Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ՊՅՈՒՌՈՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ, ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 17,1998 00:00
zorba

Նոյեմբերի 16-ին ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները վերջապես հանգուցալուծման հասան քվեարկություններով։ Այսպիսով, Էդվարդ Եգորյանի հեղինակային տարբերակը համարվող օրինագիծը, որի շուրջ համախմբվել է մեկ տասնյակից ավելի կուսակցություն, ստացավ 72 կողմ, 71 դեմ, 20 ձառնպահ ձայն, իսկ «Երկրապահի» նախագիծը, համապատասխանաբար՝ 96, 7, 3 քվե։

Հիմք ընդունվելուց հետո էլ «Երկրապահի» տարբերակը դրվեց առաջին ընթերցման, եւ էլի հավանության արժանացավ։ Տեղի ունեցածը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք սեփական օրինագծերով հանդես եկած պատգամավորական խմբերի ներկայացուցիչներին։ Իսկ մինչ այդ պատգամավոր Դավիթ Շահնազարյանն «Առավոտին» ասաց.

– Դա «Երկրապահի» պյուռոսյան հաղթանակն էր։

Մեր հաջորդ զրուցակիցը «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանն էր, որին բազմաթիվ շնորհավորանքներ էին ուղղվում քվեարկությունից հետո.

– Որքան տեսնում եմ, ձեր խմբում տրամադրությունները հաղթական են։ Համարո՞ւմ եք, արդյոք, քվեարկության արդյունքները «Երկրապահի» հաղթանակը։

– Չեմ կարծում, թե հաղթանակելու խնդիր կար։ Այստեղ հարցը սկզբունքների վերաբերյալ էր։ Մենք, փաստորեն, բանակցությունների միջոցով մեր սկզբունքները մոտեցնել չկարողացանք, որից հետո, բնականորեն, հարցը տեղափոխվեց Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝ քվեարկության։

Քվեարկության արդյունքներն, իրոք, կարծես, ոգեւորության տեղիք են տվել, որովհետեւ մեր տեսակետն ավելի շատ կողմ քվեներ ստացավ եւ անցավ առաջին ընթերցմամբ։ Բնականաբար, մենք դա հաջողութուն ենք համարում, որովհետեւ Ազգային ժողովը կողմ քվեարկեց այն սկզբունքներին ու մոտեցումներին, որոնք մենք դավանում ենք։

– Իսկ երկրորդ ընթերցման ժամանակ հնարավոր համարո՞ւմ եք բովանդակային փոփոխություններ օրինագծում եւ էական զիջումներ «Երկրապահի» կողմից։

– Երկրորդ ընթերցման ժամանակ զիջում չեմ համարի այն մոտեցումը, որ մեզ համար կշարունակի քննարկելի մնալ ցանկացած հարցադրում։ Մենք պատրաստ ենք Ազգային ժողովում ներկա, ինչպես նաեւ խորհրդարանից դուրս գտնվող բոլոր լուրջ, հավասարակշռված ուժերի հետ բանակցել, քննարկումներ անցկացնել ու ճշտել մոտեցումները։

Էդվարդ Եգորյանի հետ մեր զրույցը սկսեցինք հարցով.

– Հիմա ձեզ պարտված համարո՞ւմ եք։

– Պարտվելու կամ հաղթելու խնդիր մենք չունենք։ Միշտ էլ պարտվողը կամ հաղթողը ժողովուրդն է։ Իմ կարծիքով, ընդունվեց սարսափելի մի ընտրական օրենսգիրք, որի նպատակն է լծակներ տալ իշխող ուժին՝ ամբողջապես ձեւավորել ապագա Ազգային ժողովը։ Իսկ այդ խորհրդարանը ոչ թե «Երկրապահը» պետք է ձեւավորի, այլ եռյակը։ Դա եռյակի օրենսգիրքն է՝ Ռոբերտ Քոչարյանինը, Վազգեն Սարգսյանինը եւ Սերժ Սարգսյանինը, որը, նրանց երեքին, իսկ եթե համաձայնության չգան, նրանցից երկուսին հնարավորություն կտա իրենց գրպանում ունենալ ապագա Ազգային ժողովը։

Ամենից զարմանալին, իհարկե, կոմունիստների վարքագիծն էր (բացառությամբ Լեոնիդ Հակոբյանի)։ Նրանք 11 կազմակերպությունների մեջ էին, որոնք պայմանավորվել էին՝ չպետք է մասնակցենք «Երկրապահի» իշխանական նախագծի քվեարկությանը։ Այդ դեպքում իշխանական նախագիծը չէր անցնում, եւ իսկապես բանակցելու լուրջ հնարավորություններ էին ստեղծվում։

Իսկ «Երկրապահի» զոռբայությունն ի ցույց դրվեց հենց այն պահին, երբ նախագիծը հիմք ընդունելուց անմիջապես հետո անցան առաջին ընթերցմանը։ Դա ակնհայտ զոռբայություն է, որը նշանակում է՝ ընդհանրապես տեղ չթողնել բանակցությունների համար։ Այդ պայմաններում, հակառակ նախնական պայմանավորվածության, կոմունիստների մասնակցությունը քվեարկությանը, անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել, նշանակում է հավանություն տալ իշխանական տարբերակին։

Միգուցե բարին դա էր, որ կոմունիստների այս վարքագիծն ի ցույց դրվեց հենց սկզբից. մշտապես կանգնած ենք այն վտանգի առաջ, որ իշխանություններն ինչ-որ պահի կարողանալու են կոմունիստներին համոզել, թեքել իրենց կողմը։ Դրա վառ արտահայտությունն էին նաեւ վերջին նախագահական ընտրությունները, որոնց ժամանակ կոմունիստներն իրենց պահվածքով ակնհայտորեն սատարեցին Ռոբերտ Քոչարյանին եւ ոչ թե Կարեն Դեմիրճյանին։ Այս անգամ էլ կոմունիստները խախտեցին պայմանավորվածությունը՝ նորից հօգուտ իշխանության։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30