Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ»

Նոյեմբեր 14,1998 00:00
Serj Sargsyan

 Հարցազրույց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ

Սկիզբը՝ թիվ 219

– Իսկ եթե գաղտնիք չէ, այսօր քանի՞ մարդու հեռախոս է լսվում Հայաստանում։

– Հարցը վերաբերում է այն ոլորտին, որ չես կարող ասել գաղտնի՞ք է, թե՞ ոչ։ Սակայն պետք է ասեմ, որ միաժամանակյա լսումներ կազմակերպելու մաքսիմալ հնարավորությունը, որ ունենք այսօր, ընդամենը երկու տասնյակից մի քիչ ավելի հեռախոս է։ Իհարկե, դա չնչին թիվ է։ Իսկ այն հեքիաթները, որ երբեմն հայտնվում են մամուլում, թե զանգվածաբար լսվում են հեռախոսները, պարզապես դիլետանտների խոսակցություններ են, որոնք տեղեկություններ չունեն մեր հնարավորությունների մասին ընդհանրապես։ Ասեմ նաեւ, որ հեքիաթ են այն լուրերը, թե գաղտնալսվում է որեւէ թերթի կամ թղթակցի հեռախոսը։

– Պարոն Սարգսյան, իմ կարծիքով, մինչեւ օրս էլ որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել հասարակությանն Արմեն Տեր-Սահակյանի խմբի հանցավոր գործունեության մասին։

– Չեմ կարծում, թե հիմնավոր փաստարկներ չեն ներկայացվել։ Համենայնդեպս այն, ինչ պետք է անեին ՆԳ եւ ԱԱ մարմինները, արել են ամբողջությամբ։ Կարծում եմ, որ դատախազությունը կտեղավորվի օրենքով սահմանված ժամկետներում։ Այստեղ չկա որեւէ խնդիր։ Այսինքն՝ մարդիկ ընդունել են իրենց մեղքը, կատարածը, կա հանցագործություն, կա կատարածը, կա հանցագործության միջոցը, ամբողջն ապացուցված է։ Ես ավելին չեմ ուզում ասել, չցանկանալով, որ սա սպեկուլյացիայի առիթ տա։ Պարզապես նորից կրկնեմ, որ նախաքննության փուլում որեւէ պրոբլեմ չկա։

– Իսկ ինչի՞ մեջ են նրանք մեղադրվում։

– Մարդասպանությունների։ Աղմուկ հանած սպանությունների։

– Նկատի ունեք Համբարձում Ղանդիլյանի, Համբարձում Գալստյանի, Մարիուս Յուզբաշյանի եւ այլոց սպանությունները միասին վերցրա՞ծ։

– Չեմ ուզում անուններ տալ, դա կլինի սխալ։ Համենայնդեպս, պետք է ասեմ, որ Մարիուս Յուզբաշյանի եւ Համբարձում Գալստյանի սպանությունների գործով մենք հիմնարար ու լուրջ փաստեր դեռեւս չունենք։

– Իսկ ո՞ր սպանությունների համար հիմնարար ապացույցներ կան։

– Խոսքը ե՛ւ Ղանդիլյանի, ե՛ւ Աշտարակի շրջխորհրդի նախագահի սպանությունների մասին է։

– Իսկ ի՞նչ նորություն կա գլխավոր դատախազի սպանության հետաքննության հարցում։

– Նախաքննության բոլոր տվյալներով, սպանությունը կատարել է Արամ Կարապետյանը։ Չկա կասկածի որեւէ առիթ։ Այն, ինչ երբեմն երեւում է մամուլում, պարզապես շահարկում է։ Կարծում եմ, այո, ժամանակն է, որ դատախազությունը քրեական գործն ավարտի։

– Պարոն Սարգսյան, խոսվում է, որ Աղվան Հովսեփյանը ձեր մարդն է, որի հետ Ղարաբաղում միասին եք աշխատել, եւ Դուք եք նպաստել, որ նա դառնա գլխավոր դատախազ՝ ի հակակշիռ Վազգեն Սարգսյանի հովանավորյալ Գագիկ Ջհանգիրյանի։

– Նախ ասեմ, որ Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հանրապետության նախագահի ընտրությունն է. կյանքը ցույց կտա ու բոլորը կտեսնեն, որ մենք նրա հետ քավոր-սանիկներ չենք, եւ երբեք մեր ծանոթությունը չի խոչընդոտի որեւէ գործի քննությանը։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղում միասին աշխատելուն (եթե դա կարելի է միասին համարել), ապա ասեմ, որ ես այն ժամանակ կոմերիտմիության քաղկոմի երկրորդ, ապա առաջին քարտուղար էի, իսկ Աղվան Հովսեփյանը՝ մարզային դատախազության քննչական բաժնի պետ։ Մենք կապ ունեինք այնքանով, որքանով նա դատախազության սկզբնական կոմերիտական կազմակերպության քարտուղարն էր։

