Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՋԵՎ ԵՐԵՔ ԽՆԴԻՐ

Նոյեմբեր 13,1998 00:00
Serj Sargsyan

Հարցազրույց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, չգիտեմ նույնիսկ, խոսքս շնորհավորանքով սկսեմ՝ միլիցիայի տոնի առիթով, թե ոչ, որովհետեւ պարզ չէ՝ նոյեմբերի 10-ի միլիցիայի տոնը հայկական ոստիկանությունը ժառանգե՞լ է։

– Անկասկած, հայկական ոստիկանության հիմնական մասն իր դաստիարակությունը խորհրդային միլիցիայի ավանդույթներով է ստացել. այդ փաստը հնարավոր չէ ժխտել։ Մեթոդները համարյա թե նույնն են, նույնն է նաեւ օրենսդրական դաշտը, չենք հասցրել անհրաժեշտ փոփոխություններ կատարել, բայց, իհարկե, մեզանում այդ տոնը չի նշվում։ Ցավոք, մինչեւ օրս չունենք մեր պրոֆեսիոնալ տոնը։ Դիմել ենք կառավարությանը, որպեսզի մեր համակարգի համար պրոֆեսիոնալ տոնի օր սահմանվի։ Այն պետք է լինի Ներքին գործոց եւ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների տոնը։

– Իսկ որպես նախարար, Ձեր նախընտրությունն ինչպիսի՞ն է։ Կա՞ որեւէ օր տարվա մեջ, որն ավելի նպատակահարմար եք համարում։

– Այդ հարցը քննարկել ենք մեր բոլոր ստորաբաժանումներում, կոլեգիայի նիստում, ավելի անբռնազբոսիկ միջավայրում եւ եկել այն եզրակացության, որ ճիշտը մեր պրոֆեսիոնալ տոնը նոյեմբերի 6-ին նշելն է։ Դա այն օրն է, երբ հանրապետության նախագահի հրամանագրով միավորվել են ՆԳ եւ ԱԱ նախարարությունները։ Որեւէ այլ առաջարկություն չի եղել։ Իսկ ընդհանրապես, պրոֆեսիոնալ տոները ընտրվում են կարեւոր իրադարձությունների օրերին համընկնելու հիմքով։ Մեր ոստիկանության հետ կապված որեւէ այլ բան չհիշեցինք։

– Ձեր խոսքի ենթատեքստից, պարոն Սարգսյան, հասկացա, որ մարտահրավեր եք նետում Ազգային ժողովում առկա այն տրամադրություններին, թե պետք է տրոհվի ՆԳ եւ ԱԱ նախարարությունը։

– Ես հարցը մի փոքր այլ կերպ կձեւակերպեի։ Չեմ կարծում, թե Ազգային ժողովում տիրապետող են այդ կարգի տրամադրությունները։ Պարզապես ԱԺ-ում կան մարդիկ, որոնք, իրոք, այդպիսի տրամադրություններ ունեն։ Սակայն նրանց քանակը այնքան էլ մեծ չէ։ Սա իմիջիայլոց։ Իսկ այդ խնդրին, իմ կարծիքով, մենք պարտավոր ենք անդրադառնալ առնվազն երկու առումով. իրավասո՞ւ են, արդյոք, Ազգային ժողովի պատգամավորները քննարկել այս հարցը։ Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, կառավարության կառուցվածքը հաստատում է նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ։ Միարժեք է, որ ոմանք կոպիտ փորձեր են անում պարզապես՝ մտնելու նախագահի եւ վարչապետի լիազորությունների դաշտը։ Դա, իհարկե, անթույլատրելի է։ Սա մեկ։ Երկրորդը՝ խոսենք զուտ նպատակահարմարության մասին։

Առնվազն զարմանալի է, որ այս հարցի մասին խոսում են այն մարդիկ, որոնք ընդհանրապես պատկերացում չունեն այս մարմինների գործունեության վերաբերյալ։ Նրանց ամբողջ տեղեկացվածությունը, հավանաբար, սահմանափակվում է նրանով, որ մի քանի անգամ անցել են Նալբանդյան փողոցով եւ միգուցե լավ հարաբերություններ ունեն թաղային տեսուչի հետ, որին ձեռքով կարողանում են բարեւել։ Նրանք իրենց փոքր իսկ նեղություն չեն տալիս իմանալու, թե այսօրինակ հարցերն ինչպիսի լուծումներ են գտել զարգացած դեմոկրատիայի, ասենք՝ Արեւմտյան Եվրոպայի երկրներում։ Թեպետ հարկ է նշել նաեւ, որ իրենց անհիմն խոսքերը փորձում են հիմնավորել, հայտարարելով, թե աշխարհում նման մոդել գոյություն չունի։ Պարզապես զարմանալ կարելի է, թե պատգամավորը կամ իրեն քաղաքական գործիչ համարող անձը որքան անպատասխանատու կարող է լինել իր խոսքի, իր ասելիքի նկատմամբ։ Սակայն, մյուս կողմից էլ, դա ամենեւին էլ տարօրինակ չէ, Էդուարդ Եգորյանը լրջությամբ որեւէ գործի ձեռնամուխ չի եղել։ Նա միշտ այդպիսին է եղել։ Ցանկացած ժամանակաշրջանում իր ձեռնարկած գործերի նկատմամբ նա զուտ տղայական մոտեցում է ցուցաբերել։

