Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Նոյեմբեր 12,1998 00:00
David Shahnazaryan

Սա «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության կարգախոսն է, որի նախագահը՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ այժմ իշխանությունները փորձում են կյանքի կոչել «Իշխանության իշխանություն եւ իշխանության ընդդիմություն» կարգախոսը։

«21-րդ դարի» ուղենիշները

Թերեւս այսօր Հայաստանի որեւէ կուսակցություն իր անդամների ճշգրիտ թվաքանակը հրապարակելու համարձակությունը չի ունենա։ Այս առումով աննախադեպ էր «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի անկեղծությունը, թե այժմ շուրջ 200 անդամներ ունեն։ «Եվ ոչ միայն թվաքանակը, այլ կուսակցության ողջ գործունեությունն է բաց ու մատչելի։ Սա մեր կանոնադրությամբ է ամրագրված»,- հայտնեց պրն Շահնազարյանը։ Այնուամենայնիվ, արդյոք նպատակահարմա՞ր էր հերթական փոքր կուսակցությունը ստեղծել։ Մի՞թե չէր կարելի մաս կազմել արդեն իսկ կայացած որեւէ կազմակերպության։ Թե՞ «21-րդ դարի» նպատակներն ու գաղափարներն այնքան ինքնատիպ ու յուրօրինակ են, որ այլոց հետ ընդհանրություններ ունենալ չեն կարող։ Մեր այս հարցերին Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Նախ, մեր թվաքանակն օրեցօր փոխվում է։ Բայց քանակ հավաքելու գերխնդիր մեր առջեւ չենք դնում եւ գտնում ենք, որ կուսակցություններն առողջ հասարակարգում ուժեղ են ոչ անդամների, այլ համակիրների թվաքանակով»։

Հաստատելով, որ «21-րդ դարն» իրոք գաղափարակից կուսակցություններ ունի՝ պրն Շահնազարյանը մասնավորապես առանձնացրեց «Ժողովրդավարական հայրենիքը»: ՀՀՇ-ի գաղափարախոսությունն էլ (ոչ կազմակերպությունը) հոգեհարազատ համարվեց, ԱԺՄ-ի հետ տարաձայնություններից երկքաղաքացիության նկատմամբ դիրքորոշումը նշվեց. «Բայց մեր այսօրվա իրականությունն այնպիսին է, որ գաղափարական սկզբունքներից այսօր ավելի հատկանշական է կուսակցությունների գործելակերպը։ Նույն ազատական ժողովրդավարական որոշ կուսակցություններ, որոնք ընդդիմություն էին մինչեւ 1998-ի փետրվարը եւ միասնական ճակատով էին հանդես գալիս՝ այսօր խիստ տարբեր դիրքորոշումներ ունեն։ Մի մասը շարունակում է ընդդիմություն մնալ նախկին իշխանությանը՝ ասես ոչինչ չի փոխվել։

Այլ կուսակցություններ ուղղակի անցան նոր իշխանության ճամբարը՝ ընդ որում, աչք փակելով իրենց այն սկզբունքային մոտեցումների վրա, որոնք ունեին նախկին իշխանության հանդեպ, իսկ այժմ կարծես անտեսում են այդ նույն եւ ավելի ծանր այն արարքները, որ ներկա իշխանություններն են անում։ Այնպես որ, գաղափարական ընդհանրությունները չեն, ցավոք, առայժմ որոշում կուսակցությունների համագործակցության կամ հակասությունների աստիճանը, այլ տվյալ պահի քաղաքական դիրքորոշումները»։ Այնուամենայնիվ, արդյոք առանձին կուսակցության հիմնադրումը հետեւանքը չէ՞ այն պատվախնդրության, թե «լավ է առաջինը լինել գյուղում, քան վերջինը՝ Հռոմում»։ Դավիթ Շահնազարյանը կտրուկ հերքեց անձնական հավակնությունների գործոնի դերը եւ սկսեց կուսակցության մարտավարական նպատակները թվարկել. «Նպաստել ազատական ժողովրդավարական դաշտի կայացմանը եւ քաղաքական այն ուժերի միավորմանը, որոնք գտնում են, թե այսօրվա կարեւորագույն խնդիրն են համարում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունները եւ պետության առջեւ ծառացած մյուս բոլոր հարցերն այդ կարեւորագույն խնդրի լուծման հետեւանք են դիտում»։