– Պարոն Սարգսյան, թեպետ գարնանը հայտարարեցիք, որ չորս պատգամավոր քրեական գործերի է առնչվում, սակայն Նվեր Չախոյանի դեպքից բացի, այլ նախաձեռնություն չեղավ։

– Իհարկե, այդ դեպքերում խորհրդարան է ներկայանում հանրապետության դատախազը։ Իմ ասածը ժամանակին շահարկումների առարկա դարձրեցին, բայց նորից կարող եմ հիշեցնել, որ հանգուցյալ Հենրիկ Խաչատրյանի կողմից երկու պատգամավորի նկատմամբ քրեական գործը կարճվել է։ Նվեր Չախոյանի դեպքում խորհրդարանը համաձայնություն չտվեց։ Սակայն այսօր էլ դատախազությունում խորհրդարան մտնելու բավականին լուրջ հիմքեր գոյություն ունեն։ Բայց չեմ կարծում, որ խորհրդարանը համաձայնություն կտա։

– Ոչինչ, թող դատախազը գնա խորհրդարան, ու ԱԺ-ն չտա իր համաձայնությունը։

– Դա էլ է ձեւ, պետք է մտածել։ Բայց, անշուշտ, էլի կլինեն շահարկումներ, մանավանդ այն մարդկանց կողմից, ում, իրոք, այդ քրեական գործերը վերաբերում են։ Բազմիցս եմ ասել, որ մեր խորհրդարանում կան բազմաթիվ կարգին մարդիկ, ազնվագույն տղաներ, որոնք կարող էին պատիվ բերել ցանկացած խորհրդարանի։ Օրինակ՝ Ալեքսան Հակոբյան, Ալբերտ Բազեյան…

– Չէ, պարոն Սարգսյան, ինձ հակառակ ցանկն է հետաքրքրում։

– Դա լրագրողներն իրենք կարող են պարզել՝ կարդալով թերթերը։

– Լավ, ինձ հետաքրքրում է նաեւ, թե ինչո՞ւ է խուզարկություն կատարվել Հակոբ Հակոբյանի տանը (խոսքը Լեդի Հակոբի մասին է- Ա.Զ.)։

– Հակոբ Հակոբյանի տանը խուզարկություն չի կատարվել։ Ինչ-որ անձինք հակված էին խնդիրը ուռճացնել, սակայն, իմ կարծիքով, հարցն այլեւս պետք չէ քննարկել։ Թյուրիմացություն էր՝ հարթվեց։

– Իսկ ո՞րն է թյուրիմացության էությունը։

– Մենք որեւէ օրենք չենք խախտել։ Եվ եթե ինչ-որ մեկը ցանկանում է Հակոբին պաշտպանել ինձնից, նա չարաչար սխալվում է։ Այդ փաստաթուղթը ստորագրողներից եւ ոչ մեկը Հակոբի հետ այնքան չի շփվել, մանավանդ էքստրեմալ պայմաններում, որքան ես։

– Իսկ ի՞նչ կասեք այն խոսակցությունների մասին, թե հակասություններ գոյություն ունեն մի կողմից Ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի, իսկ մյուս կողմից՝ Վազգեն Սարգսյանի միջեւ։

– Հեքիաթներ են։ Իսկ ի՞նչ եւ ո՞նց պետք է մենք անենք, որ դրա մասին չխոսեն։ Ամեն օր միմյանց պիտի հյուրընկալե՞նք, թե՞ միասին միջոցառումների գնանք։ Իսկ ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են հակասություն կա։

– Ասեմ. Սամվել Բաբայանը վերջերս վերապահ դիրքորոշում է արտահայտել այսօրվա իշխանությունների նկատմամբ, իսկ նրա մտերմությունը Վազգեն Սարգսյանի հետ բնականորեն նման ենթադրությունների հիմքեր է տալիս։

– Բոլորի համար էլ պարզ է, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Վազգեն Սարգսյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի համար Ղարաբաղից ավելի կարեւոր խնդիր գոյություն չունի։ Եթե որեւէ մեկն այս հարցում կասկածներ ունի, առնվազն տարօրինակ մարդ է։ Այդպիսի խոսակցությունների համար հիմքեր չկան. նույն հարցը տվեք ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Վազգեն Սարգսյանին։ Եվ եթե ինչ-որ նոտաներ նկատելի կլինեն, համարեք, որ հակասություններ, իրոք, կան։ Այդպիսի բան գոյություն չունի։