– Դա ասում եք այն պատճառով, որ նա հայտարարեց, թե իրավապահ կառույցը մեզանում ՆԿՎԴ-ի է վերածվե՞լ։

– Եթե ՆԳ եւ ԱԱՆ ՆԿՎԴ լիներ, ապա Եգորյանն իր գործած բազմաթիվ մեղքերի համար պիտի լիներ գուլագում, բայց փառք Աստծո, եւ ի հեճուկս Եգորյանի, Հայաստանում գուլագ եւ ՆԿՎԴ չկա։ Ինչեւիցե, անցնենք հարցի բովանդակային կողմին։ Ֆրանսիայում, օրինակ, ՆԳՆ-ի մեջ ընդգրկված է ինչպես ոստիկանությունը, այնպես էլ հակահետախուզությունը: Կարող են գնալ՝ ստուգել։ Գերմանիայում էլ է նույն վիճակը, Հոլանդիայում էլ։ Իտալիայում հակահետախուզության ծառայությունը կոչվում է ինֆորմացիայի եւ դեմոկրատիայի պաշտպանության ծառայություն, որը ենթարկվում է ՆԳ նախարարին։ Կանադայում, թեպետ հակահետախուզությունը ՆԳՆ կազմում չէ, սակայն ցուցումները ՆԳ նախարարից է ստանում։ Տարբերությունը շատ քիչ է։ Դիտարկենք Անգլիայի օրինակը։ Այնտեղ եւս հակահետախուզությունը ենթարկվում է ներքին գործերի նախարարին՝ չմտնելով հանդերձ ՆԳՆ կազմի մեջ։ Այսպիսի տասնյակ օրինակներ կարելի է բերել։ Նույնիսկ եթե ինչ-ինչ պարագաներում, ինչին ես խիստ կասկածում եմ, Ազգային ժողովում ոմանց հաջողվի բաժանել տալ հակահետախուզությունն ու ՆԳ մարմինները, միեւնույն է, վստահ եմ, մի քանի տարի անց նորից վերադառնալու ենք այս խնդրին, որովհետեւ այս մարմինների գործունեությունը սերտորեն շաղկապված է։

– Իսկ Վանո Սիրադեղյանն ասում է, որ, ընդհակառակը, դրանք հակասում են միմյանց։

– Ես ծանոթ եմ «Առավոտ» օրաթերթում եղած այդ տեսակետին։ Դա մարդու եզրակացություն է, որ երբեք չի հասկացել ու չի էլ փորձում հասկանալ, թե ինչով են զբաղվում անվտանգության մարմինները։ Եթե Վանոյի կարծիքով անվտանգության մարմինների դերը կամ խնդիրը հեռախոս լսելն է, ի՞նչ ասեմ, չէի սպասում։ Վանոն, որ երկար ժամանակ աշխատել է ՆԳ նախարար, չէի կարծում, թե այդքան անտեղյակ կլինի ազգային անվտանգության խնդիրներին։ Կարծում եմ, որ բոլոր պարագաներում, այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ աշխատել են ազգային անվտանգության համակարգում, իրենց տեսակետները կարտահայտեն։ Մինչեւ հիմա իմ խոսքը հիմնականում վերաբերում էր հակահետախուզությանը։ Բայց անվտանգություն ասելով, հասկանում ենք նաեւ հետախուզություն, առկա են բազմաթիվ այլ ստորաբաժանումներ եւս, ասենք՝ հակաահաբեկչական եւ այլն։ Դրանք պարզապես չեն կարող չլինել որեւէ պետության մեջ։

Ճիշտ է, հետախուզությունը որեւէ երկրում, Ճապոնիայից բացի, չի մտնում այս համակարգի մեջ։ Ես էլ եմ այն կարծիքին, որ, այո, հետախուզությունը պետք է առանձին լինի։ Բայց եկեք տեսնենք, հնարավորություններ ունե՞նք, արդյոք, առանձին հետախուզություն պահելու։ Եթե ժողովուրդն ու պատգամավորները դրա համար առանձին հնարավորություններ գտնելու հեռանկարը տեսնում են, խնդրեմ, հարց չկա։ Բայց բոլորը պետք է գիտակցեն, որ հետախուզությունը դա պարզապես առանձին շենք չէ, այլ մեծ միջոցներ պահանջող կառույց։ Եթե այսօր հայկական հետախուզությունում աշխատում է մի քանի տասնյակ մարդ, ապա վաղը, անջատվելուց հետո, այնտեղ պետք է աշխատի մի քանի հարյուր մարդ, որովհետեւ նրանց հաշվապահ է պետք լինելու, շենքի պահակ եւ այլ կարգի աշխատողներ։ Իսկ թե նրանց միջոցներ որտեղի՞ց ենք տրամադրելու, հայտնի չէ։

