գնան քաղաքացիական համազգեստով, ոչ սպայի ուղեկցությամբ, առանց շարքի եւ այլն։ Սակայն, ի վերջո, քննարկումները հանգեցրին այն մտքին, որ եթե Սահմանադրությունը թույլ չի տալիս զինվորներին արգելել մասնակցել քվեարկությանը, ապա հնարավորինս պետք է սահմանափակվի նրանց այդ իրավունքը, որպեսզի նրանք գործիքի չվերածվեն։ Կուսակցությունները համաձայնության եկան, որ զինվորները պետք է քվեարկեն իրենց մշտական բնակության վայրերում, ինչը գրեթե անհնար է դարձնում նրանց մասնակցությունը ընտրություններին։ Ոչ ոք Մեղրիից զինվորին քվեարկության չի ուղարկի Վանաձոր։

Նախընտրական հաշվառում

Այս հարցն ի սկզբանե նախատեսված չէր, եւ հանպատրաստից ներկայացրեց քննարկման ԻՄ փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը։ Էդ. Եգորյանն անմիջապես դեմ կանգնեց՝ փաստարկելով, թե իրենց ընտրողները չեն գրանցվի, իսկ իշխանությունն իր ընտրողներին նախապես հաշվառելով, մեկ շաբաթ առաջ արդեն վերջնական տեսքի բերած կլինի ցուցակները։ Սակայն, ո՜վ զարմանք. տեսակետը պաշտպանության արժանացրեց Արշակ Սադոյանը, որը կողմ էր իշխանությունների՝ ընտրողի վրա հավելյալ գումար ծախսելու հեռանկարին։ Ի վերջո, Վիգեն Խաչատրյանն առաջարկեց խնդիրը քննության առնել հետագա խորհրդակցություններում, եւ դրան համաձայնեցին բոլորը։ Մնանք նոր նիստերի սպասող:

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930