– Չեմ կարծում, թե հարցն այսքանով սպառեցինք։ Խոսվում է նաեւ՝ հակասություններ գոյություն ունեն Ձեր եւ Սամվել Բաբայանի միջեւ՝ դեռեւս ղարաբաղյան՝ Ձեր գործունեության շրջանից։

– Մենք այսօր չունենք պաշտոնեական շփման որեւէ եզր, որպեսզի հակասություններ լինեն։ Իսկ եթե այդպիսիք լինեին դեռեւս Ղարաբաղից, ապա դա կանդրադառնար մեր բոլոր գործերի վրա։ Կարծում եմ, որ Արցախում մենք բոլոր խնդիրները պատվով ենք լուծել, իսկ եզրակացությունները պետք է անել դրանից ելնելով։

– Վանո Սիրադեղյանն օրերս հայտարարեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան քաղաքական էլիտային իշխանության բերելու նպատակով էր, որ միացրեց ՆԳՆ եւ ԱԱՆ-ն։ Իրոք, նա նման նպատակ ունեցե՞լ է։

– Իսկապես, Վանոն միշտ էլ օրիգինալ մտքեր է արտահայտում, թեպետ չգիտեմ, թե դրանցից որն է իրականություն դարձել։ Երեւի թե այդ հարցը պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղել, որովհետեւ ես չեմ կարող ասել, թե ինչ մտքեր կան նրա ուղեղում։ Եթե Վանոն նման փաստեր ունի՝ ճիշտ կլինի հրապարակել դրանք։

– Պարոն Սարգսյան, վերջերս մամուլում գրվեց, որ Ձեր եղբայրը Սիրիայում ՀՀ դեսպան է նշանակվել՝ նախկին դեսպանի տակը փորելով։ Դա նրան բնորոշ վարքագի՞ծ է, թե՞ Դուք եք նպաստել։

– Կարծում եմ՝ դա «Առավոտի» հերթական ֆոկուսն է։ Ես որեւէ մասնակցություն չեմ ունեցել նրա դեսպան նշանակվելու հարցում։ Նա մինչեւ Հալեպում գլխավոր հյուպատոս նշանակվելն էլ, դեռեւս խորհրդային տարիներին, երկու այլ երկրում աշխատել է։ Նրա մասին օբյեկտիվ կարծիք կարող եք ստանալ հարցումներ ուղղելով նախկին արտգործնախարարներին։ Չեմ կարծում, որ Վահան Փափազյանը կամ Ալիկ Արզումանյանը ջանքեր գործադրեն ինձ պաշտպանելու համար։

– Քաղաքական խորհուրդը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ընդունվելու է նախորդ իշխանության գնահատականը տվող փաստաթուղթ, ըստ երեւույթին՝ բացասական բովանդակությամբ։ Ձեզ, Ռոբերտ Քոչարյանին եւ Վազգեն Սարգսյանին նախկին իշխանություն համարո՞ւմ եք։

– Ես կարող եմ միայն իմ մասին խոսել ու մտադիր էլ չեմ, չեմ էլ կարող, ժխտել, որ եղել եմ նախկին կառավարության կազմում. 1993 թվականից պաշտպանության նախարար, 1995-ից՝ ազգային անվտանգության։ Այո, նաեւ իմ մասնակցությունն է եղել այն թերություններին ու սխալներին, որոնք տեղ են գտել։ Բայց դա ի՞նչ է նշանակում։ Ոչինչ էլ չի նշանակում։ Բայց եթե ճիշտ եմ ըմբռնում, նախկին իշխանություն հասկացության տակ այլ ենթատեքստ են դնում։ Ուրիշ բան են, հավանաբար, ուզում ասել։ Թող պարզ ասեն, տեսնենք, ի՞նչ են ասում։ Ինչո՞ւ են խուսափում պարզությունից։ Իսկ ընդհանրապես, նրանք, ովքեր ասում են նախկին իշխանություններ եւ այլն, իրենք դրա մեջ չե՞ն եղել։ Թող այն ժամանակ աշխատեին։ Չկարողացան, բայց հիմա սովորեցնում են, թե ինչպես է պետք աշխատել։ Շատ տարօրինակ է։

– Վերջին հարցը։ Հայաստանի քաղաքական մթնոլորտը նորից շիկացել է ՀՅԴ հանրահավաքում հնչած մեղադրանքներից հետո։ Դրանք իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ։