«21-րդ դարի» ընտրությունները

Ակնհայտ է, որ այս կուսակցության ստեղծումն ընտրական նպատակներ է նաեւ հետապնդում, ուստիեւ հետաքրքրվեցինք, թե ինչպես են մտադիր մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ առանձի՞ն, թե՞ գաղափարակից կուսակցությունների հետ միասնական դաշինքով։ Սակայն Դավիթ Շահնազարյանը նախընտրեց ընտրությունների բոյկոտի տարբերակի մասին խոսել. «Իշխանության հարցն ընտրությունների արդյունքով չի լուծվելու՝ ընտրական համակարգը Հայաստանում ամբողջովին ջախջախված է։ Եվ ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն նույն վիճակում էլ մնա, եւ գործադիր իշխանությունը որոշի հաջորդ խորհրդարանի կազմը։ Ըստ էության, այդ գործընթացն է այժմ առկա եւ, եթե այսպես շարունակվի, չեմ բացառում, որ ազատական կուսակցություններն ընդհանրապես բոյկոտեն խորհրդարանական ընտրությունները։ Այսօր մի իշխանություն ունենք, որն իր գաղափարախոսությամբ եւ իրականացվող քաղաքականությամբ ուղղակի ընդդիմադիր է պետականությանը։ Նրանց պետականությունն է խանգարում եւ ոչ թե՝ ինչպես իրենք են ասում՝ քաղաքական ուժերն ու խորհրդարանը։ Նման պայմաններում մասնակցել այդ խաղի՞ն, փոքր հույս էլ չունենալով, որ քիչ թե շատ ազատ ու արդար, ժողովրդավարական ընտրություննե՞ր են կայանալու…»։

Այս հիմնավորումների պարագայում առավել անիմաստ եւ անհեթեթ է թվում ընտրական օրենսգրքի շուրջ այսօր կատարվողը, որի մասնակիցներից մեկն էլ նույն Դավիթ Շահնազարյանն է։ Մեր այս դիտողությանը նա հակադարձեց. «1998-ի ընտրությունների վերաբերյալ քաղաքական գնահատականների տարբերությունն է այն սկզբունքային խնդիրը, որ այսօր բաժանում է միասնական նախագծի հեղինակներին խորհրդարանական մեծամասնությունից։ Իհարկե ճիշտ է, որ նույնիսկ լավագույն ընտրական օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների երաշխիք չէ՝ այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Քաղաքական համապատասխան իրավիճակ եւ իշխանությունների կամքն են անհրաժեշտ, որ ապահովեն այդ օրենսգրքի իրականացումը»։

«21-րդ դարի» հայտարարությունները

«Ըստ էության, այսօր Հայաստանում իշխանության գլուխ է դաշնակցական Ռոբերտ Քոչարյանը եւ իշխող քաղաքական ուժն էլ դաշնակցությունն է»,- այս պնդումից հետո պրն Շահնազարյանին խնդրեցինք փաստարկել. արդյոք ինչ-ինչ տեղեկություններ ունի՞ նախագահի չբացահայտված կուսակցական լինելու վերաբերյալ. «Ես չեմ պնդում, որ նա ՀՅԴ անդամ է՝ դա ինձ չի էլ հետաքրքրում։ Բայց իրականացվող քաղաքականությունը տիպիկ դաշնակցական է՝ շատ նման 1918-20 թվականներին Հայաստանի իրականացրած քաղաքականությանը եւ, եթե այսպես շարունակվի՝ չի բացառվում, որ հետեւանքներն էլ նման լինեն։ Այսօրվա իշխանությունը Հայաստան պետության ապագան անցյալում է փնտրում»։