– Իսկ այսօր որտեղի՞ց եք տրամադրում։

– Պետք է ասեմ, որ այսօր միջոցներն ընդհանուր են։ Լրացուցիչ միջոց ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։ Եվ երկրորդ՝ երբ միջոցները կենտրոնացվում են, դրանք շատ ավելի արդյունավետ են օգտագործվում։ Մեկ մեքենա ձեռք բերելու համար ավելի շատ գումար է անհրաժեշտ, քան միանգամից գնված 10 մեքենաներից յուրաքանչյուրին տրվելիք գումարն է։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում բյուջեից մեր համակարգին հատկացվող գումարների չափին անդրադառնալու կարիք եւս կա։ Գաղտնիք չէ, որ մեր համակարգին հատկացվելու է 30 մլն դոլարին համարժեք գումար։ Բացի ՆԳ եւ ԱԱ կառույցներից, այդ փողը հատկացվում է նաեւ սահմանապահ զորքերին եւ նախագահի անվտանգության ծառայությանը։ Այլ երկրների համեմատ, մեզանում չնչին միջոցներ են հատկացվում։ Բյուջեի համամասնությունները միանգամայն այլ են։ Հեռուն չգնանք։ Վրաստանի 1998 թ. բյուջեով ՆԳՆ-ին հատկացված է մոտ 60 մլն դոլար (մոտ 80 մլն լարի), իսկ Վրաստանի բյուջեն մոտ է մեկ մլրդ լարիին։ Սրա կողքին պետք է անդրադառնալ, որ այդ երկրում հետախուզությունը, հակահետախուզությունը, նախագահի թիկնազորը եւ սահմանապահ զորքերն առանձին կառույցներ են։

Կարծում եմ, որ այսքանի համեմատությունը ցույց է տալիս իրական պատկերը, ուստի, ամփոփելով խոսքս, ուզում եմ տեսակետ արտահայտել, որ այդ մարդիկ ոչ թե պետք է փորձեն ինչ-որ բան տարանջատել կամ միացնել, այլ մտածեն, թե ինչպես այս համակարգի գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ, որպեսզի 3 կամ 5 տարի հետո հարեւան պետությունների համապատասխան ծառայություններից հետ մնացած չլինենք։ Ես պարզապես երախտապարտ կլինեի այն մարդուն, որը կփորձեր համատեղ ջանքերով նախաձեռնել հետախուզության , կամ ասենք, հակահետախուզության ու ոստիկանության մասին օրենքների նախագծերի մշակման գործը։ Սակայն ընդհանրապես չպատկերացնելով այս մարմինների գործունեությունն ու դերը, հեքիաթներ են պատմում, թե դրանց գործառույթները հակադիր են, նրանցից մեկը հանցագործությունը պարտակող է, եւ այլն, եւ այլն։ Ես ուզում եմ այսպես կարծողներին հարց տալ՝ զանգվածային անկարգություններով զբաղվելը ո՞ւմ գործն է՝ ոստիկանությա՞ն, թե՞ անվտանգության մարմինների։

Նույնը՝ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի մասին։ Կարող եմ տասնյակ այսպիսի հարցեր հնչեցնել, որոնց նկատմամբ պատասխանատվությունն անջատել պարզապես անհնար է։ Հավանաբար, շատերն են այն կարծիքին, որ աշխարհի հզորագույն ծառայություններից մեկն ԱՄՆ-ի Համապետական հետախուզությունների բյուրոն է։ Սակայն պետք է ասեմ, որ այդ ՖԲՌ կոչվածը միաժամանակ ե՛ւ քրեական գործերով է զբաղվում, ե՛ւ հակահետախուզությամբ։ Իսկ ընդհանրապես, ես երախտապարտ կլինեմ այն մարդուն, ով կներկայացնի գոնե մեկ օրինակ՝ Մոզամբիկից սկսած մինչեւ Կանադա, ուր ընդհանրապես հակահետախուզություն գոյություն չունի։ Եթե ասում են՝ սա ավելորդ մարմին է, թող գոնե մեկ երկրի օրինակ բերեն։