– Նախեւառաջ ուզում եմ անդրադառնալ այն հայտարարություններին, թե դա իշխանությունների կազմակերպած միտինգն էր, եւ այլն, եւ այլն։ Կարծում եմ՝ դա միամիտ տեսակետ է, երբ նորից փորձ է արվում ժողովրդին ցույց տալ, թե տեսեք՝ իշխանությունները որքան անզոր են, որ իրենց գործերը կուսակցությունների միջոցով են կազմակերպում։ Այդպես չէ։ Եթե հանրահավաքը իշխանությունները կազմակերպած լինեին, ապա այնտեղ կհնչեին փաստեր, որոնք նորություն կլինեին ժողովրդի համար։ Դա կլիներ տրամաբանական, իսկ հանրահավաքում հնչել են փաստեր, որոնք քանիցս 1-1,5 տարվա ընթացքում հրապարակվել են մամուլում։ Իմիջիայլոց, այդ փաստերի մասին հենց հիշատակված անձանցից ոմանք էլ առիթ են ունեցել խոսելու։ Նրանք այդ խոսքերը մեկը մյուսի մասին ասել են։ Ինչո՞ւ անցյալում այդպիսի «ղալմաղալ» չէին բարձրացնում, իսկ հիմա աղմկում են։ Եթե նույնիսկ մարդուն զրպարտել են, կա նորմալ ճանապարհ, թող դիմեն իրավապահ մարմիններին, դատախազությանը, եւ այնտեղ կերեւա՝ ասողն է սխալ, թե աղմուկ բարձրացնողը։

– Ես, թեպետ հարցերս սպառեցի, սակայն, կարծես թե, ասելիք ունեք…

– Ցանկանում եմ, որ մենք վերջապես կարգին մամուլ ունենանք։ Այս առումով իմ ցանկությունը շատ մեծ է։ Նախանձով եմ ընթերցում օտար մամուլը, ուր բավականին լուրջ աշխատանք է կատարվում՝ կան վերլուծական, հետազոտական հրապարակումներ։ Նրանցից շատերն արդեն ձերբազատվել են աղմկարար լինելուց ու այլեւս դուրսպրծուկներին չեն ընդունում աշխատանքի։ Այդ թերթերում կարեւորն այլեւս լուրջ քննադատությունն է։ Ես ընդունում եմ լուրջ քննադատությունը ու հաճույքով կբանավիճեմ նյութին տիրապետող մարդու հետ։ Սակայն, մեր թերթերում հաճախակի ես հանդիպում անունների, որ ընդամենը երեկ են պետական քննություն հանձնել, ու դեռեւս չեն տարբերում խորհրդարանը կառավարությունից, բայց գնահատական տալու մեջ նրանց առջեւ խոչընդոտ չես դնի։ Մեր մամուլը հիմնվում է այն սկզբունքի վրա, թե որքան աղմկոտ լինի գրածը, այնքան լավ։ Ցանկալի է, որ երբեւիցե մամուլում չաղավաղվի մարդկանց, մանավանդ պաշտոնատար անձանց խոսքը։ Պատասխանատվությունն այս հարցում շատ մեծ է։ Կարող եմ օրինակ բերել. նոյեմբերի 11-ին Ազգային ժողովում մի խումբ լրագրողներ դիմեցին նույն հարցով։ Հնչեց մեկ պատասխան։

Հաջորդ օրը «Սնարք», «Արմենպրես» գործակալությունները եւ մի շարք թերթեր խիստ տարբեր պատասխաններ տպագրեցին։ Միայն «Առավոտն» իր երկրորդ էջում նույնությամբ զետեղեց իմ խոսքը։ Իհարկե, ես հասկանում եմ թե՛ խմբագիրներին, թե՛ թղթակիցներին։ Սենսացիան միշտ էլ ցանկալի է, բայց դրան զուգահեռ, կարծում եմ, նաեւ պետք է լուրջ թեմաներ շոշափվեն։ Ինչի՞ է նման, երբ թղթակիցների 90 տոկոսը հարցերը սկսում են այսպես. «Ձեր կարծիքը այս հարցի մասին», «Ձեր տպավորությունը…»։ Նույնիսկ վիրավորական է։ Որեւէ խնդիր չունեմ երիտասարդ լրագրողների հետ, սակայն, երբ նրանցից ոմանք հայտնի մարդկանց հայհոյում են զուտ այն նպատակով, որպեսզի իրենք էլ անուն ձեռք բերեն, ձեւն անընդունելի եմ համարում։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30