Դաշնակցության կեցվածքի համար Դավիթ Շահնազարյանը նաեւ մի բնորոշում էր գտել. «Իշխանություն ըլլալով, ընդդիմություն ալ կըլլանք»։ Այս ամենը եկավ գումարվելու ՀՅԴ հոկտեմբերի 30-ի հանրահավաքին ի պատասխան՝ «21-րդ դարի» եւ նրա նախագահի՝ արդեն իսկ արված քաղաքական հայտարարություններին։ Մեր հարցին, թե ինչո՞ւ չի փորձում իր հասցեին որոշակի մեղադրանքների (պետական ռեկետ, BMW-ների վաճառք եւ այլն) իրավական գնահատականին հասնել, հետեւեց այս բացատրությունը. «Եթե նման մեղադրանքներ աներ որեւէ անհատ կամ ընդդիմությունը՝ հասկանալի կլիներ, բայց անհեթեթ է, երբ նման մեղադրանքներ է հարուցում իշխանությունը, որն իրեն ենթակա դատարաններ, ոստիկանություն, դատախազություն ունի։ Ամենապարզ ու տրամաբանական հերքումն այդ կեղծ մեղադրանքների այն է, որ ինձ մինչ այժմ քրեական պատասխանատվության չեն ենթարկել»։

Հիշեցրինք, որ ինքն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, եւ Դավիթ Շահնազարյանը խոստացավ. «Ես պատրաստ եմ անձեռնմխելիությունից ինքնակամ հրաժարվել։ Սակայն շատ պարզ է, որ չկարողանալով որեւէ լուրջ քայլ անել՝ նրանք փորձում են քաղաքական դաշտն իրենց՝ կեղծիքի եւ զրպարտանքների մակարդակին իջեցնել, քանզի այդ դաշտում անգերազանցելի են։ Եվ անգամ քաղաքացիների այն հատվածի համար, որոնք ինչ-որ հույսեր ունեին՝ արդեն ակնհայտ է այս իշխանությունների դատարկ էությունը»։ Արտաքին քաղաքական որոշ հարցերի եւ, մասնավորապես՝ Բաքվի հայտարարագրին առանց վերապահումների միանալու խնդրի առնչությամբ Դավիթ Շահնազարյանն առանձին ասուլիս էր հրավիրել, իսկ «21-րդ դարը»՝ հայտարարություն հրապարակել։ Դրանից հետո նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների եզրակացությունները հրապարակվեցին, ըստ որի այդ հայտարարագիրը ստորագրելը խիստ հակասության մեջ չէ մեր օրենսդրության հետ. «Համապատասխանում է օրենքի տառին, բայց հակասում է ոգուն»։

Մեր խնդրանքով մեկնաբանելով այս ձեւակերպումը, պրն Շահնազարյանը նշեց, թե իր գնահատականները նույնն են մնում եւ պատրաստ է դրանք հրապարակային բանավեճերում պաշտպանել. «ՔԽ-ն, ըստ էության, իմ գնահատականը չի ժխտել։ Տարաձայնությունները միայն հակասության աստիճաններին են վերաբերում։ Հավանաբար, ոչ այնքան կարեւոր է, թե ինչքանով է հակասում այդ հայտարարագիրը 1992-ի որոշմանը, այլ քաղաքական այն հետեւանքները, որ կարող են ունենալ նման սխալները: Իսկ մեր արտաքին քաղաքականությունը կաթվածահար է»։

«21-րդ դարի» ծրագրերը

Ավելի որոշակիացնելով, խնդրեցինք հայտնել, թե ինչո՞վ է զբաղվելու կուսակցությունը մինչեւ տարեվերջ. «Մենք ծրագրային հիմնադրույթներն ընդունել եւ այժմ աշխատում ենք ծրագրի վրա (ըստ մեր կանոնադրության՝ կուսակցության անդամ են համարվում ծրագրային հիմնադրույթներն ընդունողները)։ Մի քանի ամիս հետո համագումարը կընդունի ծրագիրը, բավական շատ ներկուսակցական աշխատանք կա։ Հնչեղություն ունեցող բոլոր հարցերի վերաբերյալ մեր հստակ դիրքորոշումն արտահայտելու ենք։ Մեր սկզբունքներից մեկն էլ քաղաքականության մեջ հետեւողականությունն է։ Եվ մեզ համար կարեւորագույն հարցն է՝ այսօրվա իշխանությունները պետք է օրինական ճանապարհով հեռանան եւ այդ ընթացքում պիտի պահպանվի մեր ամենակարեւոր արժեքը՝ կայունությունը, թեկուզ ոչ ժողովրդավարական։ Ցավոք, այսօրվա իշխանությունն ինքն է ապակայունացման գնում, եւ վստահ եմ, որ մեր հասարակությունը դա չի հանդուրժի»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30