– Պարոն Սարգսյան, Ձեր խոսքից պարզ դարձավ, որ իրավապահ մարմինների գործունեությունը կարգավորելու հարցում գոյություն ունի մեծ օրենսդրական բաց, բայց ես որեւէ այլ նախաձեռնություն չեմ հիշում, բացի նրանից, երբ Դուք խորհրդարանում հետ կանչեցիք անվտանգության ծառայությանը վերաբերող օրենսդրական նախագիծը։

– Իրոք, օրենսդրական բացը բավականին մեծ է։ Իմ կարծիքով, պետք է ընդունվի երկու տասնյակ օրենք, որպեսզի կարգավորվի ամբողջ համակարգի գործունեությունը։ Չափազանց կարեւորում եմ ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների, օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքները։ Առանց դրանց՝ աշխատելը շատ բարդ է։ Բնական է, որ դրանց պետք է հետեւեն բազմաթիվ ներգերատեսչական ակտեր։ Մինչդեռ այսօր, որոշ հատվածներում, մենք ղեկավարվում ենք 70-ական թվականների ցուցումներով։ Այլ հնար չունենք։ Ոստիկանությունը չի կարող չղեկավարվել գրավոր ցուցումներով, այլապես աշխատելն անհնար է։ Օրենքների մի հիմնական մասն, իհարկե, արդեն ներկայացված է Ազգային ժողով. հուսով եմ, որ ակտիվ քննարկումներ կլինեն, որպեսզի մինչեւ 2000 թվականն ընդունվի բնագավառին վերաբերող օրենքների ամբողջ փաթեթը։ Դա չափազանց կարեւոր է, դրանով իսկ լուծած կլինենք մեր համակարգին վերաբերող երեք հիմնական խնդիրներից մեկը։ Դրանք են՝ օրենսդրական դաշտի կարգավորումը, կադրերի վերապատրաստումը եւ տեխնիկական զինվածությունը։

Առանց այս երեք խնդիրները լուծելու, չենք կարող ունենալ 21-րդ դարի ոստիկանություն կամ անվտանգության համակարգ։ Հասկանալի է, չէ՞ որ եթե ոստիկանը չունի տեխնիկական միջոցներ, պետք է ազատություն տա ձեռքերին ու ոտքերին։ Ես սա նրա համար չեմ ասում, որ որոշ մարդիկ սկսեն սպեկուլյացիա անել, թե նախարարը թույլատրում է ազատություն տալ ձեռքերին ու ոտքերին։ Սակայն սա փաստ է, որ պետք է ընդունենք։ Եթե մենք չվերապատրաստենք մեր կադրերին, 20 տարի նույն մեթոդներով աշխատելուց հետո նրանք 21-րդ տարին էլի նույն պրակտիկան են կիրառելու։

– Վերջերս մամուլում եւ հեռուստատեսությամբ հակագովազդվում են որոշակի տեսակի հեռախոսներ։ Նախ կուզենայի իմանալ՝ դա ինչի՞ հետ է կապված, եւ երկրորդ՝ Հայաստանում ինչպե՞ս է կարգավորվում հեռախոսների գաղտնալսումը։

– Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն հեռախոսների, այլեւ ռադիոկապի միջոցների մասին է ընդհանրապես։ Խնդիրն այն է, որ ռադիոկապի միջոցները որոշակի հաճախականություններ են օգտագործում, որոնք պետք է հաստատվեն պետական համապատասխան մարմնի կողմից։ Հակառակ պարագայում, եթերում խառնաշփոթ է առաջանում, ու եթե ձեռքի հեռախոսներն, ասենք, աշխատում են նույն հաճախականությամբ, որով օդանավակայանի ռադիոկապը, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ աղետների կարող է հանգեցնել։ Անթույլատրելի է, որ որեւէ մեկի հեռախոսն աշխատի ՆԳ ռադիոկապի հաճախականությամբ։ Պետք է նկատի առնել նաեւ այն հանգամանքը, որ մենք ունենք հարեւաններ։ Ռադիոալիքները թափանցում են նաեւ այլ երկրներ, եւ այդ պատճառով է, որ պետությունների միջեւ հաճախականությունները բաշխված են։ Իսկ ինչ վերաբերում է հեռախոսային գաղտնալսումներին, պետք է ասեմ, որ օրենսդրական բացը նաեւ առնչվում է այս ոլորտին։ Իմ կարծիքով, ցանկացած հեռախոսալսման համար մենք պետք է ունենանք դատարանի սանկցիան։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Իսկ վաղվա համարում կներկայացնենք Սերժ Սարգսյանի տեսակետներն Արմեն Տեր-Սահակյանի խմբի, աղմուկ հանած սպանությունների, իր եւ Վազգեն Սարգսյանի ու Սամվել Բաբայանի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ ՀՅԴ վերջին հանրահավաքում հնչած հայտարարությունների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30