Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան. Փաշինյանի պատասխանատվությունն ավելի մեծ է, քանի որ նրա իշխանության օրոք եւ նրա ընդունած որոշումների անմիջական հետեւանքով է տեղի ունեցել պատերազմը։ Բայց նախկինները շատ հեռու են այս հարցում անմեղ լինելուց.«Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2022 11:33

Հարցազրույց քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ

Ընդդիմադիրները նշում են, թե Փաշինյանը կապիտուլյացիա է ստորագրել, հանձնել Արցախի 75 տոկոսը, այժմ ավարտին է հասցնում գործընթացը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը հանձնել են Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Մադրիդյան սկզբունքները եղել են մեկնարկը։ Ո՞ր կողմն է ճիշտ: Ո՞ւմ մեղքով կորցրինք Արցախը:

– Երկու կողմն էլ ճիշտ են։ Իհարկե, Փաշինյանի պատասխանատվությունն ավելի մեծ է, քանի որ նրա իշխանության օրոք եւ նրա ընդունած որոշումների անմիջական հետեւանքով է տեղի ունեցել պատերազմը։ Բայց նախկինները, անշուշտ, շատ հեռու են այս հարցում անմեղ լինելուց։ Նրանք նպաստել են Արցախի կորստին։ Բայց այստեղ մի ուղղում պիտի անեմ։ Մադրիդյան սկզբունքները որդեգրելով չէ, որ դա արել են։ Նրանք, նրանց հետ միասին Վազգեն Սարգսյանը՝ իր Երկրապահով, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն Արցախը կործանման ուղու վրա դրեցին 1998-ին, երբ վիժեցրին այն ժամանակ սեղանին դրված խաղաղության պլանը։ Սա տրիվիալ ճշմարտություն է։ Այն փաստը, որ այս պնդման հետ տարաձայնությունների իմիտացիաներ կան, ընդամենը մտավախություն է առաջացնում, որ Հայաստանում շուտով կսկսեն սեւ մածուն արտադրել։

Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպեց Թուրքիայի նախագահին, ԱլիեւՄակրոնՄիշելՓաշինյան քառակողմ հայտարարություն տարածեցին, Փաշինյանն ասաց «Հայաստանի համար առաջ գնալու նոր տարածքներ բացվեցին»։

– Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեծ բեկում տեղի ունեցավ Էրդողանի հետ Փաշինյանի հանդիպման արդյունքում։ Փաստն ինքնին հետաքրքիր էր, իհարկե՝ նույնիսկ ողջունելի։ Բայց ինձ համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որեւէ մութ կետ ու լուսաբանման կարոտ խնդիր չկա։ Թուրքիայի դիրքորոշումն ավելի քան հստակ է, եւ այն չի փոխվել 1993-ից. հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց։ Իհարկե, երկու կողմերի միջեւ տարաձայնություններ կան այլ հարցերում եւս, բայց դրանք դիվանագիտական ու առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումը կանխարգելող խոչընդոտներ չեն։ Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը որեւէ սկզբունքային բան այս առումով չի փոխել ու չէր կարող փոխել։ Ինչ վերաբերում է քառակողմ հայտարարությանն ու դրա բացած նոր տարածքներին, թերեւս Փաշինյանի գնահատականը վերաբերում էր նրան, որ հայտարարությունը հղում է անում 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին, որով ԱՊՀ անդամ երկրները ճանաչում էին միմյանց տարածքային ամողջականությունը, եւ որ հայտարարության տակ ստորագրել է Ալիեւը։ Այսինքն՝ Ալիեւը ճանաչում է 29 800 քառակուսի կիլոմետրի վրա Հայաստանի ինքնիշխանությունը, չնայած դեռ դելիմիտացիա պիտի տեղի ունենա, դեռ լուծված չէ անկլավների հարցը։ Փաշինյանը թերեւս գոհ էր նաեւ, որ հայտարարությունը նախատեսում էր դիտորդներ ուղարկել տարածաշրջան։ Ինչպես ռուսներն են ասում՝ чем богаты, тем и рады։

Ֆրանսիայի նախագահը ՌԴ նախագահին մեղադրել էր ադրբեջանահայկական բախումներ հրահրելու մեջ։ Ոգեւորություն առաջացավ։ Ի՞նչ էր սա նշանակում:

– Սա նշանակում է շահագործել Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ առկա դժգոհությունները եւ դրդել հայերին ավելի վճռական գործողությունների։ Ես չեմ կիսում իմ բազմաթիվ հայրենակիցների ոգեւորությունն այս կապակցությամբ, որովհետեւ վստահ չեմ, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանին ապահովագրել այդ վճռական գործողությունների հետեւանքներից։ Քաղցր խոսքերից ու համակրանքի արտահայտություններից չի կարելի ոգեւորվել, եթե դրանք զուգակցված չեն իրական ու անհրաժեշտ մակարդակի աջակցությամբ, իսկ նման աջակցություն ակնկալելու ծանրակշիռ պատճառներ ես չեմ տեսնում։ Երբեմն նույնիսկ այդ դեպքում չի կարելի շատ ոգեւորվել։ Նայեք Ուկրաինային ու հետեւություններ արեք։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31